Քարանձավները բիզնեսի վերածելն անհեթեթ ու վտանգավոր է. araratnews.am
Advertisement 1000 x 90

Քարանձավները բիզնեսի վերածելն անհեթեթ ու վտանգավոր է. araratnews.am

ՀՀ մշակույթի նախարարությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: Այս մասին տեղեկացրել էինք դեռ ապրիլի առաջին օրերին: Զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով վարձակալության կտրվեն Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի տարածքում գտնվող «Արջերի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձքի  տարածքում գտնվող «Քարե դռներ» քարանձավները:

Նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանի՝ վարձակալության մասին հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ հանդես եկավ նախարարության ենթակայության տակ գտնվող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը, որը զգուշացնում էր զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում  ներառված  «Արջերի»  քարանձավ: Հայտարարության մեջ նաև նշված էր, որ ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտնում նաև զբոսաշրջիկների այցելությունները մարզի մյուս` «Մոզրովի» և «Մագելանի» քարանձավներ:

Բնապահպանները ևս հորդորում են զերծ մնալ քարանձավները զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով բիզնեսի վերածելուց, որը կարող է նպաստել որոշակի խնդիրների առաջացմանը: Ագրոէկոլոգ Գալուստ Նանյանն araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայտարարության մեջ նշված քարանձավներից մի քանիսին նշեց, որ դրանք բարվոք վիճակում չեն զբոսաշրջությունը զարգացնելու համար. «Օրինակ` «Մագելանի» և «Մոզրովի» քարանձավները, որոնք այնքան էլ բարվոք վիճակում չեն, հատկապես «Մոզրովի» քարանձավը: 3-4 տարի առաջ այնտեղ տեկտոնական շարժումների հետևանքով փլուզում է տեղի ունեցել, ուստի նպատակահարմար չէ այդ ձևով քարանձավը վարձակալության տալ որևէ կազմակերպության կամ անձի, որը տարածքը վերցնում է բիզնեսի համար»:

Մտահոգիչ է նաև «Թռչունների» քարանձավը, որը նույնպես ցանկանում են վարձակալության տալ. «Հնագետներն էլ անհեթեթություն են համարում մշակույթի նախարարության այդ որոշումը, որ քարանձավները վարձով են տալիս: Նրանք հատկապես անհանգստացած են «Թռչունների» քարանձավի համար, քանի որ այնտեղ տարիներ առաջ հայտնաբերվեց ամենահին կոշիկը, և հնագետները պետք է շարունակեն ուսումնասիրությունները: Հնագետների  կարծիքով՝ զբոսաշրջիկների այցելությունը կարող է բերել հուշարձանի ոչնչացմանը և վատթարացմանը: Իսկ ինչ վերաբերում է «Մագելանի» քարանձավին, ապա այնտեղ  բնադրված են երեք-չորս տեսակի չղջիկներ, որոնց պահպանության համար ևս զբոսաշրջիկների այցելությունը վտանգավոր կլինի, կվատթարանա նրանց բնականոն պոպուլյացիան, քանի որ այդ չղջիկները վերջին տարիներին նոր-նոր սկսել են իրենց լավ զգալ: Եվ դրանք այն տեսակներն են, որոնք Հայաստանում, նաև տարածաշրջանում, էնդեմիկ են համարվում»:

Գալուստ Նանյանի խոսքով` եթե այնուամենայնիվ ցանկանում են ի հաշիվ քարանձավների Հայաստանում զարկ  տալ զբոսաշրջությանը, ապա պետք է ստեղծվեն այդ քարանձավների նմանակները. «Աշխարհում շատ դեպքեր կան, որ մեծարժեք քարանձավները, ինչպես  նաև բնապահպանական և մշակութային արժեք ներկայացնող վայրերը, որտեղ պետությունը ցանկանում է զբոսաշրջություն զարգացնել, ապա ստեղծում է դրանց պատճենները, իսկ օրիգինալը պահում են պետության պահպանության տակ: Իսկ եթե մենք համապատասխան միջոցներ չունենք, ուրեմն թող մտածեն, թե ինչ է պետք անել: Որովհետև եթե ցանկանում են քարանձավը վարձակալության հանձնել բիզնես նպատակով, այնտեղ կարող են բիստրոներ բացել, սրճարաններ»:

Ինչ վերաբերում է «Մոզրովի» քարանձավին, Նանյանն ընդգծեց, որ այնտեղ մի քանի տարի առաջ փլուզում է եղել, և չի բացառվում, որ նորից կարող է լինել. «Երբ նախարարությունը «Մոզրովի» քարանձավի մասին նման որոշում է կայացնում, նախարարը կարո՞ղ է մտնել այդ քարանձավ, որ վարձակալության է տալիս ինչ-որ մեկին, որ մարդն էլ այնտեղ զբոսաշրջություն զարգացնի: Ուղղակի ծիծաղելի է. այնտեղ տարիներ առաջ տեկտոնական շարժման հետևանքով փլուզում է տեղի ունեցել, ու չի բացառվում, որ մարդկանց խմբով տանեն, նորից փլուզում լինի: Այդ ժամանակ պատասխանատվությունն ո՞վ է ստանձնելու, նույն այդ նախարարը պատասխանատվությունը կվերցնի՞ իր վրա»:

Նշենք նաև, որ, ինչպես նշեց մեր զրուցակիցը` բնապահպանները պատկան մարմիններին նաև պահանջ են ներկայացնելու, որ վերոնշյալ հայտարարության մեջ ընդգրկված որոշ քարանձավներ դասվեն բնության երկրաբանական հուշարձանների շարքին:

Էմմա Հովսեփյան

araratnews.am