Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը անդրադարձել է թուրքական ոստիկանության կողմից մայիսի 7-ին «Բելգե» հրատարակչատան վրա իրականացված հարձակմանը: Այս մասին Փայլանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Բելգե» հրատարակչատունը գրի է առել Թուրքիայի հանցանքների պատմությունը… Գոնե առգրավված գրքերը կարդացեք»,- նշել է Փայլանը:
Թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա: Շուրջ 40 տարի ընդդիմադիր հրատարակչությամբ զբաղվող «Բելգե» հրատարակչատանը ոստիկանությունն առգրավվել է երկու հազար գիրք: Թեպետ ոստիկանական աշխատակիցները հայտնել են, որ «Պետություն չունեցող քրդեր» և «Մահվանից ավելի դժվար որոշումներ» գրքերը հավաքելու որոշում ունեն, սակայն առգրավվել են այլ գրքեր ևս: Հրատարակչատան աշխատակից Մեհմեթ Ալի Վարըշը ձերբակալվել է, ապա ավելի ուշ ազատ արձակվել:
«Բելգե» հրատարակչատունը հայտնի է Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի տպագրությամբ: Դրա հիմնադիր Զարաքոլուն բազմիցս այցելել է Հայաստան, նա դատապարտել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ կոչ անելով թուրքական պետությանը ևս առերեսվել իրականությանը: Ներկայում Զարաքոլուն իբրև վտարանդի բնակվում է Եվրոպայում: