«Այնքան շատ հիվանդ կա, որ նրանց տեղավորել չի լինում». Արաբկիր ԲԿ-ից արձագանքում են Լիանա Զուրաբյանի բողոքին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Այնքան շատ հիվանդ կա, որ նրանց տեղավորել չի լինում». Արաբկիր ԲԿ-ից արձագանքում են Լիանա Զուրաբյանի բողոքին. life.panorama.am

Life.panorama.am-ը ներկայացրել է ասմունքող Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ` ութ ամսական որդու նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ: Դեպքի առիթով հակառակ կողմի մեկնաբանությունը ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Արաբկիր բժշկական կենտրոնի փոխտնօրեն Իննա Արիկյանի հետ:

Նա նշել է, որ տեղյակ չէ Լիանա Զուրաբյանի որդու խնդրին և այդ օրվա միջադեպին, ու միայն երկուշաբթի կարող է ճշտել մանրամասները: Մեր նկատառմանը, որ այսօր աշխատանքային օր է, նա նշեց, որ Արաբկիր ԲԿ-ն այսօր աշխատում է շաբաթ օրվա ռեժիմով, իսկ երկուշաբթին աշխատանքային կլինի:

Խոսելով Լիանա Զուրաբյանի առաջ քաշած խնդրի մասին, որի համաձայն տարբեր տեսակ հիվանդություն ունեցող երեխաներին մեկ հիվանդասենյակում են պահում, ինչի արդյունքում ոչ վարակակիր երեխաները կարող են մյուսներից վարակվել, Իննա Արիկյանը նշեց. «Աշխարհում ոչ մի հիվանդանոց, բացի սուր ինֆեկցիայով հիվանդություններից, առանձին սենյակներ չի տրամադրում: Արաբկիր ԲԿ-ն ունի «Էմերջենսի» բաժանմունք, որտեղ 15:00-ից ընդունվում են բոլոր հիվանդ երեխաները: Նրանք, իհարկե, անցնում են որոշակի զննում, և եթե օրինակ կարմրուկով և նման ինֆեկցիոն այլ հիվանդություններով չեն վարակված, որոնք մեկուսացվելու կարիք ունեն, ապա մնացած դեպքերում երեխաները տեղակայվում են հիվանդասենյակներում, որոնք, բնականաբար, մեկ մահճակալով չեն: Այսօր հիվանդանոցներ ընդունվող երեխաների 90 տոկոսը վարակակիր հիվանդություններ ունեն, և նրանց առանձին պառկեցնելն անհնար է»:

Դիտարկմանը, թե մնացած 10 տոկոս երեխաները, ովքեր նման հիվանդություններ չունեն, բայց մյուսների հետ բուժօգնություն ստանալու դեպքում կարող են վարակվել, և այս դեպքում չկա՞ գոնե մեկ առանձին հիվանդասենյակ նրանց տեղակայելու համար, փոխտնօրենը պատասխանեց. «Նրանք հիվանդանոցի ընդունարանում էլ կարող են վարակվել: Ուղղակիորեն ոչ մի հիվանդանոց առանձին մեկուսարան չունի նման դեպքերի համար»:

Հարցին, թե այս պատճառաբանությունն արդյոք, ըստ փոխտնօրենի, ամենաճիշտ տարբերակն է, ընդգծեց. «Այսօրվա մեր բոլոր հիվանդանոցների պայմանները գրեթե նմանատիպ են: Դժվար է ասել, որ այդ տարբերակը շատ աննորմալ է, որովհետև Ձեր ասած տարբերակը հնարավոր չէ կազմակերպել: Մեր հիվանդանոցում տարեկան բազում երեխաներ են բուժվում ու առողջացած դուրս գրվում, եթե նրանք բոլորն էլ մի խնդրից բացի մյուս խնդրով հեռանային մեր մոտից, ապա Արաբկիր ԲԿ-ում հիվանդ չէր լինի, իսկ այսօր մեր հիվանդանոցը խնդիր ունի տեղերի հետ կապված, որովհետև այնքան շատ հիվանդ կա, որ նրանց տեղավորել չի լինում»: