Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Ընդհանրապես հուշարձանների մեծ մասը գտնվում է հյուսիսային թևում` նախկին Աղահեջք (հետագայում` Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում: Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան գետի ավազանում` Քաշունիք գավառում: Ըստ 7-րդ դարի «Աշխարհացույցի» տվյալների՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր: Միջնադարում գավառը բաժանվել է արևելյան ու արևմտյան մասերի՝ արևելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արևմտյանը՝ Աճեն կամ Աճան:
13-րդ դարից Քաշունիքը կոչվել է նաև Բարկուշատ: Նույն անունով տարածքում նաև բերդ է եղել: 18-րդ դարի կեսերից հիշյալ տարածքները հայաթափ եղան` ընկնելով մահմեդական ցեղերի տիրապետության տակ, իսկ խորհրդային տարիներին փոխվեցին տեղանունները, տարածքում առաջացավ Ղուբաթլուի շրջանը՝ համանուն կենտրոնով: Վերջերս ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրության բաժնի վարիչ Սլավա Սարգսյանի և ԱրՊՀ դասախոս, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ այցելեցինք Որոտանի աջափնյա Երկաթավորք (Դամրչիլար) գյուղ, որտեղ պահպանվել են մահմեդական 2 դամբարան (ըստ Ղևոնդ Ալիշանի՝ դրանք 14-15-րդ դարերի են) և 17-18-րդ դարերի միաթռիչք քարակերտ կամարակապ կամուրջ, որն ունի 9 մետրից ավելի երկարություն, իսկ լայնությունը 3,10 մետր է: Ունի արաբատառ արձանագրություն: Գյուղից արևմուտք բարձր բլուրներ են, որոնցից մեկի վրա հնամենի բերդ կա: Ըստ տեղեկությունների՝ այս տարածքում է գտնվում Պահու բերդը: Որոտանի վտակ Քաշունի գետի ձախ ափով շարժվում ենք առաջ և վերջապես հասնում բերդը պահող բարձունքի ստորոտ: Բարձրանում ենք վեր ու կանգնում բերդի պարիսպների տակ: Պարզվում է, որ սա ուրիշ բերդ է. Պահու բերդն աշտարակներ ունի, իսկ այստեղ դրանք բացակայում են. եղածներն էլ ցածր են՝ ի տարբերություն Պահու բերդի:
Պարիսպները, որ գտնվում են արևելյան կողմում, ունեն 2,5 մետր հաստություն, բարձրությունը տարբեր է, կառուցված են մշակված քարով, պահպանվել է մոտ 250 մետր երկարությամբ, իհարկե՝ տեղ-տեղ փլված: Հյուսիսարևմտյան կողմում ժամանակին խանդակներ են փորել, արևմտյան մասում բարձրաբերձ ժայռեր են, իսկ հարավային մասում բլուրը թեքությամբ իջնում է ցած ու հասնում Քաշունի գետին: Ընդհանուր առմամբ՝ բուն բերդն ունի 250 մետրից ավելի երկարություն, իսկ միջին լայնությունը կազմում է մոտ 30 մետր: Մուտքը հարավ-արևելքից է: Մի կողմում պահպանվել են աշտարակի քանդված պատերը, իսկ մյուս կողմում մի շինության պատեր՝ մոտ 80 քմ մակերեսով. երևի պահապանների զորանոցն է եղել:
Նման 10 շինություններ տարածքում պահպանվել են տարբեր չափերով, կիսաքանդ: Բերդը պահող բլուրը պատված է սալաքարերով, ինչպես Վանքասարը, որի վրա է գտնվում Տիգրանակերտի ամրոցը: Այս բլուրն էլ է նման Վանքասարին: Նմանություն կա նաև, որ այստեղ էլ, ինչպես Տիգրանակերտում, տեղի սալաքարերն են կտրել ու օգտագործել որպես շինաքար: Պահպանվել են միջնադարի վարպետների գործիքների հետքերը. տեղ-տեղ կտրված քարերը մնացել են, որոշ քարեր էլ, որոնք ունեն 1 մետրից ավելի երկարություն ու լայնություն, չեն տեղափոխվել: Անցնելով Քաշունի գետը՝ բարձրանում ենք վեր ու հայտնվում մի հարթության վրա:
Պարզվում է, որ դամբարանադաշտ է: Կարելի է ենթադրել, որ շատ վաղուց են այստեղ բնակվել մեր նախնիները, որ տարածքում մեծ բնակավայրեր են եղել, և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար բերդեր են կառուցել: Առայժմ հաստատ հնարավոր չէ ասել, թե ինչ անուն է ունեցել մեր ուսումնասիրած ամրոցը, սակայն ժամանակագիրների աղբյուրները ուսումնասիրելով կարելի է ճշտել:
Մենք գնում ենք գտնելու Պահու բերդը, որի մասին իր «Հայ մշակույթի հուշարձանները շրջաններում» գրքում/Երևան 1999թ./ նշել է Սամվել Կարապետյանը: Օրեր անց նորից ենք գալիս Երկաթավորք: Մինչև այստեղ հասնելը՝ Խնձորեսկ գյուղի մոտից թեքվում ենք ձախ և ցեխապատ ու ոլոր-մոլոր ճանապարհով հասնում Վանոցա/Ջիւիմլի/ կոչվող գյուղատեղին, որտեղ պահպանվել են մի ընդարձակ գերեզմանատեղի և 14-15-րդ դարերի երկու մուսուլմանական/ըստ որոշ աղբյուրների՝ թուրքմենական զորավարների/ դամբարանատներ: Մեկը յոթանկյուն կառույց է՝ սրածայր վեղարով, իսկ մյուսը՝ քառանկյուն: Ունի բոլորաձև թմբուկ և ավելի շատ եկեղեցու է նման թե՛ դրսից, թե՛ ներսից: Չնայած արձանագիր չեն, սակայն երևում է, որ հայ վարպետներ են կառուցել դրանք. քանդակներում խաչեր ու վարդյակներ կան, իսկ հորինվածքով նման են 14-16-րդ դարերի հայկական հուշարձաններին:
Երկաթավորքից արդեն մեզ ծանոթ ճանապարհով հասնում ենք մի ավերակ գյուղ, որտեղ ամռանը Կապանից եկած 2-3 ընտանիք անասուններ են պահում: Մի տարեց մարդ տեղեկացնում է, որ ինքը գիտի մեր նշած բերդի տեղը և սիրով ուղեկցում է: Հասնում ենք Քաշունի գետին և անցնում ծանծաղուտով: Հնում այստեղ քարակերտ կամուրջ է եղել, որով հայոց զինվորներն անցել ու բարձրացել են դեպի մեզ համար առայժմ անհայտ ամրոցը:
Պահպանվել են կամրջի հենասյուները: Գետի մյուս ափին առաջին հայացքից թվում է՝ հենց այդպես մեծ-մեծ քարեր կան, սակայն երևում է, որ այստեղ ավելի վաղ կիկլոպյան ամրոց ու բնակատեղի է եղել: Այստեղից հեռու չէ մեր նպատակակետը: Մեր ուղեկցորդը ցույց է տալիս այն բլուրը, որի վրա է երկրորդ ամրոցը, արդեն աշտարակներով, ավելի փոքր տարածքի վրա: Ըստ Սամվել Կարապետյանի՝ այս ամրոցը Պահու բերդն է, որը հավանաբար եղել է ինչ-որ իշխանի դղյակ: Բերդի մուտքը hարավ-արևելքից է: Երկու աշտարակներ այսօր էլ հպարտորեն հսկում են դեպի ամրոց տանող մուտքը, իսկ ներսում շինություններ են՝ հավանաբար զորանոցներ, որտեղ հայ զինվորներն են բնակվել և պաշտպանել դղյակի ու տարածքի անդորրը:
Այստեղից երևում է նաև մեր նկարագրած առաջին ամրոցի արևմտյան կողմը, որն ամբողջությամբ ժայռեղեն է: Պահու բերդն էլ թեքություն ունի: Ավելի վերևում շատ են շինությունները և քանդվածների հետքերը, տեղ-տեղ պահպանվել են պատերը: Հիմնականում բնական ժայռերն են պարիսպների դեր կատարել, սակայն թույլ մասերում պատեր են շարված: Բլրի վերևում՝ հյուսիսային կողմում, մի կլորավուն տարածք է պահպանվել: Հավանաբար այս մասում է եղել բերդի տիրոջ պալատը: Պահպանված պատերն ու դիրքն այդ են հուշում: Այժմ ծառեր են աճել հողով լցված տների տեղում: Մինչև ընկերներս չափումներ էին կատարում, փորձում եմ ներքև իջնել արևմտյան պատով: Գտնում եմ հեշտ ճանապարհը: Երևում է՝ այստեղով էլ են ժամանակին մուտք ու ելք արել: Ներքևում մոտ 10 մետր բարձրությամբ պատ է շարված՝ կիպ լանջի հետ: Քիչ հեռու եղել է մուտք, որը հսկվել է. կա աշտարակի նման շինություն:
Նույն կողմում է հոսում գետակը, որի ափին հնամենի մի գյուղ կա՝ Հարթեքը/հիշատակվում է 13-րդ դարից/, ուղղաձիգ ժայռի տակ: Հավանաբար ժամանակին այս գյուղն էլ է պատկանել բերդին, և երևի ժամանակին այստեղից է բերդը ջուր վերցրել, և դրա համար է գաղտնի մուտքը: Պտտվում եմ բերդի 4 կողմով՝ ժայռեր ու պարիսպներ, ծառեր ու մացառներ: Ժամանակի ընթացքում ժայռաբեկորներ են պոկվել լանջերից ու գլորվել ներքև: Մի պահ պատկերացնում եմ, որ նույն ժայռաբեկորների հետևում են պատսպարվել բերդը պաշարածները՝ պաշտպանվելով վերևից արձակված նետերից: Ոչ միայն այս, այլև տարածքի բոլոր պատմական հուշարձաններն այսօր լուրջ ուսումնասիրման և պահպանման կարիք ունեն: Միայն կատարվող պեղումները և սրտացավ ուսումնասիրությունը կտան յուրաքանչյուր հնավայրի մասին ճշգրիտ տեղեկություններ:
Զոհրաբ Ըռքոյան