«Ազիզյաններ» սիթքոմն արդեն տևական ժամանակ է հեռուստաէկրաններին է: Այն հասցրել է սիրվել ու սիրելի դարձնել երիտասարդ դերասանների, որոնց հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ հենց այս սիթքոմի շրջանակում:
20-ամյա Մարի Պետրոսյանը, ով մարմնավորում է Ազիզյանների ընտանիքի դստերը, Life.panorama.am-ին պատմեց, որ այժմ, ասես, իր երազում ապրի.
«Ես ավարտել եմ «Աբել Աբելյանի քասթինք սքուլը», և հենց այստեղից էլ նախորդ տարի ինձ հրավիրեցին մասնակցելու «Ազիզյանների» ընտանիքի դստեր կերպարի քասթինգին: Չեմ թաքցնի՝ առաջին փորձը լավ չստացվեց, բայց դա, ի ուրախություն ինձ, պատճառ չդարձավ, որ հաջորդ անգամ ևս ինձ կանչեն: Այդպիսով՝ ևս երկու, երեք անգամ մասնակցեցի քասթինգին, և մի օր էլ, ի ուրախություն ինձ, զանգ ստացա՝ ինձ հայտնեցին, որ հենց ինձ են ընտրել: Այս պահին ապրումներս չեմ կարողանա նկարագրել: Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ առաջին քայլերն այս ոլորտում կանեմ «Կարգին ստուդիայի» հետ՝ ի դեմս Հայկ ու Արման Մարությունների: Հիմա ասես այս ամենը երազ լինի, մի քանի ամիս է, ինչ իմ երազում եմ ապրում»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:
Խոսելով «Ազիզյաններում» դերասանների հետ համատեղ աշխատանքի մասին՝ Մարին նշեց.
«Մեզ մոտ, առանց չափազանցության, ընտանեկան մթնոլորտ է տիրում, այստեղ գալիս ենք ոչ թե աշխատելու, այլ՝ հանգստանալու: Գիտեք, հնարավոր է, որ դերասանն իր ուժերի վրա վստահ լինի, սակայն կան մարդիկ, որոնք նրան կարող են և բարձրացնել, և իջեցնել: Թե Հայկ Մարությանը, թե Արման Մարությանը վստահեցին ու հավատացին ինձ, որը փոխանցեցին նաև ինձ: Շատ դժվար է առանց փորձ ունենալու հայտնվել պահանջկոտ ու մեծ հաջողություն գրանցած մասնագետների մոտ, այն էլ՝ գլխավոր կերպարով, բայց ինձ մոտ, կարծես թե հաջողվեց դա: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Հայկ Մարությանի հետ ու դառնալ նրա ընկերը: Ինչ վերաբերվում է մյուս դերասաններին, գրեթե բոլորն էլ թատրոնի դերասաններ են՝ մեծ փորձով ու մասնագիտական գիտելիքներով: Իմ կերպարային գիծն ավելի շատ զարգանում է Ազիզյանների ընտանիքի երեխաների, այսինքն՝ իմ հերոսուհու եղբայրների հետ: Բորիս Բաղդասարովի հետ նախկինում ծանոթ էի «Աբել Աբելյանի քասթինք սքուլից»: Մենք շատ լավ ընկերներ ենք, ինչն էլ ինձ շատ է օգնում նաև նկարահանման հրապարակում: Արման Մարությանի խոսքով՝ երեխաներն այս նախագծի ուժեղ օղակ են»:
Թե որքանո՞վ են «Ազիզյանների» գլամուրային Մարին նման իրական Մարի Պետրոսյանին, դերասանուհին պատասխանեց.
«Իմ հերոսուհին տարբերվում է այժմյան ստանդարտ գլամուրային աղջիկներից, նա ունի նաև այլ հետաքրքրություններ: Մենք միմյանց որոշ նմանություններ ունենք, իհարկե, բայց միևնույն է, սիթքոմում ես իրական Մարիին չեմ խաղում»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am