ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնել է 400 հազար դոլարի դիմաց սեպտեմբերին ելույթ ունենալ Նյու Յորքում: Դա կրկնակի ավելի է այն հոնորարի առավելագույն չափից, որն իր դասախոսությունների համար վերցնում էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին ապրիլի 24-ին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Օբաման համապատասխան պարտավորագիր է կնքել Cantor Fitzgerald ներդրումային բանկի հետ: Վերջինս սեպտեմբերին Ուոլ սթրիթի առաջատար բանկերի և ընկերությունների ղեկավարության համար կազմակերպում է առողջապահության խնդիրներին նվիրված խորհրդաժողով: Նման դեպքերում հոնորարների չափերը սովորաբար չեն հայտնում, ճշտել է Fox News-ը:
Այն հիշեցնում է, որ երկրի 44-րդ նախագահը կառավարման ութ տարվա ընթացքում բազմիցս իրեն ներկայացրել է որպես Ուոլ սթրիթի «պարարտ կատուների» դեմ պայքարող մարտիկ, որոնք, նրա կարծիքով՝ շատ բանով հրահրեցին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: Օբաման դիմակայում էր ընչաքաղցությանը և անսահման հարստացմանը, սակայն այժմ չի կարողացել անդրդվելի մնալ գայթակղության հանդեպ, ընդգծել է հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո ելույթի համար Բիլ Քլինթոնի հոնորարները 2001 – 2015 թվականներին գերազանցում էին 200 հազար դոլարը, իսկ Ջորջ Բուշ Կրտսերինը հասնում էին 175 հազար դոլարի: Օբաման առաջիկա չորս շաբաթներին 28 տարբեր միջոցառումներ է պլանավորել ԱՄՆ-ում և Եվրոպայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: