«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը:
-Պարոն Շարաֆյան, դրսից գնահատելով հետընտրական Հայաստանը՝ ի՞նչ տպավորություն ունեք:
-Ոչ մի տպավորություն, ես իմ աչքով չեմ տեսել, որ գնահատական տամ: Պիտի խոսեմ՝ հենվելով բամբասանքների վրա, իսկ ես չեմ ուզում զբաղվել բամբասանքներով, առավել ևս քաղաքականությամբ: Մինչև օրս ես չեմ կեղտոտվել և հիմա առավել ևս չեմ ուզում կողտոտվել:
-Վարչապետը պարբերաբար դիմում է սփյուռքահայերին՝ գալ Հայաստանում քաղաքական, մշակութային, սոցիալական տարբեր ոլորտներում ներդրում անել: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է սա դրսում բնակվող հայերին գայթակղում, որքանո՞վ եք իրատեսական համարում:
-Շատ լավ միտք է, բայց պետք է անհատական հրավեր լինի և կոնկրետ նշվի, թե ինչի համար, որ ասպարեզում և որտեղ: Այստեղ կան լավ մասնագետներ, բժիշկներ, փաստաբաններ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ կան, բայց Հայաստանից լինի կոնկրետ անձանց հրավեր կոնկրետ աշխատանքի և կոնկրետ գործունեության համար: Իմիջիայլոց, ես շատ դրական կարծիք ունեմ վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ: Պետք է հաշվի առնել, որ նա եղել է Ռուսաստանում Գազպրոմի նախագահի տեղակալ: Ես հետևում եմ նրա գործունեությանը, նա պինդ տղա է, եթե իհարկե չկոտրեն, չթուլացնեն նրան: Մինչև օրս փորձում են կոտրել, չի ստացվում, նրան փրկում է իր հումորը, նա հումորով տղա է:
-Պարոն Շարաֆյան, եթե հասցեական առաջարկներ լինեին, նաև Ձեզ հետաքրքիր առաջարկ լիներ, կգայիք և կհաստատվեի՞նք Հայաստանում:
-Այո, բայց ոչ ընդմիշտ, մի որոշ ժամանակով : Օրինակ՝ գալ մաստեր-կլաս անցկացնել Թատերական ինստիտուտում, կամ որևէ թատրոնում երիտասարդների հետ աշխատանք իրականանել, եթե դա պետք է՝ չնայած ես կասկածում եմ, որ դրա կարիքը կա: Ինձ առաջարկ եղավ գալ սերիալում նկարահանվել, բայց չեմ կարող գալ 8-9 ամիս նստել Հայաստանում, որովհետև ես այստեղ ունեմ իմ աշխատանքը, իմ ընտանիքը, շատ ու շատ հարցեր կան: Բայց եթե մեկ-մեկուկես ամսով ֆիլմ նկարահանվի, կարող եմ գալ նկարահանվել, գնալ, սա էլ ներդրում է: Չնայած այստեղ, երբ արվեստագետներս ներկայացումներ ենք անում, անպայման օտարազգի ներկայացուցիչներ ենք բերում ներկայացման, և շատերը գալիս են, և, այսպես ասած, մերձեցում է տեղի ունենում նրանց և մեր միջև՝ արվեստի միջոցով: Այստեղ ես ֆիլմում նկարահանվեցի, ամերիկացի ռեժիսորը հայի մասին ֆիլմ նկարեց, որի գլխավոր դերում հայ էմիգրանտն էր, միջազգային կինոփառատոնում մրցանակ ստացա:
-Այսինքն՝ Դուք այդտեղ լիարժեք ռեալիզացվում եք…
-Այո, լիարժեք ռեալիզացվում ենք և այն, ինչ-որ այստեղ անում ենք, դա նաև Հայաստանի պատիվն է, որովհետև որտեղ լինենք, ինչ էլ խոսենք, օրինակ՝ ես Բոստոնում եմ հարցազրույց տվել, Տորոնտոյում, հեռուստատեսությունում, նրանք գիտեն, որ ես հայ եմ, Երևանի դրամատիկական թատրոնի դերասան եմ: Սա շատ մեծ բան է: Մենք փորձում ենք, որպեսզի Հայաստանը արվեստի միջոցով ճանաչեն: Իսկ Հայաստանը եթե ուզում են ճանաչել, իրոք արվեստի միջոցով պիտի ճանաչել: Պետք է արվեստի մերձեցում լինի: Ինչու չէ, նույն ներկայացումը բեմադրել և այդտեղ և այստեղ, և դերասանների փոխանակում լինի, մի 3 հոգի գան այդտեղի կոլեկտիվի հետ խաղան, մի երեք հոգի այդտեղից գան այստեղի կոլեկտիվի հետ խաղան:
-Այսինքն՝ աշխատանք է, որը չի արվում, մեծ հաշվով՝ բաց կա այդ առումով:
-Այո՛, չի արվում: Ես սեպտեմբերին պետք է Հայաստան գամ, և հարցեր ունեմ տալու շատ մարդկանց: Երբ ասում են Սփյուռքը և Հայաստանը մի ազգ, մի ժողովուրդ են, ես հասկանում եմ, բայց հիշո՞ւմ եք, որ երբ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տվեցին, վայնասուն բարձրացավ, կարծես թե Արմենչիկի կոչումը ամբողջ Հայաստանի պրոբլեմն էր: Իսկ ինչո՞ւ վայնասուն չբարձրացավ, որ կոչում չունեն Պապին Պողոսյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Ալլա Թումանյանը, Սալբի Մայիլյանը, Անահիտ Ներսեսյանը, Ռուբեն Թելունցը: Այստեղ արվեստի կարկառուն ներկայացուցիչներ են հավաքված: Արմենչիկի կոչումը դարձել էր համահայկական պրոբլեմ: Արմենչիկը գիտի, որ ես իր արվեստը չեմ ընդունում, դա շատ նորմալ է ընդունում: Բայց երբ կոչում ստացավ, շնորհավորեցի, ասաց՝ ես գիտեմ, որ իմ արվեստը չես ընդունում, ասացի, ցավդ տանեմ, չեմ ընդունում, բայց խնջույքներին, քեզ եմ լսում, ես հո Բախ, Բեթհովեն, Վերդի չեմ լսում հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, դու ես մեզ ուրախացնում, դու ես մեր ուրախությունը: Եվ այդ տղան, իրոք, 7-8 հազարանոց դահլիճներ է լցնում:
-Պարոն Շարաֆյան, բայց ամենամեծ աղմուկը բարձրացավ հենց նրա համար, որ շատ հայտնիներ չեն ստանում վաստակավորի կոչում, ովքեր իսկապես մեծ ներդրում ունեն և իսկապես այդ կոչման տերն են, նրանք չեն ստանում և փոխարենը Արմենչիկն է ստանում: Ամենաշատն այս շեշտադրումն էր…
-Սարսափելին այն է, որ աղմուկ բարձրացնում են նրանք, ովքեր արդեն ունեն այդ կոչումները, և ժողովրդական, վաստակավոր արտիստները վայնասուն բարձրացրին: Վայնասուն հանեիք նրա համար, որ իմ թվարկած մարդիկ կոչում չունեն, այ սրա մասին խոսեք, սրա մասին գոռացեք: Եթե Արման Հովհաննսիյանը կոչում է ստանում, իսկ ինչո՞ւ Արմենչիկը չստանա, ինչո՞վ է պակաս նրանից, եթե ոչ ավել…
-Նրա դեպքում էլ աղմուկ բարձրացավ…
-Նախ ես կողմ եմ, որ այդ կոչումներն առհասարակ հանվեն: Եթե այստեղ Ալ Պաչինոն, որի ներկայացումը վերջերս նայեցի և հիացա, կոչում չունի, կամ Դե Նիրոն կոչում չունի, հետո ի՞նչ, ԱՄՆ ժողովրդական արտիստ չեն, բայց արտիստ են: Ես վաստակավոր արտիստի կոչումս ստացել եմ 35 տարի առաջ, ստացել ու մոռացել եմ, հավատացնում եմ ձեզ, ոչինչ ինձ չի տվել, ո՛չ շնորհք է տվել, ո՛չ փող, մենակ անունիս առաջ գրվում է, բայց երբ բեմ եմ դուրս գալիս Պապին Պողոսյանի, Ռազմիկ Մանսուրյանի հետ, կատեգորիկ արգելում եմ հայտարարել իմ կոչման մասին, որովհետև կողքիս կանգնած են մարդիկ, որոնք արժանի են կոչման, ես ոչ մի բանով առավել չեմ նրանցից:
Ամբողջությամբ՝ 1in.am