Մասնագետները պայքարում են Երևանում ծնված հնգյակի առողջական վիճակի բարելավման համար
Advertisement 1000 x 90

Մասնագետները պայքարում են Երևանում ծնված հնգյակի առողջական վիճակի բարելավման համար

Մասնագետներն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակից երկուսին նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ «ՍԻՊԱՊ» (SIPAP) համակարգին միացնելու համար։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Մայիսի 5-ի առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին նախարարությունը հայտնում է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ «ՍԻՊԱՊ» (SIPAP) համակարգին միացնելու համար։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Մասնագետների կողմից գիշեր ու զօր ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։

Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը  գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ`առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։

Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։ Հնգյակի բուժման ընթացքում որևէ խնդիր առաջանալու դեպքում նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: