Որտե՞ղ են բնակվում Կարեն Կարապետյանն ու իր տղաները. hraparak.am
Advertisement 1000 x 90

Որտե՞ղ են բնակվում Կարեն Կարապետյանն ու իր տղաները. hraparak.am

Հանրությանն առավել քան հետաքրքիր է, թե որտեղ են բնակվում մեր պաշտոնյաներն ու իրենց կայացած զավակները։ Ինչպիսի՞ն են նրանք։ Ես, օրինակ, չէի պատկերացնում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որդիները բնակվում են Հայաստանում։

Բայց պարզվում է, որ նրանք բնակվում են ինձնից ընդամենը 100-200 մետր հեռավորության վրա։ Հաղթանակ զբոսայգում հերթական զբոսանքից հետո, Բաբայան փողոցում կանգնել ու նայում էի մեր պաշտոնյաների շքեղ դղյակներին։ Կարճ ժամանակամիջոցում Բաբայան փողոցից դեպի դղյակները տանող երթևեկելի լայն ճանապարհ էր բացվել։ Այն հատվածում, որտեղից ճանապարհ էր բացվել, փակցված էր գրություն՝ վաճառվում է։

Ուշադիր նայում էի։ Հյուսիսային ճառագայթի հատվածում անվտանգության աշխատողն էր կանգնած, ինչպես նա բացատրեց՝ 24 ժամ հերթափոխի են կանգնում։ Ոչ ամեն օր, իհարկե։ Ու ստանում է 60․ 000 դրամ։ Իմ սևեռուն ուշադրությունը նրան շփոթեցրեց՝ երևի Հայաստանից չեք, սրանք մեր պաշտոնյա- մեծահարուստների վիլլաներն են։

– Ուրախ եմ,- ասացի։ – Հայաստանցին նման բան չի ասի,- ծիծաղեց։

– Հայաստանից եմ ու այս շրջակայքում էլ ապրում եմ։

– Դղյակնե՞ր են վաճառվում,- ցույց տվի փակցված հայտարարությունը։

-Նման բանի տեղյակ չեմ,- ասաց,- երևի տարածք են վաճառում։ Ամենաշքեղը Կարեն Կարապետյանի տունն է,- ասաց,- ու շատ ճաշակով ձևավորված։

– Իրոք լավն է։- Այնտե՞ղ են ապրում։

– Ոչ, շինարարություն է ընթանում։

– Վարչապետն իր տիկնոջ հետ բնակվում է, Քանաքեռ- Զեյթուն թաղամասի մեջ է մտնում այդ հատվածը, հյուսիսային ճառագայթի վերջում, Ադոնցի նորակառույցը գիտե՞ք, որ կամրջով միանում է, ա՜յ այդ հատվածում։ Հենց այդ նորակառույցից երևում է նրանց շենքը։

– Տղաների հե՞տ,- հարցրի։

-Ոչ, տղաներն ապրում են հենց այստեղ,- ցույց տվեց հյուսիսային ճառագայթը, ա՜յ նա է իրենց տունը։

– Կիրթ տղաներ են, ճիշտ է հետները չենք շփվում, բայց ելումուտից, շարժուձևից երևում է։ Տիգրանն անցած տարի է ամուսնացել։ Նրանց տան աշխատողները անչափ գոհ են իրենցից։ Օրինակ, նրանց այգեպանը կարո՞ղ եք գուշակել, թե ամսական ինչքան է ստանում։

Երևի ձեր չափ,- ասացի։

– Չէ, ի՞նչ եք ասում,- ծիծաղեց,- 800․000 դրամ։

Մեր խեղճ հայրենակիցներից շատերը, որ լսում են, թե ինչպես են վերաբերվում իրենց աշխատողների հետ, շատերն են գալիս ու կպնում ժամերով՝ ուզում ենք նրանց տանը աշխատանքի մտնել։ Չեն իմանում, որ այդ աշխատողները տասնյակ տարիներ ուղեկցել են իրենց ու դարձել են հարազատ, վստահելի մարդիկ։

Դե մենք էլ կանգնած ենք դրա համար, որ այդ մարդկանց անդորրն ապահովենք։ -Իսկ վարչապետն ու տիկինը հաճախակի՞ են գալիս իրենց զավակների տուն։

– Կարծեմ Տիգրանի ծննդին էին եկել ու մի երեք ամիս մնացին։ -Իսկ այս շենքը ի՞նչ է,-մատնանշեցի ճառագայթի՝ հենց մայթի մոտ կառուցված կառույցը։

– Սա ԱՅԲ դպրոցի մասնաճյուղն է,- դե այս շրջակայքում մեծահարուստներ են։- Նկատի են ունեցել, որ նրանց երեխաները կսովորեն այդ դպրոցում։ Տարեկան վճարը երեք միլիոն է, կատակ բան չի։

hraparak.am



Նման նյութեր