Շուտով կունենանք ավելի լավ տեխզննման համակարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա դիտարկմամբ`տրանսպորտային միջոցների տեխզննման համակարգն այսօր կրում է ոչ պատշաճ բնույթ:
«Ներկայումս տրանսպորտային միջոցների վարորդները, վճարում կատարելով, գնում են կտրոնը և ոչ մի տեխզննում չեն անցում: Մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի արդյունքում կկարգավորվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը: Նախ` բարեփոխումը լինելու է այն, որ տեխզննման կտրոնը վերանալու է, վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային համակարգով: Հսկողություն իրականացնող բոլոր մարմինները կարող են տեսնել տրանսպորտային միջոցը տեխզննում անցել է, թե` ոչ: Մինչև մեքենան չգա տեխզննման կայան, չկանգնի ստենդի վրա, չզննվի` էլեկտրոնային համակարգ չի մտնելու»,- ասաց Մարտիրոսյանը:
Նախարարի խոսքով` բարեփոխումները պահանջում են ժամանակ, և դրանք կիրականացվեն ընթացիկ տարվա ընթացքում:
Նա նշեց, որ գործընթացը փորձնական իրականացրել են մի քանի կայանների հետ, և ժամանակ է հարկավոր, որպեսզի խնդիրները վերացվեն: