Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել: Ինչպես տեղեկացրին Անթիլիասի Մայրավանքից, ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքից դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան քայլարշավ էր կազմակերպել, որին մասնակցում էին լիբանանյան տարբեր կուսակցությունների, երիտասարդական և ուսանողական կազմակերպություննե րի ներկայացուցիչներ:
Ցեղասպանության 102-ամյակը ոգեկոչող միջոցառումներ են տեղի ունեցել նաև Մեհրապում:
«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ոճիր է: Հայ ժողովուրդը 20-րդ դարում գործած ցեղասպանության առաջին զոհն է և շարունակում է արդարություն պահանջել, մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականություն վարել»,- իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ հավելելով, որ հնարավոր չէ մոռանալ կամ թաղել իրականությունը: «Ազգը չի մեռնի, եթե կյանքի նկատմամբ հավատք ունի, անցյալի նկատմամբ հավատարմություն, իսկ ապագայի նկատմամբ էլ տեսլական է»,- նշել է Վեհափառ Հայրապետը:
Անդրադառնալով Օսմանյան կայսրության իրագործած կոտորածներից հետո հայերի կյանքում լիբանանցիների ունեցած դերին, Վեհափառը նշել է, որ նրանք օրինակելի կերպով, արտակարգ հյուրընկալությամբ իրենց հարկի տակ ընդունել են օսմանյան նախճիրից ճողոպրած հազարավոր հայորդիների: «Հայերի վերածնունդը սկսվել է Լիբանանում, և հենց այդ պատճառով է, որ Լիբանանն իր հատուկ տեղն ու դերն ունի աշխարհի տարբեր ծայրերում ցրված հայորդիների սրտի մեջ»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ իր ծնողները ևս ցեղասպանությունից փրկվածներ են: «Հայրս ասում էր, որ լիբանանցի լինել չի նշանակում լիբանանյան անցագիր ունենալ: Լիբանանցի լինելը հրավեր է և հանձնառություն` հանուն ազատ և գերիշխան Լիբանանի և կհատկանշվի համերաշխությամբ և բազմազանությամբ»,-ասել է նա:
Եզրափակելով իր խոսքը` Վեհափառ Հայրապետն ասաց, որ ապրիլի 24-ը մարտահրավեր է արդարությանը, մարդու արժանապատվությանն ու իրավունքների պաշտպանությանը: