Արվեստը մարդուն թևեր է տալիս, հնարավորություն՝ լինելու ազատ, անկախ, ստեղծելու այն իրականությունը, որին ձգտում են շատերը, սակայն ոչ բոլորին է դա ընձեռված, այլ միայն նրանց, ովքեր օժտված են նման տաղանդով: Իսկ գեղանկարիչ Մհեր Չատինյանն այդ տաղանդն իր մեջ հայտնաբերեց բոլորովին պատահաբար, երբ դեռ սովորում էր 10-րդ դասարանում:
– Ես մի դիմանկար նկարեցի, և, երբ հայրս տեսավ այն, ով ևս նկարիչ է, չհավատաց, թե դա իմ աշխատանքն է, և նա ինձ խնդրեց էլի ինչ-որ մի բան նկարել, որից հետո սկսեց լրջորեն զբաղվել ինձ հետ: Ճիշտն ասած, սկզբում, երբ սկսեցի նկարել, առանձնապես չէի սիրում արվեստը, նկարելը: Վանաձորում սովորեցի Գեղարվեստի ակադեմիայում, բայց իրականում ամեն ինչ ինձ սովորեցրել են հայրս և պապս, ով նույնպես նկարիչ է: Իսկ մի անգամ ես տեսա Միխայիլ Վրուբելի «Վարդը գավաթի մեջ»-ը, ապա ես ծանոթացա նրա արվեստին, որն էլ ինձ համար դարձավ ոգեշնչման աղբյուր:
– Ասում են՝ նկարչի աշխարհը բոլորովին այլ է. ինչպիսի՞ն է Ձերը:
– Բնականաբար, նկարչի աշխարհը շատ տարբեր է, բայց իմ կարծիքով՝ յուրաքանչյուրն ունի իր աննկարագրելի աշխարհը, և առանձնացնել նրանց՝ նկարիչների և ոչ նկարիչների, չարժե, ամեն մարդ, հենց ինքը մի առանձին աշխարհ է:
– Ձեր նկարների իրականությունն առանձնանում է իր գունեղությամբ, իսկ իրական կյանքն ինչպիսի՞ն է, ինչպիսի՞ն եք Դուք:
– Իրական կյանքում ես գուցե այդքան էլ ուրախ մարդ չեմ, չեմ սիրում շփվել, նախկինում չեմ ունեցել ընկերներ, բայց հիմա հպարտորեն կարող եմ ասել, որ ունեմ լավ ընկերներ, ովքեր ինձ շատ են փոխել՝ թե՛ որպես մարդ, և թե՛ որպես նկարիչ, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև փոխվել է բնավորությունս:
– Ի՞նչն է Ձեզ մղում դեպի վրձինը, ի՞նչ է Ձեզ «ստիպում» ստեղծագործել:
– Ինձ ոչինչ չի ստիպում նկարել: Մարդուն ի՞նչն է ստիպում շնչել կամ սնվել, դա կարիքն է, առանց որի չես կարող ապրել, նույնն է նկարելու դեպքում՝ առանց նկարելու դժվար թե ապրեմ:
– Ունե՞ք այնպիսի մի նկար, որը կարող է պատմել Ձեր մասին:
– Ամեն մի նկար էլ կարող է պատմել իմ մասին, չկա այնպիսի մի հստակ նկար, որ ասեմ, թե՝ ա՛յ, սա ինձ է վերաբերում, կամ պնդեմ հակառակը, յուրաքանչյուր նկարում ես կամ, և որքան հաջողված է այդ նկարը, այդքան անկեղծ եմ եղել նկարը ստեղծելիս:
– Կա՞ այնպիսի մի հայ նկարիչ, ում գործունեությանը հետևում եք:
– Ներկա հայ նկարիչներից շատ քչերին եմ հետևում, ինչպես օրինակ՝ Դավիթ Երևանցի, Ռոբերտ Էլիբեկյան, Էդուարդ Խարազյան:
– Շփում ունեցե՞լ եք օտարերկրացի նկարիչների հետ, ինչպիսի՞ տարբերություններ կարող եք նշել, արդյո՞ք նրանք ստեղծագործելիս ավելի անկախ են, ավելի ազատ են:
– Այո, շատ եմ շփվել օտարերկրացի նկարիչների հետ, և տարբերությունն ազատությունը չէ, այլ այն, որ նրանք չեն մտածում վաղվա օրվա մասին, թե ինչպես գումար վաստակեն… նրանք նկարում են այն, ինչ ուզում են, իսկ մեզ մոտ շատ դեպքերում նկարում են այն, ինչը չեն ուզում՝ վաղվա օրվա մասին մտածելով: Այնտեղ՝ Եվրոպայում են դառնում իսկական նկարիչ, որտեղ կան մեծ պատկերասրահներ, ցուցասրահներ, իսկ մենք չունենք նման բաներ: Օտարերկրացիները մեզնից տաղանդավոր չեն, ուղղակի անում են այն, ինչ ուզում են, ու անում են անկեղծ:
– Այսինքն՝ օտարերկրացի նկարիչները, ըստ Ձեզ, շատ ավելի անկեղծ են, քան հայերը, բայց ինչո՞վ է պայմանավորված այդ անկեղծությունը, և ինչո՞ւ մենք չենք կարող լինել անկեղծ:
– Չենք կարող լինել անկեղծ, որովհետև չկա անկեղծ արվեստի պահանջարկ: Կա Արարատի ու նման ոճի նկարների պահանջարկ, որտեղ չկա անկեղծության հետք: Եթե անկեղծ նկարեն, չեն ունենա գնորդ, դրա համար էլ չեն նկարում:
– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ մակարդակում է գտնվում գեղանկարչությունը Հայաստանում:
–Հայաստանում չկա գեղանկարչություն, կան առանձին լավ նկարիչներ, ու վերջ: Հայաստանի գեղարվեստի վիճակն այնպիսին է, ինչպիսն ինքը՝ Հայաստանն է, այսինքն՝ շատ ու շատ ողորմելի վիճակում: Մեծ արվեստ կարող է լինել հզոր երկրում, իսկ Հայաստանը, մեղմ ասած, այդքան էլ հզոր չէ: Ամենուր ռաբիսն է իշխում, լինի դա կերպարվեստում, երաժշտությա՞ն, թե՞ մի այլ բնագավառում: Ներկայիս Հայաստանը գերեզման է՝ տաղանդավոր, մեծ հեռանկարներ ունեցող արվեստագետների համար:
– Ունե՞ք մի անկատար երազանք, որին դեռ ձգտում եք:
– Երազանքներ ունեմ, ու դեռ ոչ մեկը չի կատարվել, այնպես որ, դեռ աշխատելու շատ տեղ ունեմ:
– Արվեստագետներից շատերն ունենում են մի ինչ-որ իր՝ թալիսման, որը միշտ կրում են իրենց հետ, Դուք ունե՞ք այդպիսի մի թալիսման:
– Այո ունեմ, 5 տարեկան Սոնայի փոքրիկ նվերը:
– Ունե՞ք նորություններ արվեստասերների համար:
– Այո, ցուցահանդես եմ ծրագրել, բայց թե ինչ ցուցահանդես է լինելու, դա դեռ գաղտնիք է:
Արփինե Հախվերդյան