ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը երկարամյա ծառայությունից հետո, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։
Մեր հարցին, թե ինչո՞ւ է որոշել ազատվել աշխատանքից, Գրիգորյանը պատասխանեց. «Դեռ մեկնաբանություն չունեմ»: Ճշտող հարցին` այլ աշխատանքի անցնելո՞ւ է, Գրիգորյանը կրկին նույն պատասխանը տվեց:
Նշենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատած եւ զինվորական ծառայությունից արձակված Էնրիկո Ապրիամովը երեկ նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Թե ինչ կապ ունեն այս նշանակումն ու Գրիգորյանի ազատումը, դեռ պարզ չէ:
Գրիգորյանը չցանկացավ այլ հարցերի պատասխանել:
Նիկոլայ Գրիգորյանը ՀՀ ոստիկանությունից ԱԻՆ է տեղափոխվել 2010թ.-ին: 2010-2011 թթ. եղել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող:
2011 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: