Հայերը գոլֆը համեմատում են խաշի հետ
Երբ Ուինստոն Չերչիլին հարցրել են, թե հատկապես ինչո՞ւ է նախընտրում գոլֆը, նա պատասխանել է. «Դա խաղ է, որը խաղալիս փորձում ես հատուկ գործիքների միջոցով մի փոքրիկ գնդակ մի փոքր անցքի մեջ նետել: Ընդ որում, այդ գործիքներն ամենաանհարմարն են դրա համար»: Գոլֆի հայրենիքն է համարվում է Շոտլանդիան, իսկ գոլֆի հիմնադիր համարվում է շոտլանդացի մի հովիվ, ով ափամերձ ավազաբլուրներում շրջելիս անգործությունից փայտով հարվածել է մի կլորիկ քարի, որը գլորվելով ընկել է նապաստակի բնի մեջ: Հետո նրան են միացել նաև ընկերները, որոնց դուր էր եկել հովվի հայտնաբերած նոր զվարճանքը: Հետագայում քարերը վերափոխվեցին գուտապերչե գնդակների, նապաստակի բները` գնդափոսիկների, իսկ փայտին փոխարինեց մականը: Գոլֆի հայրենիք՝ շոտլանդական փոքրիկ Սենտ Էնդրյուս քաղաքը, անվանակոչվել է քաղաքի հովանավոր սրբ. Էնդրյուսի պատվին: Իսկ այն կիսաքանդ տաճարում, որը կառուցվել է վեց դար առաջ, որտեղ և թաղված է նա, ապակենախշ նկարներից մեկի վրա մականը ձեռքին մարդ է պատկերված: Ըստ պաշտոնական տվյալների, սակայն, գոլֆը սկիզբ է առել միայն 1457 թվականին, քանի որ այդ ժամանակ է եղել առաջին գրավոր հիշատակումը գոլֆի մասին: Հենց այդ ժամանակ էլ Ջեյմս թագավորն արգելել է գոլֆ խաղալ, քանի որ նրա զինվորները խաղի պատճառով աչքաթող էին արել իրենց ամենօրյա զորավարժանքները: Սակայն շատ երկրներ, ինչպես` Ֆրանսիան, Անգլիան, վիճարկում են այն փաստը, թե գոլֆն առաջացել է Շոտլանդիայում և ոչ թե՝ իրենց երկրում, իսկ հոլանդացիներն ընդհանրապես այս խաղը համարում են իրենցը, քանի որ իրենց լեզվով «կոլֆ» նշանակում է՝ «մական»: Այնուամենայնիվ, հենց շոտլանդացիներն էին, որ խաղի մեջ փոփոխություններ մտցրեցին, և խաղի նպատակը դարձավ գնդակի նետումը գնդափոսիկների մեջ, ինչն էլ խաղի հիմնական նպատակն է: Գոլֆի համար հատուկ, մի քանի հարյուր մետրանոց հարթ հրապարակ է պատրաստվում: Հրապարակը բաղկացած է մեկնատեղից (Տի), որտեղից տրվում է խաղի մեկնարկը, հիմնական հրապարակից (Ֆերվեյ) և հատուկ հրապարակից (Գրին), որտեղ էլ և գնդափոսն է: Բոլոր այս հատվածները միմյանցից տարբերվում են խոտի բարձրությամբ և արգելքների առկայությամբ: Արգելքները կարող են լինել ավազային թակարդներ (բունկեր), ջրային պատնեշ, թփուտ, ծաղիկներ կամ բարձր խոտ: Եթե գոլֆիստը հարվածում է ուղիղ և ճիշտ, ապա գնդակը Տիից ընկնում է Ֆերվեյ, իսկ այնուհետև՝ Գրին, որտեղ իդեալական մշակված խոտ է: Իսկ Գրինից գնդակը կարող է առանց խոչընդոտների ընկնել փոսի մեջ:
Հայաստանում գոլֆի հանդեպ հետաքրքրություն եղել է նույնիսկ Խորհրդային տարիներին, սակայն խաղալ հնարավոր եղավ միայն Հայաստանում «Վահագնի» թաղամասում գոլֆ ակումբի ստեղծումից հետո: Մեկ տարուց ավելի է, որ գործում է Հայաստանի Գոլֆի ֆեդերացիան, իսկ այս տարի առաջին անգամ կազմակերպվեց մրցաշար և «Jack Daniel՚s» գավաթի խաղարկությունը:
Ըստ Գոլֆի ակումբի անդամ, մրցաշարի մասնակից և հայ թիմի լավագույն խաղացող Արմեն Այվազյանի, այս խաղը բավականին հոգեհարազատ է նաև հայ մարդուն և մեր մենթալիտետին, քանի որ հայերն աշխատասեր են, համբերատար և խելացի: Առանց այս հատկանիշների հնարավոր չէ սիրել և խաղալ գոլֆ: Իսկ ընդհանուր առմամբ, այս խաղն ազգություն չի ճանաչում և կյանքի յուրօրինակ փիլիսոփայություն է: Ֆեդերացիայի նախագահ Եգոր Մելիքյանի հավաստմամբ, ակումբն արդեն ունի հիսունից ավելի համախոհներ, սակայն ինը հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ կա, որի անդամներն ամենատարբեր մասնագիտությունների մարդիկ են` բանկերի նախագահներ, բժիշկներ, ոսկերիչներ և այլք: Ակումբում, սակայն, դեռևս իբրև խաղացողներ առաջատարներ են Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների արտասահմանցի աշխատակիցները: Մրցաշարի արտասահմանյան մասնակից Ֆիլիպ Գեյլն ասում է, որ իրեն գրավել է խաղի ազատությունը. «Ազատությունն է ինձ այս խաղում գրավել, տարածության և ժամանակի ազատությունը։ Նայել Արարատին, ես ազատ եմ, քայլել, խաղալ, ինչը շատ լավ է: Հավանում եմ այս խաղը, քանի որ այն բավականին աշխույժ է»: Ինչպես և ենթադրվում էր՝ մրցույթում հաղթողներ ճանաչվեցին արտասահմանյան հյուրերը և դեսպանատան աշխատակիցները, սակայն «Jack Daniel՚s» գավաթի տասը լավագույն խաղացողների ցուցակում կան նաև երկու հայեր:
Ակումբի հայ անդամները համոզված են, որ հետագա սերունդներն ավելի լավ արդյունքներ ցույց կտան գոլֆի ասպարեզում և կհասնեն մեծ հաջողությունների: «Միգուցե արտառոց սպորտաձև է, սակայն ուրախ եմ, որ այն մուտք է գործել Հայաստան և նոր թափ է առնում: Այս անգամ իմ արդյունքներն ինձ չեն գոհացնում, բայց, վերջիվերջո, այն հայերիս համար նոր երևույթ է՝ ի տարբերություն Արևմուտքի, որտեղ փոքր հասակից են սկսում մարզվել: Սա շոտլանդական անասնապահներից եկող խաղ է, ինչպես մեզ մոտ, խաշը սկզբում աղքատների համար նախատեսված կերակուր է եղել, որը հետագայում փոխվել է, այնպես էլ՝ գոլֆը հիմա արքայական խաղ է համարվում»,- ասում է բժիշկ Սևակ Ավագյանը, ով արդեն մեկ տարի է՝ ֆեդերացիայում է և ակումբի կապիտանն է:
Գոլֆը մի ամբողջ մշակույթ է, որն ունի շատ ավանդույթներ և լեգենդներ: Այն սպորտ է և հանգստի ձև, մտածելակերպ և կենսաձև: Սպորտաձև, որում ներգրավված են եղել հայտնի մարդիկ` Ուինստոն Չերչիլը, Մարկ Տվենը, Բիլ Գեյթսը, Բիլ Քլինթոնը, Քլինտ Իստվուդը, Սիլվեստր Ստալոնեն, Քեթրին Զետա-Ջոնսը: Առաջին գոլֆիստուհի է համարվում Շոտլանդիայի թագուհի Մարիա Ստյուարտը, իսկ այժմ ամենահայտնի և ուժեղ կին խաղացող է համարվում Միշել Վին: Հայկական մրցաշարում ևս կային, ինչպես արտասահմանցի գոլֆիստուհիներ, այնպես էլ հայեր, ովքեր պատրաստվում են մասնակցել նաև միջազգային մրցույթների: Աննա Մելիքյանը գոլֆով սկսել է հետաքրքրվել այն ժամանակ, երբ հայրը փորձում էր Հայաստանում գոլֆ ակումբ հիմնադրել. «Արդեն մեկ տարի է` խաղում եմ, չնայած այնքան էլ լավ չէ: Գոլֆն այն բնագավառն է, որտեղ հնարավոր չէ միանգամից սովորել, տարիների աշխատանքի և մարզումների արդյունքում ես դառնում պրոֆեսիոնալ: Ես առաջին իսկ հարվածից հասկացա, որ ինձ դա հետաքրքրում է, որովհետև այս խաղն իր բնույթով աշխույժ խաղ է: Ես գոլֆին բավականին լուրջ եմ մոտենում, և եթե կարողանամ հասնել այն արդյունքին, ինչին ձգտում եմ, ապա կմասնակցեմ նաև միջազգային մրցույթների»,- ասում է ապագա տնտեսագետ Աննան, ով մրցաշարում արժանացավ «Ամենաերիտասարդ մասնակից» կոչմանը: «Ամենաերկար» անվանակարգում հաղթող ճանաչվեց պրն Դուգլասը, Սյու Ջին Գեյլը պարգևատրվեց լավ խաղ ցուցադրելու համար:
Անի Հարոյան
«3 Միլիոն»