Հայ արիներն այս տարի ավանդական զատիկը նշում են ապրիլի 15-ին՝ երկու միջոցառումներով: Առաջին միջոցառումը Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման անդամները անցկացրեցին Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում՝ ճիշտ արևածագին:
Հայ Արիական Միաբանության Հոգևոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Աստվածամորն ուղղված ծես արեցին և փառաբանեցին Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը, զատում է բնության գույները: Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն առանձնակի շուքով են նշում այս տոնը. զատկական ձվերն ինչքան գունեղ՝ այնքան բերքն առատ կլինի, կաթնահունցն ինչքան համեղ, տարին այդքան ուրախ կլինի, քաղցրանուշն ինչքան շատ, տարին այդքան լիառատ կանցնի…
Ինչպես տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ծիսական արարողությունից հետո ձվախաղ կազմակերպեցին, որն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն և ի փառս Հայ Աստվածների և Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման և ծաղկունքի:
Ապրիլի 15-ի օրվա երկրորդ կեսին կսկսվի երկրորդ միջոցառումը: Հետաքրքիր մի զուգադիպությամբ այս տարի հայ արիականները 15 նոր ընտանիքներ են կազմել, 15 օջախներ են ստեղծվել: Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ հերթով կայցելեն բոլոր 15 օջախները՝ 6-ը Երևանում, 2-ը՝ Արմավիրի մարզում, 1-ը՝ Գեղարքունիքում, 1-ը՝ Արագածոտնում, 1-ը՝ Վայքում, 4-ը՝ Արարատում:
Մայր Անահիտը նաև բերքատվության և ամենայն բերրիության, պտղաբերության և մայրության Աստվածուհին է, և քրմերը Հայոց Աստվածամորը կդիմեն՝ այդ ընտանիքներին բազմազավակություն ու բարեկեցություն մաղթելով՝ ազգը հայոց բազմացնելու և զորացնելու սրբազան պատասխանատվությամբ:
Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: Եվ թող հայ կինը նախևառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Թող հայ կին տեսակը ինչպես նախկինում՝ այսուհետ էլ լինի հայ տղամարդ տեսակի զորության սնուցողը, սիրո և նվիրումի մարմնացումը, հանուն և վասն հայ օջախների շենացման, հայի առաքելության հաղթանակի ու Հայաստանի ամբողջականացման և զորեղացման…
Ապրիլի 18-ին բոլոր ընտանիքները կհավաքվեն Երևանում՝ Հայ Արիական Միաբանության գրասենյակում՝ արդեն միասին շարունակելու Մայր Անահիտի փառաբանության տոնը: