Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ. Հասրաթյան փողոցում տեղակայված միրգ-բանջարեղենի խանութներից մեկում երեկվանից վաճառվում է «Ադրբեջանում արտադրված» գրությամբ խնձորներ: Ֆեյսբուքյան օգտատեր Հրաչուհի Բարսեղյանը նախկին Շիրակ հանրախանութի հարևանությամբ գտնվող խանութում երեկ լուսանկարել է ադրբեջանական ծագմամբ խնձորների արկղերը և կատարել հետևյալ գրառումը.
« Արդեն բակային խանութներ են մտել… լուսանկարն արել եմ ես, այսօր (երեկ, հեղ.)` ժամը 12-ի մոտակայքում։ Խանութն էլ գտնվում է Գ. Հասրաթյան փողոցում` նախկին Լենինականի` նախկին Շիրակ հանրախանութի հարևանությամբ։ Շարքում առաջին խանութն է, որ միրգ-բանջարեղեն է վաճառում»:
Նույն օգտատերն արդեն այսօր տեսանյութ է հրապարակել նույն խանութից՝ պնդելով, որ իր տարածած տեղեկատվությունը արժանահավատ է, իսկ խնձորները շարունակվում են վաճառվել:
Armtimes.com-ը պարզեց, որ «D-Fruits» ընկերությունը գրանցված է Ադրբեջանի Հանրապետության Կուբինսկի շրջանի Դալլաքլի գյուղում: Այս ընկերությունը ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի դաշնությունում, Արաբական Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում: Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ այգիները գտնվում են Կասպից ծովի ափամերձ տարածքներում և էկոլոգիապես մաքուր արտադրանք են ստանում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերի անվտանգության պետական ծառայությունից առաջիկայում կպարզեն, թե արդյոք վաճառվող միրգը սննդամթերքի անվտանգության չափանիշներին համապատասխանությում է, թե՝ ոչ: