ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ սիրիահայ գրող, լրագրող Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանի «Ձա՛յն տուր, ծա՛ռ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյ ուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանի բեղմնավոր գրիչը. «Լինելով այսքան երիտասարդ՝ իր չորրորդ գիրքն է հրատարակում: Մարիանան թղթակցում է Սփյուռքի մի շարք թերթերի՝ Բեյրութի «Ազդակ»-ին, Հալեպի «Գանձասար»-ին, Ամերիկայի «Ասպարեզ»-ին: Ինձ համար Մարիանան հերոս է նախ այն բանի համար, որ շարունակում է ապրել Հալեպում, հայոց լեզու դասավանդել հայ մանուկներին, ապա նաև՝ ժամանակ գտնել ստեղծագործելու համար, -նշեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, – ուրախ եմ, որ Մարիանայի նախորդ՝ «Բո ղբոջող անմոռուկներ» խորագրով ժողովածուի շնորհանդեսը նույնպես կազմակերպվեց Հայրենիքում և մեր նախարարության աջակցությամբ»:
Անդրադառնալով ժողովածուի վերնագրին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ծառը կյանքի, սիրո և ուրախության խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության մասին գրելով՝ Մարիանան ընդգծում է, որ մեր ժողովուրդը վերապրեց այն և լավատեսորեն հավատում է, որ միասնական ուժերով հզորացնելու ենք մեր երկու 25-ամյա պետությունները՝ Հայաստանն ու Արցախը:
Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորեց հեղինակի՝ հայ հավատքին ամուր կառչած մնալու և ընտանիքում օրինակելի կին, մայր լինելու հանգամանքները:
«Պատահական չէ, որ հայ բանասերի մասնագիտությունը ձեռք ես բերել Մայր բուհում, և համոզված եմ, որ այս փոքրիկ հողից ես ստանում ստեղծագործելու քո ներուժը: Ցանկանանք, որ Սիրիայում շուտով ավարտվեն ռազմական գործողությունները և նորից ծաղկի Հալեպը, նորից վերընձյուղվի մեր սիրիահայ համայնքը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրումի համար նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը՝ նշելով, որ տարիներ շարունակ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ լույս տեսնող «Գրական Սփյուռք» տարեգրքում սիրով ընտրվում և տպագրվում են նաև Մարիանայի բանաստեղծությունները:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժիկ Սրապիոնյանը խոսեց ժողովածուի բովանդակային և կառուցվածքային առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով, որ Մարիանայի խոսքը աստվածատուր է: «Նա առաջին բանաստեղծներից էր, որ արձագանքեց Արցախյան քառօրյա պատերացմին՝ ապրիլի 5-ին գրելով իր «Արցախին» բանաստեղծությունը», -ասաց նա:
Միջոցառմանը ներկա գրականագետներն ու հրատարակչական գործի կազմակերպիչները միաձայն նշեցին, որ Մարիանայի ստեղծագործությունն անթաքույց կապված է արևմտահայ պոեզիայի հետ:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ հեղինակը: Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին՝ իր գրքերի շնորհանդեսները կազմակերպելու, իր ստեղծագործությունները բարձր գնահատելու և հայաստանցի հասարակությանը հասցնելու ջանքերի համար:
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ, այո՛, Հայաստանում ապրող իմ հայրենակիցներն են մեր Հայրենիքի պահապանները: Ես էլ մեծ ցանկություն ունեմ ի վերջո վերադառնալ և բնակություն հաստատել Հայրենիքում», – նշեց հեղինակը: