Երևանում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:
Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, Tert.am–ին հետ զրույցում պատմեց, սկզբում բժիշկներն իրենց հայտնել էին, թե ծնվելու է եռյակ, հետո ասել էին, որ հնգյակ է:
«Մի քանի օր հետո «էխո» գնացինք, բժիշկն ասաց՝ հնգյակ է»,- պատմեց միանգամից հինգ երեխայի հայր դարձած Վարդանը։ Հարցին, թե ինչ զգացողություն ունի, նա անկեղծորեն ասաց. «Չեմ կարող նկարագրել բառերով, ես շոկի մեջ եմ»:
Վարդան Կարապետյանի ընտանիքն այլ երեխաներ չունի։ «Իմ առաջնեկն է»,– ասաց նա և անմիջապես ուղղեց.«Իմ առաջնեկներն են»:
Կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաները կշռում են մոտ 950–ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ:
Հարցին, թե ինչպես են պատրաստվում խնամել միանգամից 5 երեխայի, Վարդանը պատասխանեց. «Դե պետք է միախմբվենք, պահենք»։
Հինգ երեխաների հայրիկը պատմեց, որ Մեծամորում նույնպես ցնցված են հնգյակի լույս աշխարհ գալուց և բոլորը մոտենում են իրեն, շնորհավորում, մաղթում ամենալավն ու բարին:
Կարապետյանների ընտանիքն ապրում է հանրակացարանում։