Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Անտոնի Բարսամյանը և ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը The Hill պարբերականում հրապարակել են «Հայոց ցեղասպանություն. սկսելով այնտեղից, որտեղ Ռեյգանն ավարտեց» վերտառությամբ հոդված: Հոդվածագիրներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ներկայացրել տարբեր փաստեր և հույս հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունն ու կճանաչի 1915-ի թվականին տեղի ունեցածը:
«36 տարի առաջ նախագահ Ռեյգանն արեց այն, որը չի համարձակվել անել որևէ նախագահ: Նա օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը` անդրադառնալով 1915-1923 թվականներին տեղի ունեցած դաժան դեպքերին. հայ ժողովրդի համակարգված ոչնչացում թուրք-օսմանների կողմից: Այդ դաժան իրադարձությունը ոչնչացրեց շուրջ 1,5 մլն և տեղահանեց 500 հազար հայի, որը մինչև ցեղասպանությունը եղած հայերի մեկ երրորդն էր: Այսօր աշխարհում սփռված հայերը 10 միլիոն են, որից 1,5 մլն-ը բնակվում է ԱՄՆ-ում: Եվ ոչ ոք չի արել ավելին, քան ԱՄՆ-ը: 1918 թվականին Մերձավոր Արևելքում հիմնադրամի ձևավորումÕ ¨ տեղի է ունեցել դեսպան Հենրի Մորգենթաուի պնդմամբ, որպեսզի վերջ տրվի հայ ժողովրդի լիակատար ոչնչացմանը: Մինչև 1930 թվականը հիմնադրամը ցուցաբերել է 117 մլն դոլարի օգնություն, որն այսօրվա պայմաններում հավասարազոր է 1,25 մլրդ դոլարի: Իրականացված ծրագրերի արդյունքում փրկվել են բազմաթիվ հայեր, հույներ և սիրիացի փախստականներ, այդ թվում 132 հազար որբ` Թբիլիսիից մինչև Կոստանդնուպոլիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել են հոդվածագիրները:
Նրանք հիշեցրել են, որ հայերը 20-րդ դարում եղել են ամենամեծաթիվ փախստականները, և ցավով հավելել, պատմությունն այսօր կրկնվում է. Սիրիայից մինչև Սուդան. շուրջ 65 մլն մարդ փախչում է` ելնելով իր անվտանգությունից:
«Ճշմարտությունն ընդունելու անկարողությունը վտանգավոր սխեմա է, բայց այն մոռանալն ավելի վատ է: Այս ըմբռնումը չի կորցրել անգամ Ադոլֆ Հիտլերը, ով ցեղասպանության մասին ակնարկել է 1939-ին` Լեհաստանում: Նա հրամաններ էր արձակում իր՝ այսպես կոչված «մահվան ստորաբաժանումներին», որպեսզի նրանք լեհ տղամարդկանց, կանանց և երեխաներին սպանեն առանց խղճահարության` նշելով, որ միայն այդ դեպքում իրենք կստանան կյանքի անհրաժեշտ տարածություն: «Այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»,- ասում էր Հիտլերը: Բայց Հիտլերը սխալվում էր իր գնահատականնե րում, և շատերն էին հիշում հայերի մասին: Ռաֆայել Լեմկինը 1941 թվականին ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը` անդրադառնալով հայերին: 1951 թվականին Միացյալ Նահանգները Միջազգային դատարանում հիշատակեց բռնի գործողությունները ցեղասպանության զոհերի դեմ` ընդգծելով. «Ցեղասպանություն տեղի է ունեցել մարդկային պատմության ողջ ընթացքում. քրիստոնյաների հետապնդումները Հռոմեական կայսրությունում, թուրքերի կողմից հայերի ջարդերը, միլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը նացիստներից կողմից հանդիսանում են ցեղասպանության վառ օրինակներ»:
Նախագահ Ռեյգանը գիտակցեց անցյալը հիշելու կարևորությունը, որքան էլ այն քաղաքականապես դժվար լիներ: Նա այդ մասին հիշատակեց 1981 թվականին` հայտարարելով. «Հայերի ցեղասպանությանը հաջորդել են կամբոջացիների ցեղասպանությունը, մի շարք այլ ժողովուրդների նկատմամբ հետապնդումները, Հոլոքոստի դասերը երբևէ չպետք է մոռանալ»»,- նշված է հոդվածում: Անտոնի Բարսամյանի և Նուբար Աֆեյանի կարծիքով՝ Ռեյգանը հասկացել էր այդ հարցը պահպանելու կարևորությունն այն պարագայում, երբ մյուսները որոշել էին այն հասցնել նվազագույնի կամ այն օգտագործել սեփական օրա կարգն առաջ մղելու համար:
«Սկսած նախագահ Ռեյգանից, երկու կուսակցությունների (հանրապետականներ ու դեմոկրատներ) նախագահների թեկնածուները պարբերաբար անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և խոստացել, որ ընտրվելու դեպքում կճանաչեն այն: Բայց ցավոք, քաղաքական զգայունությունը դարձել է գերակայություն, երբ այդ թեկնածուները զբաղեցրել են այդ պաշտոնը: Որոշ նախագահներ դա անվանել են «կոտորած», «ահավոր ողբերգություն» և «զանգվածային ողբերգություն», բայց ոչ ոք չկարողացավ այն կոչել իր անունով` ցեղասպանություն: Համեմատելով բազմաթիվ խնդիրներ, որոնք ծառացան են ընտրված նախագահների առջև, հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը կարող է թվալ շատ փոքր, բայց պատմությունը պահանջում է ճիշտ հաշվարկ: Որոշները նախագահ Թրամփին համեմատում են նախագահ Ռեյգանի հետ, հատկապես այն ժամանակ, երբ նա խախտում է «հին կարգը»: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, եկեք հույս հայտնենք, որ Թրամփը կկարողանա սկսել այնտեղից, որտեղ ավարտել է Ռեյգանը 36 տարի առաջ»,- նշված է հոդվածում: