ՀՀ կառավարությունը բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վիկտոր Հովսեփյանին տարկետում կտա, իսկ Մարսել Հովսեփյանին կազատի պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգում: ՀՀ Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի հրամանագրով Վիկտոր և Մարսել Հովսեփյաններին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ովքեր հանդես են գալիս «Ուրարտու» ակումբում և բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցությունը բասկետբոլի ազգային հավաքական թիմի սպասվելիք խաղերին։
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Վիկտոր Հովսեփյանին մինչև 2018 թվականի ամառային զորակոչը: Նա հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Քանի որ Մարսել Հովսեփյանի 27 տարին լրանում է 2017 թվականի հունիսի 9-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Մարսել Հովսեփյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։