Շինուհայրում գտնվող Կուսանց անապատ (1670թ.) և Սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցիների (1676թ.) հատակը, խորանը, ներքնախորշն ամբողջությամբ քանդված են: Եկեղեցիներում ավերածություններ գործել են գանձագողերը, ենթադրաբար՝ երկու տարի առաջ: Գանձեր գտնելու ակնկալիքով նրանք Կուսանց անապատի պատից պոկել են նաև խաչքարը: Ուշ միջնադարյան այս եկեղեցին եղել է գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել և պատկերազարդվել են մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը գտնվում են Մատենադարանում:
Գանձագողերն ավերածություններ են գործել նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող Որոտնավանք (11-րդ դար) վանական համալիրում: Օժանդակ շինություններից մեկի երդիկն ու պատը 1 քմ տարածքով քանդել են և մուտք գործել եկեղեցի՝ հավանաբար վանքում թաղված Սյունյաց Շահանդուխտ թագուհու և իշխան Սևադայի «գանձերը» գտնելու ակնկալիքով:
Մեղրի քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) խորանը, մկրտության ավազանը, ներքնախորշը նույնպես ամբողջովին քանդել են: Եկեղեցին ներկայումս վերականգնվում է, վերականգնելուց առաջ շրջակայքում պեղումներ են իրականացրել: «Եկեղեցու աղոթարանի տակից բացառիկ բան գտանք, որը կարող էր պատմություն փոխել, բայց մինչ այդ գանձագողերն ամբողջովին ավերել էին դամբարանը ոսկի գտնելու ակնկալիքով»,– ասում է պեղումներն իրականացրած հնագետ Արման Նալբանդյանը:
Նշված բոլոր եկեղեցիները հաշվառված են Հայաստանի պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրանց պահպանությունն իրականացնում է մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Կնիք
Նշված եկեղեցիներում կատարված ավերածությունների մասին ՊՈԱԿ-ը հաղորդագրություններ չի տարածել, բացառությամբ Որոտնավանքի:
Որոտնավանքը գանձագողերի թիրախ էր դարձել նաև 2014թ., հենց նույն տեղում քանդվել ու փոս էր փորվել, սակայն հետո պատի քանդված քարերը վերաշարվել էին: Քրեական գործը երկու ամիս հետո կասեցվել էր` մեղադրյալի անձը հայտնի չլինելու հիմքով: 2016թ. մարտի 10-ին կատարված ավերածության փաստի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Գանձագողերի ավերածության թիրախ են դառնում պատմության և մշակույթի բոլոր տեսակի անշարժ հուշարձանները՝ ամրոցներ, գյուղատեղիներ, միջնադարյան գերեզմանոցներ, ջրաղացներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր։ Թե ինչ ավար են ձեռք գցում նրանք թվարկված եկեղեցիներն ու մնացած հուշարձաններն ավերելով՝ պատկերացում կարող ենք կազմել միայն վաճառելու նպատակով շրջանառվող կամ արդեն վաճառված պատմամշակութային արժեքներին ծանոթանալով: Ստորև ներկայացված լուսանկարներում հայտնաբերված և գնորդ գտնելու ակնկալիքով սոցիալական ցանցերում, հնագետների ու արվեստագետների շրջանում, հյուրանոցներում, Վերնիսաժում շրջանառվող առարկաներն են:
Շատ արժեքավոր բաներ են գտնում, տեսնես` կխենթանաս, ես Սյունիքից բերված թրեր, նետ ու նիզակներ եմ տեսել, որոնց նմանը մեր թանգարաններում չկա: Դրանք 700 դոլարով վաճառեցին»,- պատմում է վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:
Պրն Նալբանդյանը ներկայումս վերականգնում է Մեղրի քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցին: «Մեզնից առաջ հնագետը մտնում է, որ տարածքը մաքրի, որից հետո մենք աշխատենք: Պարզվում է, որ ավելի շատ բաներ են տարել, քան սպասում էինք, մենք բազմիցս ենք հանդիպել նման դեպքերի: Գանձագողության վնասն այն է, որ երբ գանձը գտնում ես, մշակույթ ու պատմություն ես ոչնչացնում: Հնագետն աշխատում է վրձնով, պատմական բոլոր շերտերն ուսումնասիրելով, իսկ նրանք գործում են տրակտորներով, պայթեցումներով, միայն թե միջից իրենց ուզածը գտնեն»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:
Ամբողջությամբ՝ hetq.am