
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա – Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ այս ծրագիրը նպատակ ունի տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը և այն շրջանցիկ ճանապարհ է, որի շարունակությունը ձգվում է Սիլիկյան թաղամասից դեպի Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ: «Դավիթաշեն վարչական շրջանում մոտ օրերս կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,-ասաց քաղաքապետը, հավելելով, որ Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհին` Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամուրջ կկառուցվի, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին:
Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մասը կազմող նոր ճանապարհի հիմնական նպատակն է տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը:
Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ: