Հայաստանում մտքի, կրոնի, խղճի ազատության իրավունքի ոլորտում մենք լուրջ կամ սկզբունքային խնդիրներ չունենք և համապատասխան խնդիրների առկայությունը հանգուցալուծվել է այն օրենսդրական փոփոխություններով, որոնք ժամանակին ընդունվել էին: Այս մասին այսօր տեղի ունեցած «Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողովից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Նրա խոսքով` մեր օրենսդրությունը որոշակի թարմացման կարիք ունի այս ոլորտում:
«Եղել են որոշակի դիրքորոշումներ, որոնք արտահայտվել են ՄԻԵԴ-ի կողմից, սակայն այդ խնդիրները ժամանակին լուծվել են և սկզբունքային խնդիրներ մենք չենք տեսնում: Համապատասխան օրենսդրական փոփոխություններն էլ, որոնք սպասվում են` հեղափոխական չեն լինելու»,- ասաց փոխնախարարը:
Քոչարյանն, որպես օրինակ նշեց, որ ժամանակին ՄԻԵԴ-ում այլընտրանքային զինվորական զինծառայության հետ կապված եղել էր գործ և պետք է ասել, որ համապատասխան որոշումից հետո անհրաժեշտ օրենսդրական շտկումները կատարվել են և ներկայումս այդ հարցն օրակարգից հանված է: