«Հեգնական հնչերանգը ինտելեկտի նշան է». Վիկտոր Շենդերովիչը Երևանում. media.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հեգնական հնչերանգը ինտելեկտի նշան է». Վիկտոր Շենդերովիչը Երևանում. media.am

Գրող, հրապարակախոս, Վիկտոր Շենդերովիչը ժամանակակից Ռուսաստանի նշանային ֆիգուրներից է: Նրա բոլոր տեքստերը (թե՛ գրական, թե՛ լրագրողական, թե՛ սքեթչային մանրապատումային) զինված են մաքրագործող հեգնանքով ու սուր շեշտադրումներով:

Նա գրում է հումորով ու խտացված իմաստներով սեղմ տեքստեր, որոնք լրագրության, օրվա թեմայի ու բարձր գրականության միաձուլումն են: Նրա լսարանը տարիների ընթացքում նույնպես խտացել ու թրծվել է: Աղմկով փակվեց նրա հեղինակային «Տիկնիկներ» քաղաքական երգիծական հեռուստաշոուն, արդյունքում նա դարձավ անցանկալի անձ ոչ միայն միլիոնանոց լսարան ունեցող հեռուստատեսությունում, այլև շատ այլ հարթակներում:

Բայց այդ իրավիճակում էլ նա նշանային ֆիգուր է: Իր գրեթե ամենօրյա տեքստերով նա հիշեցնում է մարդկային արժանապատվության ու ազատ ստեղծագործելու իրավունքի մասին:

Վիկտոր Շենդերովիչը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով այցելել էր Երևան ու մի քանի հանրային հանդիպումներ ունեցել հայաստանցիների հետ:

«Մեզանից դուրս ոչինչ չկա: Եվ եթե կա ազատություն, ապա այն մեր ներսում է: Իսկ ներսի ազատության հետ դրսից ոչինչ անել չի ստացվի: Նույնիսկ եթե դրսում դժոխք է»,- ասաց նա երևանյան հանդիպումների ժամանակ: Եվ մեջբերեց  Բենջամին Ֆրանկլինի խոսքերը՝ երբ մարդը հանձնում է իր ազատությունները անվտանգության դիմաց, չի ստանում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Վիկտոր Շենդերովիչը պատմեց, որ գտնվելով ճնշման ու անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի տակ, լավ գիտակցում էր, որ իրեն թողել են երկու ճանապարհ՝ էմիգրացիա կամ դեգրադացիա: Ռուսաստանից հեռանալ չպատրաստվող Վիկտոր Շենդերովիչը վստահ է, որ եթե մնում ես քո երկրում, լռելը անհասկանալի է: Եվ նա գրում է այն սակավաթիվ հարթակներում, որոնք մնացել են, ու խոսում է այն մարդկանց համար, որոնց համար վերլուծելը սովորություն է: «Մնում է քաղաքավարի պնդել կյանքի այն կանոնները, որոնք ճիշտ ես համարում»,- ասում է նա:

Եվ հիշեցնում, որ յուրաքանչյուր մարդ շատ բարակ քաղաքակրթական շերտ ունի: Եվ եթե ջանք գործադրվի, այդ շերտը մի քանի օրում կարող է վերանալ: Այսինքն, մի քանի օրում մարդուն կարելի է վերածել կենդանու: «Մեր վերնախավը շատ հաջող օգտագործեց մարդկային թերություններն ու ստորությունները, ընտելացրեց չարիքին որպես առօրյա երևույթի»,- ասում է նա:

Լրագրողական ու գրական տեքստերի միջև տարբերությունը մե՞ծ եք համարում, թե՞ սահմանագիծն աննկատ է:

Լրագրությունը տասնյակ ենթաբաժիններ ունեցող հսկայական մասնագիտություն է: Իհարկե, ես լրագրող չեմ, բայց իմ գործունեության կողմերից մեկը հրապարակախոսությունն է, որը դասական վերլուծական, տեղեկատվական լրագրություն չէ: Որպես հրապարակախոս ես արտահայտում եմ իմ զգացողություններն ու վերաբերմունքը: Դա իմ աշխատանքն է, անգամ կարող եմ ասել՝ պարտականությունը:

Ես ինձ համարում եմ գրականության մարդ:

Հումորը Ձեր ամենօրյա աշխատանքային նյութն է: Որքանո՞վ է ստացվում այն ներդնել, ներկառուցել տեքստերի մեջ թե՛ որպես վահան, թե՛ որպես խոցող գործիք:

Ես ոչինչ չեմ ներկառուցում, կարծում եմ դա սխալ, անգամ՝ տեխնոլոգիապես արատավոր մոտեցում է: Քանի որ եթե սովորաբար գրում ես մռայլ ոճով, իսկ հետո փորձում ես տեքստիդ մեջ գտնել տեղեր ռեպրիզներ ու կատակներ խցկելու համար (մտածելով, որ այդպես տեքստդ ավելի հեշտ կկարդացվի), ստացվում է ոչ կենսունակ նյութ: Եվ ընթերցողը դա շատ լավ զգում է:

Կարծում եմ՝ կարևորը բոլորովին այլ է: Հումորը, հեգնանքը ինտելեկտի նշաններ են: Հեգնանքը իրավիճակը կողքից տեսնելու հնարավորություն է: Եվ այդ պատճառով էլ ինքնահեգնանքով մարդու հետ հաճելի է գործ ունենալ, քանի որ նա ինքն իրեն կողքից է տեսնում:

Հեգնանքն ու հումորը որակական ցուցանիշներ են: Դիպուկ հեգնական հնչերանգը նշանակում է ներփանցում իմաստի մեջ: Ահա, թե ինչու է այն կենսունակ:

Կներեք, բայց առանց հեգնական հնչերանգի, հեգնական նոտայի ինտելեկտ չկա: Դա լուրջ տեքստի վրա փակցված զարդ չէ, այլ իմաստային հայացք, ամուր առանցք: Խնդրում եմ՝ չշփոթեք այդ հնչերանգը ցինիզմի, անտարբեր թքողականության, ցածրորակ կատակների հետ, որտեղ ցանցային կոորդինատների համակարգ չկա:

Հեգնանքը չափազանց բուժիչ ու էթիկական բան է: Այն պարունակում է ծիծաղ ուժեղի, լկտիի նկատմամբ, կասկած՝ ստի հանդեպ:

Դա կարծես մինուս է, որը հանված է իմաստային փակագծերից դուրս: Օրինակ, կեղծ կամ ճղճիմ դիրքորոշման հեգնական աջակցությունը ծիծաղ է առաջացնում ու բացահայտում է այդ դիրքորոշման ողջ կեղծիքն ու գռեհկությունը:

Իհարկե, հեգնանքը շատ հզոր գործիք է: Եվ այն ոչ մի դեպքում զարդ չէ, այլ՝ հենց ինքնաբավ գործիք:

Նկատելի է, որ հենց ինքնաբավ ու հեգնական տեքստերն են քչացել մեր մեդիա դաշտում (մեծ իմաստով՝ Հայաստանն ու Ռուսաստանը նույն բառային միջավայրում են) փոխարինվելով պարզունակ ու պաթետիկ հռետորաբանությամբ: Որքանո՞վ է դա վտանգավոր:

Ստանիսլաս Յեժի Լեցը, ում խոսքը հաճախ եմ մեջբերում, ասում էր՝ երբեմն հեգնանքը ստիպված է վերականգնել այն, ինչը քանդել է պաթոսը:

Պաթոսը միշտ քայքայիչ է: Պաթոսը կենսունակ չէ: Պաթոսը հաճախ հիմնվում է ստի վրա և նախատեսված է թաքցնելու ճշմարտությունն ու շեղելու հարցի բուն էությունից:

Ռուսաստանի վարչությանը հարցնում ես՝ կներեք, բյուջեում պետք է մի քանի միլիոն ռուբլի ունենայինք, բայց ըստ փաստաթղթերի ստացվում է, որ դրանք գողացվել են, ի վերջո, որտե՞ղ է այդ գումարը: Իսկ վարչությունը պատասխանելու փոխարեն, սկսում է խոսել մեր մեծ հայրենիքի մասին:

Ասում ես՝ կներեք, բայց ստացվում է, որ դուք զավթել եք իշխանությունը, իսկ քեզ պատասխանում են՝ առաջնայինը ժողովրդի շահն ու հանգստությունն է: Հետո անպայման խոսում են մեր մայրերի ու մեր երեխաների մասին… Այսինքն, սկսում են գլուխ արդուկել: Եվ որպես կանոն՝ քեզ հակադարձելու տեղ չի մնում: Այդ պատճառով էլ ամենամեծ հայրենասերները գողերն են (իհարկե, ես հիմա խոսում եմ զուտ բառապաշարի մասին):

Կան դիտարկումներ, որ այն ռեժիմները, որոնք ամրապնդվում են իշխանության մեջ ու չեն պատրաստվում հեռանալ, այսինքն՝ բռնակալալան ռեժիմները, որպես կանոն դիմում են հայրենասիրական լեքսիկային:

Չեք գտնի իշխանությունը ուզուրպացրած որևէ ռեժիմի ներկայացուցչի, որը զերծ է հայրենասիրական պաթոսից: Բոլորն են այդպիսին՝ Նապոլեոնը, Ստալինը, Հիտլերը, Ուգո Չավեսը, Պուտինը…

Բոլորը հայրենասեր են:

Եվ դա նաև տարածվում է դպրոցներում:

Բնականաբար: Հայրենասիրական բառապաշրը ախտանիշ է, որ ձեզ պատրաստվում են թալանել, խաբել, շեղել ձեր ուշադրությունը: Դա նման է աճպարարի մասնագիտությանը. մոլորեցնող շարժման կամ վառ օգնականուհու շնորհիվ կատարվում է ուշադրություն բթացում ու շեղում այն տեղից, որտեղ կատարվում է բուն աճպարարությունը:

Եթե լսում եք բարձրաձայն, անթաքույց ու անամոթ հայրենասիրական հռետորիկա՝ հայրենիքի, անվտանգության, սուրբ սահմանների ու ժողովրդի մասին, վստահ եղեք, որ ենթարկվում ենք մանիպուլյացիայի:

Կարող եմ ասել նաև հակառակը՝ չեք գտնի ոչ մի ինտելիգենտ մարդու, որը իրեն թույլ կտա հրապարակային ու բարձրաձայն խոստավանել իր սերը հայրենիքի հանդեպ:

Չեխովի մոտ չեք գտնի անգամ մեկ բառ հայրենասիրության մասին: Այն պարզապես չկա: Չեխովը որպես բժիշկ աշխատում էր հեռավոր Սախալինում, անվճար բուժում գյուղացիներին, ուսումնասիրում բանտերն ու մասնակցում մարդահամարի կազմակերպմանը: Նա լուրջ հանրային գործիչ էր, որն ահռելի ջանքեր ու ժամանակ էր ծախսում հանրային նշանակության գործեր անելու համար: Բայց նրա համար «հայրենասիրություն» բառը պարզապես գոյություն չուներ:

Որքա՞ն սադրիչ կարող է լինել երգիծական տեքստը, այդ թվում նաև՝ լրագրողական:

Երգիծական տեքստն անկասկած պետք է դիպչի ցավոտ կետին, և ցանկացած կտրուկ խոսք արդարացված է: Երգիծանքը ընդհանրապես պրովոկատիվ է: Որքա՞ն: Որքան ուզեք:

Իմ տեսակետը շատ հստակ է՝ չեն կարող լինել ոչ մի տեսակի արգելքներ: Տեքստը կարող է լինել ծայրահեղ սադրիչ, իսկ մնացածն արդեն ճաշակի հարց է: Եվ եթե հարցնում եք սադրանքի աստիճանի մասին, եկեք սկզբից պայմանավորվենք, թե ինչի մասին ենք խոսում՝ օրենքի՞, թե՞ ճաշակի:

Եթե խոսում ենք օրենքի մասին, ապա այսօրվա եվրոպական պրակտիկայի համաձայն՝ բոլոր դատական գործերը, որոնք վիրավորված քաղաքական գործիչները հարուցել են լրագրողների դեմ, հաղթել են լրագրողները: Ոչ մի հակառակ նախադեպ չկա: Այդ տեսանկյունից լրագրողը բացարձակապես պաշտպանված է և իրավունք ունի քննադատելու ցանկացած պաշտոնական անձի:

Քաղաքական գործիչը հանրային դեմք է և ստորագրում է այն պնդման տակ, որ ինքը բացարձակապես բաց է քննադատության համար:

Իսկ քննադատությունը կարող է լինել ցանկացած ձևի ու կոշտության ցանկացած աստիճանի: Եվ հանրային դեմքը ընդունում է դրան դիմակայելու պարտականությունը: Եթե դա ոմանց դուր չի գալիս, թող սահմանափակվեն անձնական կյանքով ու նրանց մասին ոչ ոք չի գրի:

Այլ բան է մասնավոր անձերի քննադատությունը, և բոլորովին այլ՝ հանրային անձերի:

Հրապարակայնությունը ոչ թե պաշտպանություն է քննադատությունից, այլ հակառակը՝ քննադատությանը դիմանալու պարտավորեցում: Ինչպես ասում են՝ նրանք գտնվում են հանրային ծառայության փուլում: Սա այն է, ինչ վերաբերում է օրենքին:

Իսկ ճաշակն ավելի բարդ հարց է: Կատակը կարող լինել հաջող կամ անհաջող, համեղ կամ անհամ: Բայց այս հարցում ոչ մի կերպ չի ստացվի որոշել սադրանքի սահմանները, դա ցուցանիշ չէ: Ասենք, կատակը կարող է լինել հաջող և գրեթե տուգանային գոտու եզրին: Բայց կարող է լինել նրբանկատ ու բոլորովին անհաջող: Դրանք իրար հետ կապված չեն, դա արդեն տաղանդի հարց է:

Ամենավառ օրինակներից է, իհարկե, «Շարլի Էբդոն», որը ծայրահեղ սուր, գրեթե սադրանքի վերջնագծին հասած երգիծական լրագրության օրինակ է: Եվ հենց «Շարլի Էբդոյի» պատմության միջով անցավ շատ լուրջ ջրբաժան, քանի որ «Շարլի Էբդոյի» լրագրողների սպանությունից հետո շատերը սկսեցին գրել, որ լրագրողներն իրենք էին մեղավոր՝ սադրելով ահաբեկչական հարվածը:

Իմ կարծիքով՝ դա պարզապես հրեշավոր դիրքորոշում  է, որն ինքն է սադրում նոր հանցանքների: Ի վերջո, դա հենց այն է, ինչին ուզում էին հասնել ահաբեկիչները: Այսինքն, անել այնպես, որ լրագրողները ներողություն խնդրեին, անհարմար զգային սեփական ծաղրանկարների համար ու նահանջեին:

Ոչ, այդպես չպիտի լինի: Խոսքի ազատությունը, և երգիծանքը որպես խոսքի ազատության սրածայր ճյուղավորում, ժողովրդավարության «սուրբ կով»-ն է:

Այնտեղ, որտեղ որևէ խմբավորման կամ կրոնի ներկայացուցիչներ սկսում են մեզ թելադրել, թե ինչպես կարելի է և ինչպես չի կարելի, այսինքն, փորձում եմ մեզ բռնությամբ շանտաժի ենթարկել, միանգամից վտանգ է հայտնվում:

Եվ այդ իրավիճակին կարելի է դիմադրել միայն մեկ ճանապարհով՝ համերաշխությամբ ու համախմբումով՝ ընդդեմ ավազակակախմբերի:

Իսկ ինչի՞ ախտանշան է «ազգային» բառի գործածումը գրեթե բոլոր հանարային ելույթներում ու տեքստերում:

Որքան թույլ է ազգը, որքան քիչ են առիթները կոնկրետ ոլորտներում հպարտանալու ու կոնկրետ գործերով բավարարվելու, այնքան մեծ նշանակություն է ստանում ազգային հարցը: Դա նույնպես պատմության հիմքերն են, պատմության այբուբենը: Եվ որը, ցավոք, անընդհատ կրկնվում է:

Ազգային հարցը ծագում ու շեշտադրվում է այն ժամանակ, երբ վարչությունը քվեների ու աջակցության կարիք է զգում: Այդ պահերին սկսվում է աչքերը մշուշել արցունքներով:

Չեմ հիշում մի դեպք, երբ անգլիական ընտրությունների ընթացքում խոսք գնա անգլիական ազգի ընտրյալ լինելու մասին: Բոլոր բանավեճերն ու քննարկումները տեղի են ունենում չափազանց գործնական հարցերի շուրջ: Ասենք, հարկերի, միգրացիոն քաղաքականության, ներքին քաղաքականության և այլն:

Մարդկանց չպիտի համոզես, որ իրենք մեծ ու եզակի են: Հավատացնում եմ՝ մարդիկ շատ լավ գիտեն, թե իրենք ինչպիսին են:

Նրանք պարզապես ուզում են իրենց կոնկրետ խնդիրները լուծել: Իսկ երբ վարչությունը ի վիճակի չէ առաջարկել այդ խնդիրների լուծումները, սկսում է ազգայինի շահարկումը:

Հիմա բոլորը սպառում են ահռելի քանակի տեքստեր՝ սոցցանցերում ամենօրյա ռեժիմով գրում, կարդում, մեկնաբանում են: Գրելու գործը սրբազերծվեց: Մարդը փոխվու՞մ է:

Սոցիալական ցանցերը պարզապես հնարավորություն տվեցին ավելի ադեկվատ պատկերացում կազմել ինքներս մեր մասին: Նախկինում գրողների ակումբը ընտրյալների ակումբ էր, քանի որ հարկավոր էր տպագրական ճանապարհ անցնել (լինել կամ շատ տաղանդավոր, կամ շատ ճարպիկ) մոտենալու համար ընտրյալների խմբին:

Իսկ այսօր այնպիսի ժամանակներ են, երբ կարող է խոսել ցանկացած ոք: Մի կողմից դա հիանալի է, քանի որ ցանցից ստանում ենք ահռելի քանակի փայլուն տեքստեր ու մտքեր: Հանկարծ հայտնվեցին մարդիկ, որոնց գոյության մասին մենք պատկերացում անգամ չունեինք: Բայց նրանք հայտնվեցին և մենք նրանց կարդում ենք:

Իհարկե, հայտնվեցին նաև տարբեր տեսակի ապուշներ, ինչը նույնպես անխուսափելի է:

Մարդիկ չեն փոխվում, պարզապես սոցցանցերի շնորհիվ բոլորն ավելի տեսանելի դարձան:

Ցանցը տեսանելի դարձրեց մարդկությունը: Տեսանելի դարձան մարդկության զանգվածային արատները, յուրահատկությունները, սնապարծությունը: Բայց նաև՝ համերաշխությունն ու աջակցելու կամքը:

Սոցիալական ցանցերը մեղավոր կամ անմեղ լինել չեն կարող: Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք: Սոցիալական ցանցերը պարզապես դա ցույց տվեցին ավելի հստակ, քան նախկինում տեսանելի էր:

Հասկանալի է, որ լինելով հետսովետական տարածքում ու կապված լինելով Ռուսաստանի հետ, Հայաստանը ընդօրինակում է նաև վարչական մոդելը: Կստացվի՞ դուրս գալ այդ փակ շրջանից:

Ես քաղաքագետ չեմ, կարող եմ միայն շատ ընդհանուր մտորումների մասին խոսել:

Արդեն շատ վաղուց հայնտագործված է դեմոկրատական հեծանիվը, որի օգնությամբ կարելի է անվտանգ ու հաճելի ճանապարհ անցնել: Դեմոկրատական հեծանիվը ենթադրում է պարզ բաներ՝ խոսքի ազատություն, գործադիր և օրենսդիր իշխանությունների տարանջատում, անկախ արտարադատություն ու իշխանությունների վերարտադրության կասեցում:

Դրանք շատ պարզ բաներ են: Պարզ մեխանիզմ է, առանց որի առաջ շարժվել չես կարող: Այն պետությունները, որոնք փորձում են առանց այդ մեխանիզմի գոյատևել, շարունակում են մնալ երրորդ աշխարհի երկների շարքում:

Դրանք կարող են լինել հարուստ կամ աղքատ, ունենալ նավթ կամ չունենալ ոչինչ, լավ կամ վատ լուծել ամենօրյա մարտահրավերները, բայց միևնույն է դրանք բոլորը երրորդ աշխարհի երկներ են:

Այնպես որ, դեմոկրատական այդ հեծանիվը վաղուց արդեն հայտնագործված ու փորձարկված է: Ապացուցված է նաև, որ այն աշխատում է: Ընդ որում՝ աշխատում է ամենուրեք՝ Չիլիից մինչև Ճապոնիա, Նոր Զելանդիայից մինչև Նորվեգիա:

Հարկավոր է պարզապես գործի դնել այդ տրանսպորտի միջոցն ու պահպանել այն աշխատանքային վիճակում: Ահա և վերջ:

Միգուցե կարելի է սկսել ռուսական հեռուստատեսության հեռարձակման դադարեցումից:

(ծիծաղում է-խմբ)… Այնուամենայնիվ կարծում եմ, որ դա առաջնային խնդիր չէ:

Նունե Հախվերդյան

media.am