Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են վարորդական վկայականներ ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում վարորդական վկայականներ են հատկացվել իգական սեռի 9 հազար 768 ներկայացուցչի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալության առաջին կարգի մասնագետ Կարինե Ստեփանյանը, ով նաև վարորդ է, կարծում է, որ կանայք ղեկին ավելի զգոն են, զգուշավոր և զիջողականություն են ցուցաբերում: «Կարծում եմ, որ ցանկացած կին վարորդ, որքան էլ վարպետ չլինի, գոնե զգուշավոր է, քանի որ նրա մեջ մայրական բնազդն է խոսում, իսկ տղամարդիկ մեծամասամբ մրցակցություն են ունենում մյուս տղամարդ վարորդների հետ և զիջողականություն չեն ցուցաբերում»,- ասաց Ստեփանյանը:
2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել վիրավորներով և զոհերով 3203 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 44 պատահարի մասնակից է եղել կին վարորդ, 2-ի դեպքում վարորդները մահացել են։