Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ձերբակալվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 2011 թվականին պատգամավոր ընտրված Ահմեթ Թևֆիք Ուզունը: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու առնչությամբ Մերսինի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
Գյուլենը հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ փորձը կազմակերպել է հենց Էրդողանը երկրում իր իշխանությունն ավելի ամրապնդելու նպատակով: