Սլովակիայում ազգությամբ հայ լրագրող Արտակ Ճուղուրյանը քիչ առաջ դիմել է Եվրամիության կենտրոնական և հայաստանյան գրասենյակներին, ինչպես նաև այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններին «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով: Անգլերեն գրված իր նամակում լրագրողը նշել է.
«Քիչ առաջ հայկական մամուլից տեղեկացա, որ պետական մարմինը փորձում է «հափշտակել» թեկնածուներից մեկի մանդատը՝ պատճառաբանելով, թե վերջինս հրաժարվել է դրանից: Սակայն թեկնածուն համաձայն չէ և հայտարարում է՝ տեղի ունեցածը չի համապատասխանում իրականությանը, այն ճշմարտություն չէ: Եվ սա միակ դեպքը չէ: Արդյո՞ք սա դեմոկրատիայի դրսևորում է: Արդյո՞ք ԵՄ հարգելի ներկայացուցիչները տեղյակ են այս ամենից և հետևում են զարգացումներին: Այսօր Երևանում կարևոր ժողով է տեղի ունենալու (ամենայն հավանականությամբ, նկատի ունի ԿԸՀ նիստը-խմբ.), կապված պատգամավորների ցուցակի հետ: Դուք հետևո՞ւմ եք դրան: Տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս են վարվում քվեների հետ Հայաստանում: Ի՞նչ դիրքորում ունեն ԵՄ հարգելի ներկայացուցիչները: Ես որևէ արձագանք մամուլում չեմ հանդիպել: Որպես սլովակ հեռուստալրագրող՝ ես լուսաբանել եմ տասնյակ ընտրություններ տարբեր երկրներում. Բրատիսլավա, Չեխիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս: Երբեք նման դեպք չեմ տեսել:
Լինելով արմատներով հայ՝ ինձ շատ անհանգստացնում է Հայաստանում այս իրավիճակը: Որոշ դեպքերում անհանգստացնող ինֆորմացիա կա այն մասին, որ փորձ է արվում ժողովրդավարական ճանապարհով ընտրված որոշ թեկնածուների զրկել մանդատից: Խնդրում եմ ստուգել, թե ինչպե՞ս են վարվում մանդատների հետ ընտրություններից հետո: Որտե՞ղ կարող եմ գտնել ԵՄ ներկայացուցիչների արձագանքն այս ամենին»: Արտակ Ճուղուրյանը լուսանակրում՝ աջից:
Նյութի աղբյուրը` Newsbook.am