Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր քջում գրում է. «90-ականների սկզբին Հայաստանում կոշիկի արտադրության բում էր: Ապրանքը շատ որակով չէր, սակայն լավ սպառվում էր «ռուսաստաններում»: Ամեն շաբաթ Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում կոշիկի շուկա էր, որտեղ վաճառվում էին բոլոր անհրաժեշտ պարագաները՝ սոսինձ, տակացու, կաշի, կոլոդկա, գործիքներ:
Նման մի կոշիկի արտադրամաս էլ (կոշիկի ցեխ) մեր բակում կար: 9-րդ դասարանում էի, երբ որոշեցի կոշիկ կարել սովորել, համ ծնողներիս օգնել, համ էլ իմ ձեռքի ծախսերը հոգալ: Ամեն օր դասերից ու պարապմունքներից հետո իջնում էի ցեխ, գործի: Սկսեցի որպես «աշակերտ»: Շատ բարդ չէր, կամաց-կամաց սովորեցի ու մի օր իրավունք ստացա ինքնուրույն կոշիկ կարելու, դարձա «ուստա»:
Առաջին աշխատավարձի մի մասը տվեցի տնեցիներին, կյանքն արդեն դժվարացել էր, և տանը փողի կարիք կար: Իսկ մոտակա կիրակին էլ ընկերներով գնացինք տոնավաճառ ու կյանքում առաջին անգամ պլիտայի մոտի քրտինքով, սոսնձահոտ աշխատանքով, վնասված ու կոշտացած մատներով աշխատած փողով ինձ գնեցի այդ տարիները հիտ-շորերը՝ PYRAMIDE ջինսը և POLO կարճաթև վերնաշապիկը:
Ահա այսպիսի աշխատանքային օրեր էին)»