Երբ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2016-ին գլխավորեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, նա չցանկացավ հեղափոխություն անել թիմի աստղային կազմում: Փոխարենը «կարմիր սատանաները» ունեցան չորս նոր ձեռքբերում, որոնց շարքում էր նաև «էկզոտիկ ծագում և վիթխարի տաղանդ ունեցող» Հենրիխ Մխիթարյանը` «հրաշագործ, ում ներդրումը Եվրոպայի լիգայում որոշիչ նշանակություն ունեցավ: Այս մասին գրում է իսպանական Atlantico-ն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ հրաշագործը» խորագրով հոդվածում:
Լրատվամիջոցը նշում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայտնի պրոֆեսիոնալ հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է, ով մահացել է 33 տարեկանում: Atlantico-ն գրում է, որ հոր կորստի հարվածը Հենրիխին դրդել է հետևել հորը:
20 տարեկանում նա հայկական «Փյունիկ» ակումբից տեղափոխվել է ուկրաինական «Մետալուրգ» ակումբ, ապա «Շախտյոր», որտեղ խաղացել է երեք մրցաշրջան: «Մետալուրգ»-ը Մխիթարյանի համար վճարել էր 350 հազար եվրո, «Շախտյոր»-ը` 5,8 մլն եվրո, իսկ 2013 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ն վճարեց 27,5 մլն եվրո խաղացողի համար, ով արդեն համարվում էր Եվրոպայում ամենատաղանդավոր կիսապաշտպաններից մեկը: Գերմանական ակումբում Մխիթարյանը մասնակցեց 140 պաշտոնական հանդիպման` դառնալով 41 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ: 2016 թվականին ակումբը համ աձայնեց տաղանդավոր ֆուտբոլիստին 42 մլն եվրոյի դիմաց հանձնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Անգլիական ակումբում ֆուտբոլիստը կարողացավ ցույց տալ իր տաղանդը, սակայն մինչ այդ նա ստիպված էր վաստակել Մոուրինյոյի վստահությունը, ով Մխիթարյանից պահանջում էր ավելին: «Երբեմն խաղացողներին լավագույնս պաշտպանելու միջոցը նրանց չխաղացնելն է: Մխիթարյանն ադապտացվում էր, և ես պաշտպանում էի նրան: Դուք տեսնում էիք այն հրաշքները, որը նա կատարում էր խաղադաշտում, սակայն ես ցանկանում էի նրանից ավելին տեսնել: Հիմա նա իսկապես լավ է խաղում»,- փետրվարին նշել էր պորտուգալացի մարզիչը:
Հայ ֆուտբոլիստը մինչ օրս մասնակցել է ակումբի 35 հանդիպման` խփելով 10 գոլ: Ընդ որում, այդ գոլերից հինգը խփվել են Եվրոպայի լիգայում: Atlantico-ն ակնկալում է, որ մայիսի 2-ին «Սելթիկ»-ի դեմ դիմակայությունում Մխիթարյանը լինելու է այդ ակումբի համար հիմնական սպառնալիքներից մեկը: