Թուրքիայում վերջին սահմանադրական փոփոխությունները ցույց տվեցին, որ Էրդողանի սուլթանության ժամանակաշրջանը շարունակվում է եւ Թուրքիայի հասարակության համար խորանում է սեփական պատմության հետ հաշտվելու անջրպետը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` Թուրքիան գնաց ժխտողականությունն ավելի խորացնելու ճանապարհով եւ հեռացավ սեփական պատմության հետ հաշտվելու ճանապարհից: «Այսօր մշուշոտ է նմանատիպ հարեւանի հետ հաշտության լեզվով խոսելը եւ ակնկալելը, որ Էրդողանի վարչակազմը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դժվար է ակնկալել, որ այդ երկրի վարչակազմը կարող է այդքան խիզախություն ունենալ ու հաշտվել սեփական պատմության հետ: Բայց ի հակառակ դրա, մենք տեսնում ենք, որ հանուն մարդու իրավունքների պաշտպանության ավելանում են երկրները, մտավորականները, եւ ընդհանրապես տարբեր մարդիկ, ովքեր ճանաչում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ ուշ թե շուտ Հայոց ցեղասպանությունը պետք է վերջնականապես ճանաչվի, որովհետեւ այլ ճանապարհ չկա: Դատապարտողները լույսի համար մարտնչողներն են, իսկ ժխտողները ստվերի կողմնակիցները:
Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում են՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: