Անի Զախարյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին
Advertisement 1000 x 90

Անի Զախարյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

«Բաց նամակ Սերժ Սարգսյանին և հայրենակիցներիս․․․

Ամիսներ առաջ ՀՀ կառավարության ղեկավարի փոփոխությունը և նրա դրական կերպարը ինձ համար ազդակ հանդիսացավ, որպեսզի վերանայեմ վերաբերմունքս գործող ղեկավարության նկատմամբ և առողջ քաղաքական երկխոսության շրջանակներում քաղաքակիրթ կերպով վեր հանեմ բոլոր այն իրավական հիմնախնդիրները, որոնք թույլ չեն տալիս մեզ լիարժեք պետություն կայացնել։

Այդ իրավակ հիմնախնդիրներից առաջնայինը իրավապահ համակարգի անմխիթար իրավիճակն էր և այն անօրինական գործելաոճը, որը որդեգրել էր այդ համակարգը ոստիկանապետ Վովա Գասպարյանի պատասխանատվության ներքո։ Հատուկ ուշադրություն հրավիրեցի այն փաստի վրա, որ 2 անգամ քաղաքացիական խաղաղ պայքարի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են զանգվածային ապօրինություններ, զանգվածային հակաիրավական քայլեր ուղղված հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ և այդ ամենը ենթադրում է իրավական պատասխանատվության կիրառում համակարգը ղեկավարող անձի նկատմամբ։

Ցավոք, մինչ օրս պատասխանատուները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև հանրությունը ականատեսը չի լինում համակողմանի իրավական հետաքննության՝ կապված ոստիկանների կողմից Խորենացի փողոցում տեղի ունեցող վայրագությունների բացահայտման և դրա փոխարեն ոստիկանության օրվա կապակցությամվ դրվատանքի խոսքեր են շռայլվում մի ոստիկանական համակարգի նկատմամբ, ով մոտ մեկ տարի առաջ սեփական քաղաքացիներին զանգվածային խոշտանգում էր։ ՀՀ ղեկավարի այսօրինակ անգործությունը տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, այսօրինակ մատների արանքով և տնավարի վերաբերմունքն անընդունելի է ինձ համար և ենթադրել է տալիս, որ երկրի ղեկավարը չունի պատրաստակամություն երկրում արմատական արժեհամակարգային փոփոխություններ իրականացնելու՝մինչդեռ ապրիլյան քառօրյան և Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան այլ բան են թելադրում։

Այս ամենը ինձ հուշում է, որ Հայաստանը թևակոխում է իմիտացոն «բարեփոխումների» հերթական քաղաքական շրջափուլ՝ առջևում ունենալով պատերազմական իրավիճակի սրման լուրջ մարտահրավերներ, արտաքին պարտքի թվաբանական պրոգրեսիայով աճող տեմպեր, տնտեսական լուրջ հիմնախնդիրներ, դեռևս անհանգստացնող սահմաններում տատանվող ազգաբնակչության աղքատության ցուցանիշ և ամենակարևորը երկրի ղեկավարի կողմից սահմանադրության լիարժեք իրացման անգործություն, ինչը ենթադրում է բարոյական-իրավական պատասխանատվության կաչնում արդեն երկրի ղեկավարի նկատմամբ։

Այժմ արդեն նոր սահմանադրություն, որի հիմնադրույթները շարունակում են լոկ թղթի վրա գրված դատարկ տողեր մնալ։ Հասկանալի է, մեր քաղաքական իրավիճակը, գործող ղեկավարությանը կուլիսներում բացառապես ամբողջությամբ սպասարկող «ընդդիմությունը», հասարակության անգիտակից և անբարոյական հատվածի առկայությունը, մտավորականության բացակայությունը ձեզ թույլ է տալիս պետությունը վերածել բառդակ հիշեցնող տնավարի հարաբերությունների մի ամբողջության, սակայն պարտավոր եմ ձեզ զգուշացնել, որ երկրում կա քաղաքական գործիչ և համոզված եմ, որ կան նաև հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն հանդուրժում այս հակաիրավական բառդակը, որ մեզ մատուցվում է որպես իրավական պետություն։

Ես՝ Անի Զախարյանս ՈՉ եմ ասում այս ամենին և այսուհետ իմ վերաբերմունքը երկրի ղեկավարի նկատմամբ կլինի համարժեք»։



Նման նյութեր