«Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող դամբարաններից մեկի հարավային պատաշարին օրերս հայտնաբերվել են 60 սմ-ից մինչև մեկ մետր բարձրությամբ անցքերով երեք քար։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի խոսքով` գտածոն կարևոր նշանակություն ունի հնավայրի հետագա ուսումնասիրության համար:
«Նմանատիպ քարեր կան դամբարանի երկու ծածկերի վրա, բայց պատերի վրա հայտնաբերվածն առաջին դեպքն է»,- ասել է Աշոտ Ավագյանը` պատճառաբանելով, որ խոտածածկը թույլ չի տվել մինչ օրս նկատել դրանք: Ըստ արգելոցի վարիչի`դա ևս մեկ ապացույց է, որ «Զորաց քարերն» աստղադիտարան չի եղել, քարերն այնտեղ են բերվել շինարարական նպատակներով, անցքերն էլ արվել են դրանց տեղաշարժի համար:
Աշոտ Ավագյանի փոխանցմամբ, հուլիսին հնագիտական արշավախումբը նախատեսում է վերսկսել պեղումները կենտրոնական դամբարանի և մի շարք այլ հատվածներում:
«Զորաց քարեր» հնագիտական բնակատեղիի 2016 թ. պեղումների ժամանակ գտնվել են ﬔծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, երկաթից պատրաստված զենքերի և աշխատանքային գործիքների մնացորդներ, 11-13-րդ դարերով թվագրվող ապակե ապարանջան, իսկ կենտրոնական դամբանախցից` չորս ծածկասալ, որոնց մի մասը` դարձյալ անցքերով: