Գյումրիում հայ և թուրք երաժիշտներն ելույթ ունեցան համատեղ ծրագրով
Advertisement 1000 x 90

Գյումրիում հայ և թուրք երաժիշտներն ելույթ ունեցան համատեղ ծրագրով

Գյումրու ազգային գեղագիտական կենտրոնում մայիսի 10-ին համատեղ համերգային ծրագրով ելույթ ունեցան հայ և թուրք երաժիշտները: Նիդա Աթեշը և Սուրեն Ասատրյանը միասին նախ հնչեցրին «Դլե յամանը», ապա նաև անատոլիական, Էրզրումի թուրքական և հայկական մեղեդիներ: Համերգին նրանց միացել էին Էմրե Այը (Թուրքիա) և Գևորգ Խաչատրյանը (Հայաստան):

Ստամբուլում ծնված և մեծացած Նիդա Աթեշը սովորել է Իզմիրում: Այժմ բնակվում է Բուրսայում: Թուրք երաժիշտն անկեղծանում է՝ հոր շնորհիվ մանկուց երաժշտության մեջ է եղել ու արդեն 25 տարի է պրոֆեսիոնալ երաժշտությամբ է զբաղվում: Երաժշտության հիմնական ուղղությունը Անատոլիայի ազգային մեղեդիներն են, երաժշտական հիմնական գործիքը Թուրքիայում հայտնի բաղլաման է՝ հայկական սազը, որն իր ակորդային համակարգով անատոլիական երաժշտության հիմնական գործիքն է:

«Լեզվական դժվարություն չունենք: Նախ՝ Սուրեն Ասատրյանը ավելի քան 20 տարի պարբերաբար Թուրքիա գալիս է և լավ տիրապետում է թուրքերենին, բայց, նույնիսկ եթե չտիրապետեր, մենք միմյանց շատ լավ կհասկանայինք՝ երաժշտության լեզվով ենք խոսում: Երբ նստում ենք միմյանց հետ, առանց մի բառ իսկ ասելու մենք նվագում ենք միասին, քանի որ երաժշտության նույն աղբյուրից ենք սնվում, և սա լավ շփման լեզու է մեզ համար: Երաժշտությունը ազատություն է, որը բոլորը հասկանում են»,- նշեց Նիդա Աթեշը:

Նիդա Աթեշի և Սուրեն Ասատրյանի համագործակցությունը նոր չէ, նրանք արդեն 5 համատեղ համերգ են մի ունեցել Ստամբուլում: «Դուդուկի և սազի համանվագով շատ գեղեցիկ ժողովրդական մեղեդիներ են ստացվում, որոնք ժողովուրդը սիրում է: Երաժշտությանը լեզուն հասկանալի է բոլորին»,-  ասաց Սուրեն Ասատրյանը :

Համերգը Եվրամիության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում կազմակերպել էին Անադոլու Քյուլթուրը /Anadolu Kultur/ և Նիլուֆերի քաղաքապետարանը: Մայիսի 11-ին երաժիշտները ելույթ կունենան նաև Երևանի «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում (ՆՓԱԿ):