Բասկերն այնքան հայ են, որ նույնիսկ բախտն է հայկական. ռեժիսոր Արտակ Ավդալյանը՝ բասկեր-հայեր առնչությունների մասին
Advertisement 1000 x 90

Բասկերն այնքան հայ են, որ նույնիսկ բախտն է հայկական. ռեժիսոր Արտակ Ավդալյանը՝ բասկեր-հայեր առնչությունների մասին

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը կինոռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ, ով բազմաթիվփաստավավերագրական ֆիլմերի, հաղորդումների, տեսահոլովակների հեղինակ է:

-2010 թ. Դուք նկարահանել եք փաստագրական ֆիլմ հայերի և բասկերի նմանությունների մասին: Ինչպե՞ս ծագեց նման ֆիլմ ստեղծելու գաղափարը:

– Մինչև բասկագետ Վահան Սարգսյանին հանդիպելը ես շատ քիչ բան գիտեի բասկերի մասին: Հիշում եմ՝ պատանի հասակում մի անգամ դիտում էի Յուրի Սենկևիչի «Ճանապարհորդների ակումբ» խորհրդային տարիներին հայտնի հեռուստահաղորդումներից մեկը, որի ժամանակ ցույց տվեցին հայկական տարազի նման հագուստ հագած մի ազգի, որոնց և՛ պարը, և՛ պարեղանակը քոչարի էր հիշեցնում: Խոսքը բասկերի մասին էր: Ես շատ զարմացած էի:

Եվ ահա շատ-շատ տարիներ անց ինձ զանգահարում է իմ շատ լավ ընկեր Դավիթ Ասլիկյանը (ով ֆինանսավորեց այդ ֆիլմը), ասում, որ նստած են բասկագետ Վահան Սարգսյանի հետ, որ հայերի ու բասկերի առնչությունների մասին ֆիլմ նկարելու գաղափար կա, և եթե դա ինձ հետաքրքրում է, ապա կարող եմ գալ: Իհարկե, դա ինձ շատ հետաքրքիր էր, մանավանդ որ արդեն փաստագրական ֆիլմեր ունեի նկարած հայերի, հայոց պատմության, իմ ազգի արմատների վերաբերյալ: Արդյունքում երեքով գնացինք Իսպանիա, Ֆրանսիա՝ Բասկերի երկիր՝ տեղում նկարահանումներ անելու: Վահանն արդեն բազմիցս եղել էր այնտեղ, ուսումնասիրություններ էր կատարում, բասկերենից հայերեն, հայերենից բասկերեն գրքեր թարգմանում հենց Բասկերի երկրի ֆինանսավորմամբ:

– Բասկերի երկրում ո՞րն էր Ձեր առաջին տպավորությունը:

– Ես աշխարհի բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց այսպիսի մաքուր, քաղաքակիրթ մարդկանց դեռ չէի հանդիպել: Նույնիսկ Ֆրանսիայի և Իսպանիայի մյուս շրջաններում մարդիկ այդքան մաքուր, քաղաքակիրթ, ջերմ, բարեհաճ չէին, ինչքան այստեղ: Մենք ականատես եղանք ազգային երգի-պարի մի մեծ տոնախմբության, այնտեղ նաև ուժային մրցումներ էին անցկացվում (մեծ քարեր, գերաններ էին գլորում): Այնտեղ հատուկ մարդիկ կային՝ ձեռքներին աղբամաններ, որոնք հետևում էին մաքրությանը: Բայց նրանք անգործ էին, որովհետև ոչ ոք գետնին աղբ չէր նետում: Նույնիսկ ես տեսա, թե ինչպես պապն իր մոտ երեքամյա թոռնիկին ցույց տվեց աղբամանը, որ նա գնա և կոնֆետի թուղթը այնտեղ գցի: Ոչ թե թուղթը ձեռքից վերցրեց պապը, այլ երեխային աղբամանի տեղը ցույց տվեց:

Իրոք, արտաքուստ նրանք շատ նման են հայերին: Ինչպես ասացի, ես շատ եմ ճամփորդել և միշտ էլ տարբեր ազգերի մեջ կարողացել եմ ենթագիտակցորեն, թե այլ կերպ (գենետիկ կանչով) զգալ, որ դիմացից հայ է գալիս: Բասկերի երկրում էր, որ ասում էի՝ սա հայ է, ասում էին՝ ո՛չ, բասկ է: Նրանք իրոք հայի են նման՝ մարդաբանությամբ, աչքերի արտահայտությամբ, խոսելաձևով, շարժումներով, քայլվածքով և այլն: Այնքան հայ են, որ նույնիսկ բախտն է հայկական: Օրինակ՝ մեծ, հզոր Հայաստանից մնացել է 30 000 քառ.կմ, նույնն էլ Բասկերի հզոր երկրից մնացել է 30 000 քառ.կմ: Բասկերն իրենց երկրում 3 մլն են, իսկ սփյուռքը՝ մոտ 20 մլն, որոնք հիմնականում ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, որտեղ բանկային համակարգը բասկերի ձեռքում է:

– Իսկ ինչպիսի՞ն է լեզունՀայերենին նմա՞ն է:

– Լեզվի մեջ շատ ընդհանրություններ կան, նույնիսկ այն աստիճան, որ փոխադարձ հասկանալի էր: Օրինակ՝ կտրտել, ճմրթել, հուռթի, որդի, քար, սար, Հայա: Նույն տեղանուններն ունեն՝ Արալեռ (նրանք ասում են՝ սա Արարատ լեռան պատվին է), որի ստորոտով հոսում է Արաքս գետը, Դեբեդ, Եփրատ, Ուրմիա, «ոսկի»-ով շատ տեղանուններ ունեն: Իրենք իրենց ոչ թե «բասկ» են անվանում, այլ «էուսկալտու», «էուսկ»-ը դա «ոսկի»-ն է, «կալտու»-ն՝ «կալարած», «ունեցող»: Մենք ասում ենք՝ «դաշտավայր», իրենք ասում են՝ «ծավալատեղիա», լրիվ հասկանալի է, չէ՞: Նրանք ունեն հայերենի բոլոր հնչյունները, բայց այբուբենը լատինատառ է: Բայերի հոլովումը հայերենի նման է, նրանց մոտ էլ է «չ»-ն ժխտական մասնիկ, «ք»-ն հոգնակին արտահայտելու համար է: Ըստ բասկերի լեգենդների, ինչպես նաև գիտական հետազոտությունների, իրենք եկել են Հայաստանից 5000 տարի առաջ:

– Իսկ ինչո՞ւ մինչև հիմա մարդիկ «Բասկեր և հայեր» ֆիլմից տեղյակ չենինչո՞ւ այն չի հեռարձակվելչնայած 2010-ից պատրաստ է:

– Այո՛, ցավոք, ինչ-ինչ պատճառներով շատ քիչ մարդ է դիտել այս 40-րոպեանոց վավերագրական ֆիլմը: Մի քանի տարի առաջ մահացավ Վահան Սարգսյանը, իսկ պրոդյուսերն էլ որոշ խնդիրներ ունի:

– Միգուցե Վահան Սարգսյանի հիշատակին այդ ֆիլմը հեռարձակվի՞ մոտ ժամանակներս:

– Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ ահռելի աշխատանք է կատարվել, և ֆիլմն իր մեջ պարունակում է բավականին հետաքրքիր տեղեկատվություն, ինչն իրոք կարևոր և ուրախալի է մեզ՝ հայերիս համար:

– Իսկ այժմ ինչի՞ վրա եք աշխատում:

– Աշխատում եմ Ուրարտուի մասին շատ մեծ փաստագրական ֆիլմի վրա պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ, ում հետ արդեն մի շարք պատմական ֆիլմեր ենք պատրաստել՝ «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Երևան՝ Հռոմից հին մայրաքաղաք»: Փորձում ենք ամբողջ աշխարհին և առաջին հերթին մեզ ապացուցել, որ Ուրարտուն հայկական թագավորություն էր: Ուրարտու բառը սխալ է թարգմանվում: Չէ՞ որ սեպագրերը ձայնավոր չեն ունեցել, իսկ միայն բաղաձայնով գրված է՝ «րրտ», որ կարդացվում է «Արարատ»:

– Դուք նաև մտադիր եք Մաշտոցի մասին ֆիլմ նկարահանել:

– Մի քանի տարի գրել եմ սցենար Մաշտոցի և գրերի գյուտի մասին, արդեն կատարվել է դերասանների մի զգալի մասի, տեղանքի 60-70%-ի ընտրությունը, պատրաստվել են զգեստները: Արդեն պատրաստ էինք նկարահանումների, սակայն խոստացված ֆինանսներն ուշացնելու պատճառով նկարահանումները սառեցված են: Շատ ցավալի է, որ նման կարևոր ֆիլմի նկարահանման համար ֆինանսներ հայթայթելը շատ բարդ է, իսկ ինչ-որ անհասկանալի կատակերգությունները լուրջ ֆինանսավորում են գտնում առանց դժվարության:

– Մանավանդ որ մինչև հիմա մենք Մաշտոցի մասին ֆիլմ չունենքմինչդեռ այբուբենի վերականգնումը մեր ժողովրդի համար ամենակարևոր պատմական փաստերից է:

– Մեր ֆիլմը ոչ միայն տառերի գյուտի, հայկական այբուբենի վերականգնման մասին է: Ֆիլմի գերխնդիրն է՝ երբ երկրի աշխարհիկ առաջնորդը՝ թագավորը, հոգևոր առաջնորդը՝ կաթողիկոսը և մտավորականն ու զինվորականը (ի դեպ, Մաշտոցը, մինչև հոգևորական դառնալը շատ հայտնի զինվորական է եղել) լծվում են մի ազգապահպան գործի (ազգին վերադարձնել գրավոր հայերենը), միավորվում են, չլուծվող հարց չի լինում: Հիմա էլ, եթե ազգի առջև դրվեն լուրջ խնդիրներ, անպայման հարկավոր է այս երեք ուժերի միասնությունը:

Ես ո՛չ լավատես եմ, ո՛չ էլ հոռետես, բայց համոզված եմ, որ գալու է մի օր, երբ այն ազգապահպան գաղափարներն ու ծրագրերը, որոնք ես և իմ նմանները տարիների ընթացքում մշակել ենք, կիրականացվեն, իսկ առանց բարերարների մենք ոչինչ անել չենք կարող: Հուսով եմ, մի գեղեցիկ օր մեր կողքին կհայտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կհասկանան, որ Մաշտոցի մասին ֆիլմը կարևոր է, և իրենց աջակցությունը կառաջարկեն՝ նման նախագիծն առաջ տանելու համար:

magaghat.am



Նման նյութեր