Ջազ-դաշնակահար, բազմաթիվ մրցույթների հաղթող Տիգրան Համասյանը մենահամերգներով հանդես կգա հայ երաժշտասերների համար: Համերգները կկայանան մայիսի 7-ին և 8-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս և ապագա ծրագրերի մասին դաշնակահարը զրուցեց մայիսի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Հնչելու են իմ նոր «An ancient observer» խորագրով ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործությունները: Ալբոմում զետեղվել են վերջին չորս տարվա ընթացքում ստեղծված գործերը: Այն թողարկվել է մարտի 31-ին»,- նշեց դաշնակահարը և հավելեց, որ ամեն անգամ Հայաստանում համերգ տալիս մեծ էներգիա է ծախսում, քանի որ պատասխանատու է իրեն զգում հայրենակիցների առաջ:
Երաժշտի խոսքով` ինքը պատրաստվում է էտյուդների նոր շարք գրել, որը հիմնված կլինի բացառապես ժողովրդական պարզ մեղեդիների վրա, որոնք ռիթմիկ և հետաքրքիր կլինեն:
«Ժողովրդական և հոգևոր երգերի մշակումներ անելիս անհրաժեշտ է դրանք լավ ուսումնասիրել, հասկանալ և հիմնավորված մոտեցումներով մատուցել, հակառակ դեպքում քեզ չեն ընկալի»,- ասաց Համասյանը:
Ըստ նրա`արտասահմանում հայկական ժողովրդական մեղեդիներն ընկալվում են որպես էկզոտիկա, իսկ հայրենիքում հանդիսատեսը գեղագիտական հաճույք է ստանում դրանցից:
Անդրադառնալով Հայաստանում ջազ երաժշտությանը` նա ընդգծեց, որ չկա մրցակցություն, քիչ են երաժիշտները և երաժշտության քննադատները, հավանաբար դա է պատճառներից մեկը, որ իր ներկայացրած գործերը գրեթե չեն քննադատվում:
Մինչ 2018 թվականի ավարտը Տիգրան Համասյանը մենահամերգներով հանդես կգա Ժնևում, Մոսկվայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և այլ երկրներում: