Սերժ Թանկյանի երաժշտական նկարները. armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սերժ Թանկյանի երաժշտական նկարները. armeniasputnik.am

Աշխարհահռչակ ռոք երգիչ-երգահան Սերժ Թանկյանի և «System Of A Down» ռոք-խմբի երաժշտական ստեղծագործությունների մասին գիտեն թերևս բոլորը: Սակայն ավելի քիչ է հայտնի այն փաստը, որ Սերժ Թանկյանը նաև գեղանկարչական ինքնատիպ աշխատանքների հեղինակ է: 2013 և 2015 թթ. Թանկյանը ԱՄՆ-ում կազմակերպեց իր արվեստի գործերի «Զինաթափվելու ժամանակը» («Disarming Time») վերնագիրը կրող ինտերակտիվ արտ-ցուցահանդեսների շարքը:

21-րդ դարի սկզբին ինֆորմացիոն տեխնոլոգիաների բուռն զարգացումը անդրադարձավ նաև արվեստի բնագավառի վրա. արվեստագետներն իրենց աշխատանքներում սկսեցին լայնորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաները: Սերժ Թանկյանի հեղինակած արվեստի գործերի՝ նկարների, կոլաժների, քանդակների յուրահատկությունը կայացավ նրանում, որ այդ աշխատանքների ցուցադրության ընթացքում ամեն մի նմուշ նա զուգորդել էր իր իսկ կողմից գրված հատուկ երաժշտությամբ: Ցուցանմուշների երաժշտական ուղեկցությունը կարելի էր լսել «Eye For Sound» ծրագրային հավելվածի միջոցով: Դրա համար պարզապես հարկավոր էր ներբեռնել ծրագրային հավելվածը, սմարթֆոնի էկրանը պահել կտավներից որևիցե մեկի վրա, և ունկնդիրը իր ականջակալներում կարող էր լսել կոնկրետ այդ գործի համար գրված Թանկյանի երաժշտությունը:

Սերժ Թանկյանի «Զինաթափվելու ժամանակը» ցուցահանդեսը:

Ռոք-երաժշտի աշխատանքների անդրանիկ ցուցադրությունը կայացավ 2013-ի նոյեմբերին Լոս Անջելեսի «Project Gallery» ցուցասրահում, որը մեծ հաջողություն ունեցավ: Այստեղ նա ներկայացել էր 22 հեղինակային աշխատանքներով: Հետագայում Թանկյանի այդ յուրօրինակ աշխատանքները դարձան արդեն քառասունից ավելին: ԱՄՆ-ից դուրս Թանկյանը կազմակերպել է իր աշխատանքների մեկ ցուցադրություն՝ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, 2015-ի մարտին:

«Այս նոր գաղափարը ինձ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ հասկացա, որ այսօր երաժշտությունը գուցեև որոշ չափով արժեզրկվել է և չափազանց նյութական է դարձել: Այդ իսկ պատճառով ես ցանկացա ստեղծել մի բացառիկ երևույթ, որի ժամանակ, երբ ինչ-որ մեկը շփման մեջ մտնի այդ երևույթի հետ` դառնա այն միակ մարդը, որը տվյալ պահին ապրում է այդ փորձառությունը»,- ասում է Սերժ Թանկյանը իր հարցազրույցներից մեկում: Դեռևս 20-րդ դարասկզբին ռուս հայտնի նկարիչ-մոդեռնիստ Վասիլի Կանդինսկին ներկայացրել էր արվեստի «սինեսթեզիայի» գաղափարը, համաձայն որի գեղանկարիչը կարող է «լսել» գույները և այնուհետև դա յուրովի վերարտադրել կտավի վրա: Սերժ Թանկյանն այդ առումով հետևյալն է ասում. «Իմ նպատակն է, որ մարդիկ այս համադրման միջոցով կարողանան «տեսնել» երաժշտությունը և «լսել» գեղանկարչությունը: Օգտագործելով ժամանակակից ծրագրերը, կարծում եմ, մենք կարողացանք նոր մակարդակի հասցնել Կանդինսկու «սինեսթեզիա» գաղափարը»:

armeniasputnik.am