Պատերազմական իրավիճակում երկրի զարգացման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում
Advertisement 1000 x 90

Պատերազմական իրավիճակում երկրի զարգացման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում

Մեր զրուցակիցն է Գրանթ Թորնթոն Ֆրանսիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն,  Գրանթ Թորնթոն Հայաստանի հիմնադիր Դանիել Քուրքջյանը:

– Պարոն Քուրքջյան, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք բարեփոխումներ է սկսել Հայաստանում։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է այսօր ներդրումային միջավայրը, և ընդհանրապես բարենպա՞ստ է գործարար միջավայրը։

– Աշխարհի զարգացման պատմության մեջ Հայաստանը եզակի հնարավորություն կունենա ներդրողներ ներգրավելու համար այն ժամանակ, երբ այստեղ, իրոք, թափանցիկ տնտեսություն կլինի, մարդիկ կկարողանան ներդրումներ իրականացնել և ստանալ շահաբաժիններ: Այնպես որ, սա պետք է լինի իսկական բաց շուկա: Կոռուպցիայի հետ կապված բոլոր հարցերը հարաբերություններում պետք է վերանան։ Եթե ​​Հայաստանը ցանկանում է, որ իրոք աշխարհը ներդրումներ անի, պետք է այդ խնդիրները լուծվեն։ Եվ կա մի խոսք, որ տնտեսությունը պետք է լինի ավելի առողջ: Այնպես որ, կան հնարավորություններ, այս հարցերով պետք է զբաղվել:

– Ներդրողների ակումբ է ստեղծվել, որտեղ հիմնականում հայկական ծագմամբ Ռուսաստանում բիզնես ծավալող հայեր են ներգրավված։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ներդրողների շրջանակը սահմանափակվում Ռուսաստանով, Արևմուտքի երկրների համար Հայաստանն ինչո՞ւ գրավիչ չէ։

– Ես կարծում եմ, որ մարդիկ Հայաստանում շատ խելացի են և կարողանում են բիզնեսով զբաղվել, որտեղ էլ որ նրանք գնում են, բիզնեսով են զբաղվում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, բոլոր արևմտյան երկրներում, այնպես, ինչպես արևելյան երկրներում։ Նկատի ունեմ այն, ինչ մեր Գրանթ Թորնթոն ընկերությունն անում է Վրաստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, մի քանի ամիսների ընթացքում մենք պատրաստվում ենք գնալ նաև Մոնղոլիա: Ի դեպ, ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում Գրանթ Թորնթոնի համակարգողը հայ է՝ Գուրգեն Հակոբյանը։ Եվ ինչո՞ւ։ Քանի որ նա խելացի է՝ հասկանալու համար աշխարհը, գնում է արտասահման և օգնում ընկերություններին ներդրումներ կատարել արտերկրում: Այնպես որ, ես կարծում եմ, որ դա Հայաստանի իրական որակն է։ Եթե դուք նայեք Հայաստանի պատմությունը, որ դուք ավելի լավ գիտեք, քան ես, դա միշտ նույնն է եղել: Հայերը սովորություն ունեն գնալ արտասահման բիզնեսով զբաղվելու համար։ Այնպես որ, դա այնքան էլ զարմանալի չէ, որ այլ երկրների մարդիկ, հատկապես Ռուսաստանի, վստահում են հայերին անել այն, ինչի կարիքը նրանք ունեն։

– Այդ դեպքում, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Հայաստանում ներդրումները տարեցտարի պակասում։

– Ես հասկանում եմ, բայց սա փոքր երկիր է, և ստանալ հասույթ մի փոքր երկրում արված փոքր ներդրումներից, դա միշտ էլ շատ դժվար է։ Երկիրը զարգացնելու համար կառավարությունը պետք է ավելի շատ ռեսուրսներ հատկացնի ենթակառուցվածքներին, բայց, ըստ էության, բյուջեն բավարար չէ, և մենք բոլորս գիտենք, որ բյուջեն օգտագործվում է այլ նպատակներով, մասնավորապես՝ Արցախում պատերազմի։ Իմ հույսն այն է, որ մի օր Ադրբեջանի հետ պատերազմն ավարտվելու է, և Հայաստանը կկարողանա ավելի շատ բյուջետային գումարներ հատկացնել ենթակառուցվածքների զարգացման, հետևաբար՝ երկրի զարգացման համար: Ակնհայտ է, դա մի օր տեղի է ունենալու։

– Այսինքն, ըստ Ձեզ՝ քանի դեռ Արցախյան հակամարտությունը լուծված չէ, Հայաստանը տնտեսական զարգացման մեծ հնարավորություններ չունի՞։

– Այո։ Պատերազմական իրավիճակում երկրի զարգացման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում։ Ի՞նչ նկատի ունեմ։ Ես գալիս եմ այստեղ գրեթե ամեն տարի, և ես տեսնում եմ երկրի զարգացումը։ Մի քանի տարի առաջ ես նկատեցի, որ տնտեսական աճը դադարել էր, ամբողջ շինարարությունը դադարել էր: Ցավոք սրտի, ես չկարողացա վերադառնալ անցյալ տարի, այնպես որ, այժմ համեմատում եմ 2 տարվա կտրվածքով և պետք է ասեմ, որ շատ մեծ զարգացում կա կենտրոնում։ Ես նկատի ունեմ Երևանի փոքր կենտրոնը: Ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում Երևանից դուրս: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Հայաստանն առաջընթաց է ապրում, Հայաստանը զարգանում է, բայց դա տևում է ավելի երկար ժամանակ, քան սովորաբար, քանի որ շատ ռեսուրսներ օգտագործվում են պատերազմի համար:

– Հայաստանի պաշտոնյաները, ինչպես և Դուք, ներդրողների պասիվությունը բացատրում էին մեր երկրի՝ փոքր շուկա լինելու հանգամանքով։ Հետո նշում էին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում, Հայաստանը կամուրջ կլինի Արևմուտքի և ԵԱՏՄ-ի միջև և գրավիչ կդառնա արևմտյան ներդրողների համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Խոշոր խոչընդոտը սահմանների հարցն է։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, և երկրի հետ տրանսպորտային կապը վատն է։ Թուրքիայի ուղին փակ է, ՀՀ-ն ելք ունի դեպի Իրան, բայց այդ ուղղությունն այնքան հզոր չէ, որքան Վրաստանի ուղղությունը։ Դա դժվար է։ Դուք կարող եք վաճառել ծառայություններ, ինչը և անում է Հայաստանը, դուք կարող եք ունենալ պահեստային մասերի արտադրություն կամ թեթև արդյունաբերություն, բայց այս երկիրը չի կարող լինել այն վայրը, որտեղ շատ մեծ արդյունաբերություն կա, ծանր ապրանքներով, որ պետք է ուղարկել արտերկիր։ Դա է խնդիրը: Մի ժամանակ մենք մտածեցինք, որ Հայաստանը կարող է լինել տարածաշրջանի «Շվեյցարիան», սակայն դրա համար ժամանակ է պետք, դու պետք է փողերով լի բանկեր ունենաս, ինչն այդպես չէ:

– Հայաստանն ընտրելով ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ ԵՄ-ի հետ շարունակում է առավելապես քաղաքական հարաբերությունների զարգացումը։ Ձեր կարծիքով՝ սա ճի՞շտ ընտրություն էր, թե՞ ԵՄ-ի հետ տնտեսական զարգացման հնարավորություններն ավելի մեծ կլինեին։ 

– Մենք բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հայաստանը դիմել էր Եվրոպական Միությանը, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Հաշվի առնելով դա, ես կարծում եմ՝ լավ է, որ Հայաստանը շարունակում է պահպանել քաղաքական և, իհարկե, տնտեսական հարաբերությունները Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական Միության հետ, քանի որ դա մի հսկա շուկա է, կան շատ հնարավորություններ, իսկ դրսում ժողովուրդը չգիտի, թե ինչ է Հայաստանը, և, թե ինչ ներուժ այն ունի: Ես իսկապես դրական կարծիք ունեմ Հայաստանի և արևմտյան երկրների հարաբերությունների մասին, հատկապես՝ Եվրոպայի, այնպես որ, ես հույս ունեմ, ես բավականին վստահ եմ, որ դրանք կայուն հարաբերություններ կլինեն:

– ԵԱՏՄ-ն բանակցում է Իրանի հետ, և Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի է գործելու։ Ի՞նչ արդյունք այն կապահովի։

– Ես կարծում եմ, որ դա լավ հնարավորություն է: Հայաստանում ռեժիմը կայունացել է, մենք կարող ենք նշել, որ ընտրություններն ավարտվել են, և վախենալու ոչինչ տեղի չի ունեցել, ես նկատի ունեմ՝ չկա արդյունքների լուրջ վիճարկություն, չկան գործադուլներ, չկան ցույցեր, վարչախումբը կայունացրել է իրավիճակը, որը դեռ չենք կարող ասել Իրանի համար: Մենք դեռ պետք է սպասենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը Մերձավոր Արևելքում, մենք տեսնում ենք, օրինակ, թե ինչ է կատարվում Իրանի ու Իսրայելի հարաբերություններում, և այդ հարցերը զգուշանալու պատճառ են ինձ համար։ Եթե Իրանում իրավիճակը կայունանա, ապա դա լավ հնարավորություն կլինի Հայաստանի համար:

– Ի՞նչ խորհուրդ կտաք ՀՀ կառավարությանը՝ այս իրավիճակում ինչպե՞ս ավելի արագ զարգացնել Հայաստանի տնտեսությունը։

– Դա դժվար է ինձ համար, քանի որ ես խորությամբ չեմ տիրապետում և բավարար լավ չգիտեմ քաղաքական իրավիճակն այստեղ, որպեսզի մեկնաբանություն կամ որևէ առաջարկություն անեմ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը հասուն երկիր է, հայերը չափահաս մարդիկ են և գիտեն՝ ինչ պետք է անել, և նրանք կարիք չունեն արտերկրից որևէ մեկի, ով կասի, թե ինչ է պետք անել: Ես կարծում եմ, որ նրանք կգտնեն, հայ քաղաքական գործիչները, ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը պետք է գտնեն ճիշտ լուծումները, որպեսզի այս երկիրը զարգանա՝ առանց այլ պետությունների խորհրդի:

Գայանե Խաչատրյան

168.am