Բիբլոս քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել
Advertisement 1000 x 90

Բիբլոս քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

Լիբանանի Բիբլոս  քաղաքում ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Վրձինով կմերժենք և կպահանջենք…» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Թեքեյան մշակութային միությունը, Լիբանանում ՀՀ դեսպանության և Բիբլոսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով իր գոհունակությունը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Բիբլոսի պես հնամենի քաղաքում, որն ունի հազարամյակների պատմություն։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, արվեստագետներին և Բիբլոսի քաղաքապետին, վստահություն հայտնեց, որ նման ձեռնարկները նոր դռներ կբացեն երկու բարեկամ պետությունների միջմշակութային երկխոսության համար։

Դեսպանն ավելացրեց, որ քաղաքակիրթ հանրությունը ճիշտ գնահատական պետք է հնչեցնի նմանատիպ բոլոր հանցագործություններին, մերժի ժխտողականությունը, հասնի պատմական արդարության վերականգնմանը:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ նաև բարեկամ ժողովուրդների պատմական անցյալին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի պատմության ամենածանր և օրհասական պահին Լիբանանը բազմահազար հայրենազրկված հայերի համար դարձավ փրկության փարոս:

Ելույթներով հանդես եկան նաև Բիբլոսի քաղաքապետ Զիադ Հաուաթը և Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանը։

Ցուցահանդեսին ներկայացված են Լիբանանցի 24 գեղանկարիչների աշխատանքներ, ովքեր իրենց ստեղծագործություններով դատապարտում են Հայոց ցեղասպանությունը։ Ցուցահանդեսի նպատակն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, բարձրացնել հասարակայնության շրջանում իրազեկվածության մակարդակը, նպաստել մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչմանը և դատապարտմանը։