Արձանների մաքրման աշխատանքները տեխնիկական առումով ոչ միշտ են խրախուսվում. Մշակույթի նախարարություն
Advertisement 1000 x 90

Արձանների մաքրման աշխատանքները տեխնիկական առումով ոչ միշտ են խրախուսվում. Մշակույթի նախարարություն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի կարծիքով՝ հուշարձանների մաքրման աշխատանքները չպետք է լինեն պարտադիր ծրագրավորված: Դրանց մաքրումը երբեմն կարող է բացասական հետևանք ունենալ: Այնուամենայնիվ, նախարարության հետ համաձայնությամբ՝ համայնքները երբեմն իրականացնում են մաքրման աշխատանքներ: Վերջին աշխատանքները տեղի են ունեցել 1­2 տարի առաջ: Այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Ներկայումս հուշարձանների մաքրման, լվացման աշխատանքներ արվում են ոչ կայուն մոտեցմամբ: Մշակույթի նախարարությունը չունի բյուջետային պլանավորված հստակ ծրագրեր, բայց դրանք համայնքների կողմից երբեմն մաքրվում են: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանն ուներ «Մաքուր Երևան» ծրագիրը: Նախարարությունը ևս համագործակցեց, որպեսզի աշխատանքները լինեն մեթոդապես ճիշտ լուծումով: Աջակցություն ցուցաբերեցինք մասնագետներ ուղարկելով: Շատերն ուզում են հուշարձանները մաքրել սովորական ջրով, բայց դրանք պետք է մաքրել առնվազն թորած ջրով, նյութերով: Սակայն ոչ միշտ են մաքրման աշխատանքները խրախուսվում զուտ տեխնիկական առումով: Օրինակ՝ տուֆի մաքրումը կարող է հանգեցնել նյութի կարծրացած մակերեսների թուլացման, ինչը խոցելի է դարձնում շինությունը»,­- ասաց Արմեն Աբրոյանն ու նշեց՝ ոչ բոլոր դեպքերում է, որ հուշարձանը պետք է մաքուր երևա:

Նրա խոսքով՝ վերջին անգամ մաքրման աշխատանքներ եղել են 1­2 տարի առաջ: Նախարարությունը թեև քիչ բյուջեով, բայց ունի նաև հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ծրագիր: Վերականգնողական աշխատանքների ընթացքում հաշվի են առնվում կոնսերվացումը, մաքրումը, իսկ բուսական գոյացությունների մաքրումն արվում է ամեն տարի: