Մինչ շատերը ենթադրություններ էին անում, թե դերասան, հումորիստ և սցենարիստ Արտյոմ Մարկոսյանը դադար է վերցրել, վերջինս զբաղված էր կարևոր աշխատանքով՝ նա կյանքի էր կոչում նմանը չունեցող հումորային մոնոներկայացման իր գաղափարը:
«Արդեն երկու-երեք տարի է, ինչ այս մոնոներկայացման գաղափարն ունեի, սակայն այն անընդհատ ձգձվում էր: Դե իսկ ամիսներ առաջ որոշեցի՝ պետք է կոնկրետ բոլոր ջանքերս ու մտքերս այս ուղղությամբ կենտրոնացնեմ, ինչն էլ, հուսամ, ստացվեց: Մայիսի 29-ին, 30-ին և 31-ին Երևանի կամերային թատրոնում կկայանան առաջին ներկայացումները: Չեմ սիրում օգտագործել աննախադեպ, բացառիկ ամպագորգոռ բառերը, բայց սա, իսկապես, լինելու է նմանը չունեցող նախագիծ: Գոնե վստահաբար կարող եմ ասել, որ այս ֆիլմ-մոնոներկայացումը տարածաշրջանում միակն է լինելու»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Արտյոմ Մարկոսյանն ու հավելեց.
«Մոնոներկայացումը, բացի իմ՝ կենդանի մասնակցությունից, բաղկացած է լինելու փոքրիկ ֆիլմերից: Ի դեպ՝ ասեմ, որ իրականացվել է եզակի և մինչ օրս Հայաստանում ու ողջ ԱՊՀ տարածքում իր ձևաչափի մեջ նախադեպը չունեցող «MOCAP» անիմացիա»:
«Մեկը վերևից» ֆիլմ-մոնոներկայացման իրադարձությունները տեղի են ունենալու մեր ժամանակներում. անհայտ մոլորակի բնակիչները որոշում են նվաճել և կործանել Երկիր մոլորակը, ու իրենց նպատակին ուզում են հասնել՝ սկսելով աշխարհի ամենահին ու խելացի ազգերից մեկից՝ հայերից: Նրանց նպատակն է՝ ժողովրդին կործանելուց հետո գողանալ հայի գենոֆոնդն ու հասկանալ այս ազգի ֆենոմենը, սակայն այս ամենը կուղեկցվի հետաքրքիր զարգացումներով, իսկ թե ի վերջո այլմոլորակայիննե՞րը կհաղթեն, թե՞ հայերը, ցույց կտա ներկայացումը: Արտյոմ Մարկոսյանի խոսքով, անիմացիոն կադրերը կլինեն ֆիլմի տեսքով, դե իսկ հայ ժողովրդի «պայքարն» ու ընդվզումը կարտահայտվի դերասանի կերտած վեց կերպարներով:
Հայագետ, քաղաքագետ, ամենագետ Լեռնիկ Հայունցը, հոգում մեծ փիլիսոփա և անբուժելի ռոմանտիկ Գեորգի Սամսոնիչը, գրող, ասմունքող, հայ արվեստի կենդանի լեգենդ, ժամանակակից գրականության նախամայր տիկին Թուրաբյանը, բնիկ երևանցի, քաղաքապետի թեկնածու, ապագա վարչապետ Անուշավանը, մեզ արդեն հայտնի բակի հեղինակություն Դաժանիկը և մեր սոցիումի մի շարք ներկայացուցիչներ կպայքարեն իրենց երկրի համար:
Ամբողջությամբ՝ life.panorama.am