Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ հայկական ընտանիքում ծնվելու մասին հաճախ չի խոսվում: 2015 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, The Daily Beast պարբերականը ծավալուն անդրադարձ էր կատարել Սթիվ Ջոբսին և նրան որդեգրած հայկական ընտանիքին: Սթիվ Ջոբսը ծնվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում: Ջոբսի իրական ծնողները հայեր չեն եղել, սակայն իր խորթ ծնողների շնորհիվ Ջոբսը շատ լավ տեղյակ է եղել 1915-ին տեղի ունեցած իրադարձություններին: Սթիվ Ջոբսը գրեթե երբեք հրապարակայնորեն չի խոսել հայերի մասին և չի նշել, որ հայկական ընտանիքում է մեծացել, սակայն, ըստ պարբերականի՝ շատ լավ ծանոթ է եղել հայկական մշակույթին և մշակութային այն ժառանգությանը, որի մասին պատմել է իր մայրը:
Սակայն Ջոբսը միշտ նշել է, որ իր ծնողներն իր ամենահարազատ մարդիկ են: Ջոբսը մեկ անգամ չէ, որ նշել է, որ իր կենսաբանական ծնողները միայն ստեղծել են իրեն, իսկ իր ծնողները նրանք են, ովքեր մեծացրել են իրեն: Ըստ Ջոբսի՝ սա 100 տոկոսանոց ճշմարտություն է:
Ջոբսին որդեգրած ընտանիքում հայ էր մայրը՝ Կլարա Հակոբյանը: Կլարա Հակոբյանի մայրը՝ Վիկտորյա Արթինյանը, ծնունդով Զմյուռնիայից էր: 1915 թվականի դեպքերից հետո՝ 1919 թվականին, Վիկտորյա Արթինյանը հասնում է ԱՄՆ: ԱՄՆ նա կարողանում է հասնել միայն հունական նավով: Արդեն Միացյալ Նահանգներում նա հանդիպում է իր հայրենակից Լուի Հակոբյանին, ով երկար տարիներ ճանապարհներին էր՝ փախչելով իր հարազատ Մալաթիայից: Պարբերականը նշում է, որ Մալաթիայում զանգվածային կոտորածները սկսվել էին դեռ 1800-ական թվականներին, և այդ կոտորածների արդյունքում սպանվել էր 20000 հայ:
Ծանոթությունից կարճ ժամանակ անց Վիկտորյա Արթինյանն ու Լուի Հակոբյանն ամուսնանում են և տեղափոխվում են Նյուարք (Նյու Ջերսի): Այնուհետև նրանք տեղափոխվում են Կալիֆոռնիա, որտեղ նրանք ունենում են աղջիկ և անվանակոչում են նրան Կլարա: Կլարա Հակոբյանը մեծանում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ էլ հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Փոլ Ջոնսին:
Նա և իր ամուսինը՝ Փոլ Ջոբսը, 10 տարուց ավելի ամուսնացած լինելուց հետո չէին կարողանում երեխաներ ունենալ: Երկար ժամանակ երեխա ունենալու համար պայքարող ծնողները 1955 թվականին որոշում են երեխա որդեգրել: Բավականին երկար ժամանակ մանկատներում փնտրելուց հետո, նրանք որդեգրում են մի տղայի, ով ամերիկացի էր, բայց ուներ սիրիական ծագում: Ծնողները երեխային անվանակոչում են Սթիվ:
Պարբերականը մի քանի անգամ նշում է, որ Սթիվ Ջոբսը քիչ էր խոսում իր անձնական կյանքի մասին, և հատկապես չէր անդրադառնում իր ընտանիքին: Ջոբսը միշտ խուսափում էր Ցեղասպանության թեմայից և չէր բանավիճում այդ թեմայի շուրջ: Սակայն 2007 թվականին տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնցից հետո Ջոբսի տրամադրվածությունը մի փոքր փոխվեց:
2007 թվականի Ջոբսն իր ընտանիքով հանգստանում էր Թուրքիայում: Հանգստի վերջին օրը նրանք այցելում են մի մզկիթ, որը նախկինում եղել էր բյուզանդական եկեղեցի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը: Եկեղեցում շրջելուց հետո Ջոբսը հարցնում է էքսկուրսավարներին, թե ինչ են արել մահմեդականներն այդքան քրիստոնյաներին:
«Դուք ցեղասպանել եք 1.5 միլիոն հայերի: Պատմեք մեզ, թե ինչպե՞ս է դա եղել»,- հարցրել է Ջոբսը:
Ջոբսին ուղեկցող էքսկուրսավարը պատմում է, որ այդ պահին հայտնվել է տարակուսանքի մեջ և չի կարողացել հարմար պատասխան գտնել: Չկարողանալով կառուցել մտքեը՝ էքսկուրսավարն ասում է, որ այդ ժամանակներում մարդիկ սպանում էին մեկը մյուսին, քանի որ պատերազմ էր:
The Daily Beast-ի հետ զրույցում էքսկուրսավարը պատմել է, որ այդ իրադարձությունից հետո Ջոբսը դադարեցրել է շրջայցը և հենց նույն օրը վերադարձել է ԱՄՆ: Ըստ էքսկուրսավարի՝ Ջոբսը շատ էր տխրել իր պատասխանից, և հենց դա էր պատճառը, որ նա շտապ վերադարձավ ԱՄՆ:
Սիրարփի Աղաբաբյան