Արմեն Ջիգարխանյանի անունը վաղուց արդեն լայն դերասանական ունակությունների տեր մարդու չափանիշ է դարձել: Եթե ուզում են ասել, որ դերասանն ամենակարող ու տաղանդավոր է, ասում են` Արմեն Ջիգարխանյանի թափն ունի: Նա կարող է և՛ թատրոնում, և՛ կինոյում ամեն ինչ խաղալ, նույն հավաստիությամբ արիական ու անհաղթ հերոսների և անուղղելի չարագործների է մարմնավորում: Նա 200-ից ավելի դերեր է ստեղծել և խոստովանում է, որ ոչ մի դերի` նույնիսկ ամենաթույլի ու անցողիկի համար չի ամաչում: «Յուրաքանչյուր դեր քեզ ինչ-որ բան է սովորեցնում»,- ասում է նա ու նշում, որ իր ընդգծված արտաքինի ու առոգանության շնորհիվ կինոյում ու թատրոնում ավելի շատ հրեաների դերեր է կատարել, քան, ասենք, ռուսների կամ կովկասցիների: «Դերասանի համար ազգություն, սեռ և էլի շատ ընդունված հասկացողություններ չկան, կա, կներեք պաթետիկ խոսքերի համար, ավելի աստվածային ինչ-որ բան: Այդ աստվածայինը հասկանալ, պատմել, զգալ, դրանով անհանգստանալ է պետք, մնացածն արդեն տեխնիկայի հարց է: Դերասանն ազգություն խաղալու իրավունք չունի, նա պետք է ճակատագիր խաղա»,- ասում է Արմեն Ջիգարխանյանը, ով այս տարվա հոկտեմբերի 3-ին տոնեց իր 72-ամյա տարեդարձը:
Դերասանական տեխնիկային տիրապետելուց բացի, բեմ դուրս եկող յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա փոխազդել հանդիսատեսի վրա, վարակել հանդիսատեսին իր հերոսի ճակատագրով: Դա յուրահատուկ հիպնոս է, որին հանդիսատեսն ինքնակամ ենթարկվում է` դերասանից լիցքեր ստանալու համար: «Երբ դուրս ես գալիս բեմից, բեմի վրա պետք է մնան քո նյարդերի մասնիկները»,- ասում է Արմեն Ջիգարխանյանը:
Հիպնոտիկ մարդ է Արմեն Ջիգարխանյանը, որտեղ էլ որ նա լինի, բոլորը ենթարկվում են նրա հմայիչ ու իմաստուն կերպարներին: Յուրաքանչյուր հերոսի նա օժտում է իր մագնետիկ անձի հատկանիշներով:
«Ես արտիստների կոչումներն ընդհանրապես կվերացնեի: Եթե ես հանկարծ բեմ դուրս գամ ու չկարողանամ Համլետ կամ Օթելլո լինել, այլ միայն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ լինեմ, սարսափելի կլինի: Մեր մասնագիտության մեջ ամեն ինչ շատ պարզ երևում է: Կոչումներ պետք չեն: Ես շատ լավ ընկեր ունեի, որին կորցրեցի այն պահին, երբ «ժողովրդական արտիստ» դարձա: Նա չներեց ինձ, որ ես «ժողովրդական» եմ, իսկ ինքը` ոչ: Ուզում էի նույնիսկ ասել. «Վերցրու իմ կոչումը», և Դանկոյի նման սիրտս հանեի կրծքիցս: Համոզված եմ, որ յուրաքանչյուր դերասան բեմում իր երազանքներն ու ցավն է խաղում: 50 տարվա ընթացքում բեմում ես հազարավոր կին, քույր ու ծառա եմ ունեցել: Ինքս ինձ բեմում շատ եմ հավանել: Երբ Ներոն եմ խաղացել, համոզված եմ եղել, որ աշխարհի ամենասեքսապիլ տղամարդն եմ: Նույնիսկ կարմիր վարտիքով էի բեմ դուրս գալիս, քանի որ այդ դերում ինձ շատ էի դուր գալիս»,- պատմում է Արմեն Ջիգարխանյանը: Նա համոզվել է, որ այլևս երազած դերեր չունի, բոլորը խաղացել է. «Ինձ թվում է, որ ես իսկապես բոլոր դերերը խաղացել եմ: Երբ, օրինակ, խաղում էի «Անորսալի վրիժառուները» ֆիլմում, ինձ թվում էր, որ Լիր արքա եմ խաղում, քանի որ այդ պահին ես Լիր արքայի ցավն ու պրոբլեմներն էի ապրում: Այնպես որ, ես իմ Համլետը խաղացել եմ, սակայն բոլորովին այլ դերերով»:
Անցյալ տարի Արմեն Ջիգարխանյանը Երևան էր այցելել Ռոբերտ Քոչարյանի հրավերով: «Որպեսզի չմոռանամ, որ հայ եմ»,- կատակով ասաց նա Երևանում գտնվելու ժամանակ: Արմեն Ջիգարխանյանը հրապարակային տոնական միջոցառումներ չի սիրում, երկար ժամանակ խուսափել է իր հոբելյանների անցկացումից, քանի որ չի ընդունում ձևական, պաթոսային նախաձեռնությունները: Բայց հիմա, երբ նա, ըստ Դանթե Ալիգիերիի` «բարեպաշտ մարդու» տարիքի է հասել, կարող է իրեն թույլ տալ մի քիչ առաջ նայել և սթափ տեսնել, որ ըստ Դանթեի` առջևում «միայն անապատ է»: Ա. Ջիգարխանյանն, արդեն մի քանի տարի է, բեմ դուրս չի գալիս՝ ասելով. «Ավելի լավ է` մի քանի տարի շուտ հեռանալ բեմից, քանի մի օր ուշ»: Խոստովանում է, որ մեկ-մեկ կարոտում է բեմը, բայց խաղալ շարունակելը սխալ է համարում. «Չեմ ուզում, որ ինձ վրա ներողամտությամբ նայեն: Մեր բոլոր սխալները ծնվում են այն ժամանակ, երբ մենք կորցնում ենք ժամանակի ու տարածության տիրապետումը: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք դեֆորմացիայի ենք ենթարկվում, կարևոր է հիշել, որ դա բնական երևույթ է»:
Իր տարիքին նա փորձում է հանգիստ նայել. «Մեզ մեր ցանկություններն են հարստացնում, այլ ոչ թե այն, ինչին տիրում ենք»:
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում աշխատելուց հետո, Արմեն Բորիսովիչը Մոսկվա տեղափոխվեց և այնտեղ՝ Մայակովսկու անվան թատրոնում իր դերերի ամենահարուստ պաշարը ստեղծեց: Հետո աշխատեց հայտնի «Լենկոմում»: Այսօր Արմեն Ջիգարխանյանի ցանկությունների ու սպասելիքների մեծ մասը կապված են իր ղեկավարած թատրոնի հետ, որն արդեն տասը տարեկան է. «Թատրոնը դաժան հիմնարկություն է: Թատրոնը ո՛չ սրբավայր է, ո՛չ էլ հարազատ տուն կամ ընտանիք: Թատրոնը բնության մոդել է, որտեղ փոխհարաբերությունները կառուցվում են մարդկանց արժանիքների ու արատների հիման վրա: Թատրոնում, ինչպես և բնության մեջ, միշտ հաղթում է ուժեղագույնը, այստեղ էլ «բնական ընտրություն» գոյություն ունի: Ո՞վ ում է ուտելու, ո՞վ է ավելի ուժեղ. այդ բոլորը կա թատրոնում: Եվ դրանում է թատրոնի արժանիքը: Թատրոնը մի տեղ է, որտեղ քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում: Մարդը` թատրոն գալով, ներքուստ փոփոխությունների է ենթարկվում: Եվ նա գալիս է թատրոն այն ժամանակ, երբ պրոբլեմներ է ունենում: Նա գալիս է «Օթելլո» նայելու, որպեսզի հասկանա` այսօր նա Օթելլո՞ է, թե՞ ոչ, կարո՞ղ է արդյոք մարդ խեղդել: Թատրոնում բոլորս իրար սիրում ենք, «ուզում» ենք կամ նախանձում ենք իրար: Թատրոնին ամենամեծ վնասը հասցնում է նախանձը: Նախանձը կարող է և՛ առաջ տանել, և՛ ետ մղել: Ինչպես ասում էր իմ ուսուցիչ Արմեն Գուլակյանը` «թատրոնում ամեն ինչ ընդունելի է»: Բացի, թերևս, հարբեցողությունից: Ասում եք՝ թատրոնը մեռնո՞ւմ է: Կպատասխանեմ` փառք Աստծո, որ վատ թատրոնը մեռնում է: Թատրոնն ինքը պետք է փոփոխվելու պատրաստ լինի: Կամ էլ թող մեռնի»:
Արմեն Ջիգարխանյանն ինքն իրեն «ծաղրածու» է անվանում, սակայն նա ավելի շուտ ուրախ և իմաստուն փիլիսոփա է: «Մեկ-մեկ խելոք մտքեր ասում եմ, բայց ես փիլիսոփա չեմ: Ես սովորական ծաղրածու եմ: Մարդը երբեք չպիտի կորցնի զարմանալու ունակությունը: Երեխաներն ու կենդանիներն ինձ ավելի շատ են ուրախացնում ու զարմացնում, քան յուրաքանչյուր փիլիսոփայի ամենափայլուն միտքը: Ամենից շատ վախենում եմ կորցնել զարմանալու կարողությունը»,- ասում է Արմեն Ջիգարխանյանը: Եվ միայն իրեն հատուկ ժպիտով ավելացնում է. «Կան բաներ, որոնք մինչև վերջ գաղտնազերծել չի կարելի: Այլապես կկորցնես հետաքրքրությունը: Ինքդ քո հանդեպ: Իսկ դա սարսափելի է»:
Նունե Հախվերդյան
«3 Միլիոն»
1 Հոկտեմբեր, 2007