Newmag.am-ը գրում է. Հայոց ցեղասպանությունն ինձ համար անձնական պատմություն է: Երկու նախատատերս էլ հրաշքով են փրկվել այդ ոճրից, եթե նրանք չլինեին մեր գերդաստանը գոյություն չէին ունենա:
Առաջին տատիս անունը Վարդուհի էր, ազգանունը Նարցիսյան: Նա ինձ մեծացրել է մինչև կդառնայի 7 տարեկան: Մենք միասին երկար ժամանակ ենք անցկացրել: Ցեղասպանության տարիներին նրա ամբողջ ընտանիքը գլխատել են հենց տատիս աչքի առաջ: Ողջ են մնացել միայն նա ու իր փոքրիկ քույրը` Ալիսան: Տատիս ու նրա քրոջը մեծացրել է թուրքական մի ընտանիք: Այդ ժամանակ, ընդունված է եղել գեղեցիկ ու խնամված հայուհիներին տանել ու պահել, երևի թուրքական արյունը գեղեցկացնելու համար են այդպես արել: Հենց այնտեղ էլ նրանք մեծացել են: Հետո նախատատիս գտել են նրա հարազատները և օգնել փախչել Ղրիմ: Ցավոք, նրան այնտեղ էլ հեշտ կյանք չէր սպասվում: Ստալինյան ժամանակահատվածում Ղրիմից արտաքսում էին ոչ միայն թաթարներին, նաև հույներին, գերմանացիներին ու հայերին:
Վարդուհին հայտնվեց այն հայերի ցուցակում, որոնց արտաքսում էին:
Նրա ճակատագիրը այնպես էր դասավորվել, որ մինչև կյանքի վերջ այդպես էլ տառճանաչ չեղավ: Չնայած դրան տատս իմաստուն էր: Երբեմն այնպիսի մտքեր էր արտահայտում, որ մինչև հիմա մեր ամբողջ ընտանիքը նրան է մեջբերում:
Իմ երկրորդ նախատատը ցեղասպանության ժամանակ եղել է 5 տարեկան: Նախքան նրանց տուն թուրքերի մտնելը, ծնողները նախատատիս փաթաթել են գորգի մեջ և թաքցրել են պատի տակ:
Նա այնտեղից լսել է ծնողներին սպանող հանցագործների ձայները ու տեսել իր ծնողների սպանված մարմինները:
Նախատատս իրենց տանը գորգով փաթաթված է մնացել մի քանի օր: Որոշ ժամանակ անց նրան փրկել են այն մարդիկ, ովքեր հասցրել են փախնել արյունախում թուրքերից: Հենց այդպես է պահպանվել մեր ընտանիքը:
Հիմա մի քանի երկրների առաջնորդներ փորձում են վստահեցնել, որ Ցեղասպանություն երբեք էլ չի եղել և ի ապացույց բերում են բազմաթիվ փաստեր: Բայց ինձ ոչ մի փաստ էլ հարկավոր չէ, ինձ բավարար է այն, թե ինչ ես լսել իմ ընտանիքից ու այն մարդկանցից, որոնց ես իմացել եմ ու հիշում եմ հիմա էլ: