Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ-2017»-ի պաշտոնական բացման արարողությանը
Advertisement 1000 x 90

Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ-2017»-ի պաշտոնական բացման արարողությանը

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է մրցույթի պաշտոնական բացման արարողությանն ու պատասխանել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ինչպես տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, Արծվիկը կարմիր գորգի արարողությանը ներկայացել էր հայ դիզայներ Ֆաինայի մոդելավորած բաց վարդագույնի երանգներով ոսկեգույն հագուստով և իր տեսքով հիացրել ներկաներին: «Արծվիկի կարմիր գորգի զգեստը ստեղծելիս ցանկացել եմ, որ այն շատ տարբերվի բեմական հագուստից, կերպարից, որպեսզի մենք տեսնենք երկու տարբեր Արծվիկ: Ինչպես Ամստերդամի ելույթի համար, այնպես էլ այստեղ հագուստի հիմքում տաբատն է և բավական լայն շրջազգեստը, որը շատ նորաձև է այժմ: Մենք այդկերպ ցանկացել ենք համադրել կանացիությունն ու հարմարավետությունը, որպեսզի Արծվիկն իրեն ինքնավստահ զգա կարմիր գորգի վրա»,- նշում է Ֆաինան:

Արարողության ընթացքում մասնակիցները երկինք բաց թողեցին խորհրդանշական դրոշները. Արծվիկը երկինք ուղարկեց հայկական եռագույնը:

Միջոցառման ընթացքում «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցները միմյանց ճանաչելու, շփվելու և կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունեցան:

Արծվիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային հայտնի լրատվամիջոցների` այդ թվում BBC ONE, BBC Radio, ORF, RTL, RAI, UA: PBC և այլն:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: