Հայոց ցեղասպանության տարիներին նրանք փրկել էին 8000 հայ որբերի և տվել նրանց սեր
Advertisement 1000 x 90

Հայոց ցեղասպանության տարիներին նրանք փրկել էին 8000 հայ որբերի և տվել նրանց սեր

«Asbarez» պարբերականը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիներին 8000 հայ որբի փրկած շվեդ ընտանիքի պատմությունը: Հարրի Պողոսյանը, ում տատիկն ու պապիկը նույնպես անցել են Ցեղասպանության տարիների դժոխքի միջով, գրում է.

«Ինձ բախտ էր վիճակվել ընկերանալ նշանավոր մի կնոջ՝ Էլիբեթ Քուենզլեր Մարշալի հետ: Նա ծնվել է 1917 թվականին Թուրքիայի Ուրֆա քաղաքում: Նա բժիշկ Ջեյքոբ Քուենզլերի դուստրն է: Բժիշկ Քուենզլերը ինձ հիշեցնում է Օսկար Շինդլերին, ով Հոլոքոստի ժամանակ փրկեց համարյա 1200 հրեաների:

Նա ամեն ինչ արել է Հայոց ցեղասպանության ժամանակ 8000 հայ որբերին փրկելու համար Ուրֆայի, Մարդինի, Դիարբեքիրի, Հարփութի, Արաբկիրի, Մալաթիայի շրջաններում: Նա շվեդ բժիշկ էր, ով հեղինակել է «Արյան և արցունքների հողում» գիրքը, որը Թուրքիայում իրականացրած նրա բժշկական 23-ամյա (1899-1922 թթ.) գործունեության ժամանակագրությունն է:

Նա աշխատում էր Ուրֆայի շվեդական հիվանդանոցում: Ուրֆայում բնակվում էին հայ քրիստոնյա մարդիկ: Նա օգնում էր հիվանդներին և վիրավորներին, ինչպես նաև որբերին. նրան բնութագրող մի արտահայտություն կա՝ բժիշկ առանց սահմանների»,- գրել է հեղինակը:

Հարրի Պողոսյանը պատմում է, թե երբ բժիշկն ու իր կինը՝ Էլիզաբեթը, տեղափոխում էին որբերին Թուրքիայից Լիբանան և Սիրիա, բժիշկ Քուենզլերն ասել էր, որ դա նրանց համար մեծ ուրախություն է, նրանց կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկը:

«Իմ տատիկը՝ Սանդուխտը, այդ ժամանակ նույնպես որբ էր: Նա 10 տարեկան էր և կորցրել էր ընտանիքը Ցեղասպանության ժամանակ: Շատ հնարավոր է, որ նա հենց այն որբերից էր, ում փրկել էր բժիշկ Ջեյքոբը: Ես հանդիպեցի բժշկի դստերը՝ Էլիբեթին, և նրա թոռանը` Սան Դիեգոյի հայկական եկեղեցում: 2010 թվականն էր. դուստրն ինձ հրավիրեց իր տուն: Այնքան հետաքրքիր էին այդ պատմությունները  նրա հոր մասին:

Նա հիշեց, որ 2 տարեկան էր, երբ խաղում էր որբերի հետ իր հայրիկի միսիոներական որբանոցում: Նրանք եղբայրների և քույրերի նման էին: Նա բժշկի կրտսեր զավակն էր, ընտանիքն ուներ մեկ որդի և չորս դուստր, ինչպես նաև մի որդեգրված դուստր, ով հայ էր: Անունը Ռոզան էր, ում որդեգրել էին նախքան տիկին Էլիբեթի ծնվելը:

Նա պատմեց, որ տնային աշխատողը հայուհի է եղել: Մի անգամ եկեղեցում երեխաներին ներկայացնում էին մարդկանց, թե նրանցից որ մեկին կցանկանան որդեգրել, բոլորին վերցրել էին բացի մեկից՝ կեղտոտ, ոջլոտ, անառողջ աչքերով մի աղջնակից: Նա միայն մի վերնաշապիկ էր կրում, և աշխատակցուհին խնդրել էր, որ նրան վերցնեն, որովհետև հակառակ դեպքում նա միայնակ կհայտնվի դրսում: Նրան որդեգրեցին, մաքրեցին, և նա դարձավ տիկին Էլիբեթի ավագ քույրը՝ Ռոզան»:

Բժշկի դուստրը պատմել է, թե ինչպես են ծնողները կազմակերպել և տեղափոխել 8000 հայ որբերին, ինչպես են հոգացել, որ երեխաներից յուրաքանչյուրն այդ դժվարին ճանապարհին ունենա հագուստ և սնունդ:

«Նրանք պետք է շատ անցակետերով անցնեին, իսկ քրդերը փորձում էին նրանց կանգնեցնել: Բժիշկն ուներ բոլոր 8000 որբերի անունները, մեկ առ մեկ հաշվում էր նրանց: Իսկ բժշկի կինը ամեն օր ավելի վաղ էր հասնում նախատեսված ապաստարաններ, որպեսզի անհրաժեշտ սնունդ պատրաստի նախքան երեխաների հասնելը: Նա ամեն օր` մինչև Լիբանանի սահման հասնելը, այդպես էր անում:  Լիբանանում նրանք գտան մի հին մենաստան, որը և վերածեցին որբանոցի: Նրանք հոգ էին տանում որբերի մասին, եթե երեխաները վատառողջ էին: Նրանց տանում էին իրենց տուն, խնամում, ապա նորից տեղափոխում որբանոց, որը նրանց դպրոցն էր, քանի որ այնտեղ նրանք սովորում էին գրել և կարդալ»:

Բժիշկն ու կինը երեխաներին սովորեցրել էին տարբեր արհեստներ՝ տնային տնտեսություն, ասեղնագործություն, խոհարարություն, կոշկակարություն, գորգագործություն, քանի որ գիտեին՝ նրանք որբանոցում ընդմիշտ չէին մնալու:

«Քանի որ երեխաները շատ խելացի էին, նաև տաղանդավոր գորգագործներ, միսիոներների ընտանիքը որոշում է հիմնել գորգերի գործարան: Ամերիկյան կազմակերպություններից մեկը շուտով ֆինանսավորում է որբանոցը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում մի շարք ծրագրերի իրագործումը: Բժիշկն ու կինը նաև հարսանիքներ էին կազմակերպում, ամուսնացնում էին երեխաներին»:

Հեղինակը ներկայացնում է իր և տիկին Էլիբեթի վերջին հանդիպումները և զրույցները, որոնք այնքան շատ են նրան տպավորել.

«Էլիբեթը հրաշալի կին էր, նա սիրում էր այգեգործություն, լող, գլուխկոտրուկներ: Նրան շատ էին դուր գալիս վարդերը, որոնք ամեն ամիս բերում էի: Մի օր ինձ առաջարկեց թեյել իր հետ, մենք նշեցինք նրա 95-ամյակը, պատրաստեցինք տորթ, նվերներ մատուցեցինք: Մենք նստած լսում էինք նրա պատմությունները հոր առաքելության մասին, պատմություններ, որոնք երբեք չէինք ապրել կյանքում: Երբ բժիշկը մահացավ 1949 թվականին Լիբանանում, նա հայտնի դարձավ որպես հայ որբերի հայր:

Նա հրաշալի մարդ էր, ով տալիս էր մյուսին՝ դրա դիմաց ոչինչ չակնկալելով: Թուրքիայում 20 տարի ապրել էր հայերի հետ և ականատես էր եղել, թե ինչպես են վերաբերվում նրանց. հայ տղամարդիկ, կանայք և երեխաները ենթարկվում էին անասելի տանջանքների, նրանք տարհանվում էին տներից, կոտորվում, խոշտանգվում՝ առանց նույնիսկ գիտակցելու սեփական մեղքը: Նրանց մեջ իմ տատիկն ու պապիկն էին: Բժիշկը վտանգել է կյանքն ու փրկել հազարավոր վիրավորների, հիվանդների, երեխաների, տվել նրանց սեր, մարդկանց,  ովքեր անչափ շատ էին տանջվել: Նա առաջ տարավ Աստծո աշխատանքը ու երբեք չփորձեց մարդկանց փոխել: Նա թույլ տվեց նրանց մնալ այնպիսին, ինչպիսին կան: Երբեք չեմ մոռանա նրա գործած հրաշքներն ու լավ գործերը: Նա մեկն էր միլիոնավոր մարդկանց մեջ»:

2017 թվականի ապրիլի 16-ին՝ Սուրբ Զատկի օրը, Էլիբեթի դուստրը՝ Փոլին, զանգահարեց Հարրիին և հայտնեց մոր մահվան լուրը:

«Նախքան այդ դեպքը ես նրան մի քանի անգամ այցելել էի: Վերջին անգամ մի քանի րոպե զրուցեցինք, հետո ես շոյեցի նրա ձեռքը, նա վերցրեց իմ ձեռքերը, համբուրեց սկզբում աջս, հետո ձախս: Նա երկար ժամանակ բաց չէր թողնում ձեռքերս: Հանդիպման ավարտին ես խոստացա, որ կրկին կհանդիպենք: Սա հատուկ պահ էր մեզ համար, քանի որ գիտեինք. այլևս շատ հանդիպումների հնարավորություն չենք ունենա: Հնարավոր չէ մոռանալ նրա աննախադեպ պատմությունը, որը կապրի մեր սրտերում հավերժ»: