Հայաստանում գտնվող Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ պահանջում են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում են այցելելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության մեջ համախմբված անդամները 1998 թվականից սկսած գալիս են Հայաստան և այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հետ հանդիպմանը գերմանաբնակ Էլիֆ Սելայ Էրթեմը նշեց, որ իրենց պայքարն ուղղված է արդարության վերականգնմանը:
«Իհարկե, պայքարն ուշացրել ենք, սակայն այն պետք է շարունակել, չդադարեցնել: Մենք ոչ միայն ներողություն ենք խնդրում, այլև պահանջում ենք, որ Թուրքիան առերեսվի իր պատմությանը և պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Էլիֆ Սելայ Էրթեմը: Նա նշեց, որ սկզբնական շրջանում շատ թուրքեր իրենց բացասական էին վերաբերում, կոպիտ էին, անվանում էին ծախու, հիմա կարծես փոքր-ինչ վերաբերմունքը փոխվել է: Կազմակերպությունը տարվա ընթացքում Գերմանիայում անցկացնում է տարբեր միջոցառումներ` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, թուրքական հասարակության վերաբերմունքը փոխելուն:
Մահմութ Ուզունն արդեն 3-րդ անգամ է գալիս Հայաստան և շատ տպավորված է: Նրա խոսքով, Հայաստանն իր համար յուրատեսակ հանգիստ վայր է և այն հարազատ է համարում:
«Տարիներ շարունակ Թուրքիան ապրել է կեղծիքի մեջ: Մեր պարտքն է անընդհատ պահանջելը, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բայց պայքարը չպետք է լինի միայն պետության ուղղությամբ, զգալի անելիք կա հասարակության շրջանում: Շատերը չգիտեն, շատերն էլ չեն ցանկանում պատմությունն ընդունել»,- ավելացրեց նա: