«Հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ ազգս այսօր նման մեծ տոն ունի նշելու». Վլադիմիր Արզումանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ ազգս այսօր նման մեծ տոն ունի նշելու». Վլադիմիր Արզումանյան. life.panorama.am

25 տարի առաջ այս օրը` մայիսի 8-ին, մեր խրոխտ զինվորներն ազատագրեցին հրաշք Շուշին: Մայիսի 8-ը ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ նշանավորված է` որպես բեկումնային օր: Այս օրը սկսվել է «Հարսանիք լեռներում» օպերացիան, որը փոխեց ոչ միայն ղարաբաղյան պատերազմի ընթացքն, այլև հայերի ճակատագիրը. Այդուհետ մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք կանգուն ենք մեռ լեռների պես:

Տոնական օրվա շրջանակներում Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Վլադիմիր Արզումանյանն, ով այժմ ծառայության մեջ է: Երիտասարդ երգիչը հպարտությամբ նշեց` արդեն 10-ը ամիս է ծառայում է Հայոց բանակում:

«Հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ ազգս այսօր նման մեծ տոն ունի նշելու, և սա ասում եմ թե որպես արցախցի, թե որպես Հայոց բանակի զինվոր: Անպատմելի զգացողություն է գիտակցել այսօրվա տոնի խորհուրդն ու ծառայել հաղթանակած բանակում»,- նշեց Վլադիմիրը:

Թեև արցախցի զինվորը Շուշիի ազատագրումից տարիներ անց է ծնվել, սակայն այս օրվա հետ կապված իր հիշողություններն ունի.

«Շատ բաներ չեմ հիշում, սակայն շատ տպավորված է, որ ամեն տարի մայիսի 9-ին մենք ընտանիքով միշտ գնում էինք դիտելու ռազմական շքերթը: Այդ օրը ներկա էին լինում բոլոր արցախցիները, հիշում եմ, թե ինչ հպարտություն էի զգում, որ տեսնում էի այդ ամենը»,- պատմեց Վլադիմիրը:

Վլադիմիր Արզումանյանը ծառայում է Ստեփանակերտի «Ասպետ» համույթում.

«Կարծում եմ` յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է ծառայություն անցնի, քանի որ այն շատ կարևոր կյանքի դասեր է տալիս. այդ երկու տարին ամբողջովին փոխում է կյանքդ»,- հավելեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ բացի կյանքի նոր որակներից, ծառայության ընթացքում ձեռք ես բերում նաև լավ ընկերներ.

«Մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ձեռք եմ բերել լավ ընկերներ: Փառք Աստծո, այսօր ունեմ հզոր ընկերներ կողքիս, և հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեր ընկությունը նաև ծառայության ավարտից հետո»,- ընդգծեց նա:

Թեև մեր զինվորները գիտակցում են ծառայության կարևորությունն ու հպարտությունը, բայց նաև երբեմն կարոտի հաղթահարումը ամենադժվարն է թվում.

«Կարոտում եմ բոլորին, ինձ հարազատ մարդկանց, կարոտը շատ մեծ է… միևնույն ժամանակ` հասկանում եմ, որ պետք է այս դժվարությունները հաղթահարել, քանի որ մեր գործի առաքելությունը շատ ավելի մեծ է, քան յուրաքանչյուր բան»,- ավարտեց զինվորը:

Ի դեպ` Վլադիմիր Արզումանյանը պլանավորում է ծառայությունն ավարտելուց հետո շարունակել ուսումը Կոնսերվատորիայի «Ժողովրդական վոկալի» բաժինը, քանի որ այստեղ ընդունվելուց հետո նա գնաց ծառայելու:

 



Նման նյութեր