Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։
Եվ այսպես, պատմում է Գագիկ Ավշառյանը:
Շուշիի ռազմագործողությանը գնում էինք ինչպես հարսանիքի: Մենք համոզված էինք, որ Շուշիի ազատագրմամբ վերջանալու էր էս ամեն ինչը: Սովորական, քաղաքի տղաներ էինք, շատերին էլ, որ Բաքվից կամ Սումգայիթից էին եկել, չէինք էլ ճանաչում: Ոչ մեկս զինվորական չէր, ուսադիր կրող չկար, բայց մեր ինքնակազմակերպվածությանը աշխարհի լավագույն բանակները կարող էին նախանձել:
Պարապմունքներ էինք անցկացնում: Գնում էինք Նորագյուղի բարձունքը գրավելու փորձ անում, կրակում, որպեսզի և միասին գործել սովորենք, և արկի պայթյունին, տանկի դղդրդոցին ընտելանանք, որպեսզի ֆիզիկական վիճակներս լավ պահենք: Մեր զորամասում, որը Խոջալույում էր տեղակայված, մի տեսամագնիտոֆոն կար: Ապրիլ ամսից մինչև մայիս «Մուսա լեռան քառասուն օրը» ֆիլմը, հանգստի ժամերին, որ սուտ չլինի, մի տաս անգամ նայել ենք: Հիմա, երբ արդեն մասնագիտական տերմիններով մեկնաբանենք, պիտի ասենք, որ մեր բարոյահոգեբանական վիճակն ենք բերել հասցրել գագաթնակետին, որ ֆիզկական վիճակներս ենք կարգի բերել և այսպես շարունակ: Բայց այն ժամանակ այդ ամենն արել ենք ինքնաբերաբար, առանց որևէ խորհրդի կամ ցուցումի:
Շուշիի ռազմագործողությունից առաջ մի խոզ մորթեցինք: Բոլորս, ում անունը կար ցուցակում, հավաքվեցինք ու մի լավ քեֆ արեցինք: Մայիսի 7-ի երեկոյան էր: Արդեն գիշերվա ժամը 2-ին շարժվեցինք դեպի Շուշի: Ես իմ տանկով ճանապարհով էի բարձրանում, Մխոն` Մխիթարը, զույգ եղբայրս, Դաշուշենից էր գալիս: Մինչև մենք կբարձրանայինք, Մխոն ձախից` Դաշուշենից, ոչնչացրեց մեզ վրա աշխատող չորս թե հինգ հրանոթները: Հետևակը, որ չորրորդ վաշտի երկրորդ դասակն էր՝ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ, գնում էր, հետևից` տեխնիկան: Ասֆալտով բարձրացանք այնքան, մինչև որ դեմ առանք ճանապարհը փակած քարակույտերի: Առջևում երեք հեռուստաաշտարակներն էին, պիտի դրանց տակ հավաքվեինք: Չկարողացանք քարակույտն անցնել, կանգ առանք: Մեր տանկն էր ու երկու ՀՄՄ: Այդ ժամանակ ճանապարի շրջադարձերից թշնամու մի տանկ դուրս եկավ: Կրակեցինք ու, թեկուզ մեր արկերը հակատանկային չէին, տանկը վնասվեց և հռնդալով հեռացավ: Հետագա մարտի ընթացքում այդ տանկին այլևս չանդիպեցինք: Այդ ընթացքում մի հատ էլ ԲՏՌ եկավ: Կրակեցինք` վարդի նման բացվեց-վառվեց: Միջի մարդիկ օդը թռան` պատառ-պատառ լինելով: Նույն պահին մի ՀՀՄ էլ մեր ջոկատի Միշիկը նռնականետով ոչնչացրեց: Իրավիճակը մենք էինք վերահսկում ու մեր տրամադրությունն ու ոգին սահմաններ չէին ճանաչում: Մարտը թեժ էր, բայց ամեն ինչ ավելի քան հաջող էր գնում: Մեր տեխնիկան չէր կարողանում առաջ գնալ: Առջևը փակ էր քարերով, աջից ձորն էր, ձախից` սարը: Մեզնից 100-150մ ներքև սալաքարեր կային: Թեկուզ ասում են, որ տանկը 30 աստիճանից բարձր չի բարձրանում, բայց այնտեղով, որտեղով մենք բարձրացանք, հաստատ մի 40 աստիճան կար: Եկանք հասանք երեք աշտարակների մոտ, ճիշտ մեր խփած ԲՏՌ-ի մոտ: Արդեն հետևակն էլ էր հասել այդտեղ: Դա մեր ուժերի հանդիպման պայմանական վայրն էր: Այդ տեղանքում նույնպես մարտեր եղան: Մեր վաշտի հարամանատար Գագիկ Սարգսյանը վիրավորվել էր, նրան հանեցին ու հրամանատարությունն իր վրա վեցրեց Սամվել Կարապետյանը:
Ու այդտեղից սկսեցինք առաջ գնալ: Հետևակի հետ շղթա կազմած դեպի բերդաքաղաքն էինք բարձրանում: Այդտեղ մեր դեմ մի ՀՄՄ ելավ: Մենք իրեն էինք կրակում, ինքը` մեզ: Դե, մայիս էր, ծառերը քիչ-քիչ կանաչել, տեսադաշտը փակել էին: Հետո էլի մի տանկ եկավ: Մենք չէինք էլ նկատել: Մեր հետևից եկող ՀՄՄ-ի անձնակազմը` Մարտիկ ՀԱյրապետյանն էր նկատել, մեզ ասել: Բայց այդ ժամանակ լուր եղավ, թե մեր տանկը մտել է Շուշի ու, ամենայն հավանականությամբ, դա հենց մեր տանկն է, որ կա: Չէ որ Սամվել Բաբայանի խումբը գնացել էր` Շուշիի հետևի կողմից բերդաքաղաքը մտնելու:
Մի հատ ԲՌԴՄ էլ հայտնվեց, խփեցինք` մնաց ձորից կախված: Այնուհետև Շտապ օգնության մեքենա ու մեկ այլ ՀՄՄ էլ նույն ճակատագրին արժանացան: Բայց տանկին ոչ կրակում էինք, ոչ էլ զգուշանում նրանից: Կարծում էինք՝ մերոնք են: Մարտը վերջացած, վճռված էր թվում: Արդեն տեղանքն էինք մաքրում:
Կողքից արդեն նկատել էին, որ այդ տանկը թշնամու տանկն է, մեզ սկսեցին զգուշացնել այդ մասին: Հրամանատարական խցիկից նայեցի ու տեսա տանկը մի 300մ վրա կանգնած: Ճիշտ է, կարծում էինք մերն է, բայց թնդանոթը դեպի մեզ էր արել: Ուշադիր նայեցի ու տեսա, որ B սերիայի տանկ է, իսկ մեր զինանոցում տանկերը միայն A սերիայի էին: Շահենին ասացի` կրակիր, Շահեն, մերը չի: Շահենը կրակեց: Նույն վայրկյանին թուրքի տանկն էլ կրակեց: Մենք նրա աջ կողքին կպանք, պայթյուն եղավ, բայց, դե, բեկորային արկ էր, ինչ պիտի աներ: Իրենց կրակոցը մեր տանկի մեխանիկի տեսասարքին կպավ: Աշոտն ասաց` տեսադաշտս մթնեց, բան չեմ տեսնում: Երկրորդ կրակոցն արդեն թեպետ ծխի ամպի մեջ էր եղել, բայց կպավ Շահենի նշանոցին: Արդեն Շահենի տեսադաշտն էլ էր փակ: Շահենին ասացի` դուրս արի, ես ու Աշոտը տեսնենք ինչ ենք անում: Աշոտն էլ թե` տանկը քշում եմ նրանց վրա, ձորը գցեմ: Առջևում ընդամենը 300մ էր: Որոշեցի, որ բոլորս էլ պիտի դուրս գանք, որովհետև երրորդ կրակոցից հետո արդեն ոչ մեկս ողջ չի մնալու: Էլ չեմ ասում, որ մեր տանկն արդեն վառվում էր, մենք էլ ծխի մեջ կորել էինք: Իրար դեմ դիմաց էինք, ես աջ կողմում էի, Շահենը` ձախ, Աշոտն էլ՝ ներքևում: Ես շրջվեցի, որ խցիկից դուրս նայեմ, տեղանքում կողմնորոշվեմ, ուղղություն տամ, տանկը հետ քշենք, շրջադարձն անցնենք ու կանգնենք: Ճիշտ է, էդ տանկից բացի մեզ վրա գնդացիր էլ էր աշխատում, բայց, դե, ուրիշ ելք չկար: Այդ վայրկյանին թնդաց երրորդ կրակոցը: Կրակոցի ալիքն ինձ օդ բարձրացրեց ու ես ընկա` անգիտակից, վիրավոր ու այրված: Երբ աչքերս բացեցի` տեսա Աշոտին, որ դուրս էր գալիս տանկից: Մենք չգիտեինք, որ Շահենը մնացել է տանկի ներսում: Չէ որ ես դուրս գալու հրաման էի տվել: Հետո հասկացանք, որ երրորդ կրակոցը Շահենին տեղնուտեղը խոցել էր: Տանկից արդեն կրակ էր բարձրանում:
Աշոտին տեսնելով` փորձեցի վեր կենալ, ընդառաջ գնալ նրան: Բայց այդ պահին գնդացիրը սկսեց աշխատել: Աշոտն ընկավ գնդացրի կրակից: Մարտիկը վզիցս բռնեց, գցեց գետնին: Էս տանկը մի երկու արկ էլ կրակեց, թողեց-գնաց: Այդ ընթացքում մեր տանկի աշտարակն արդեն մի կողմ էր ընկել: Աշոտը մնացել էր մեր տանկի հետևում, մի 30մ վրա: Տղաներն ինչքան ուզում էին մոտենալ հանել, էն տանկից չէին թողնում: Հետո արդեն ուղաթիռը եկավ: Այդտեղ նորից Աշոտին գնդակ դիպավ: Ուղաթիռից թաքնվելու հնար էլ չունեի, ոչ քայլել էի կարող, ոչ էլ սողալ: Կողքս մի ստվարաթուղթ կար, պառկած տեղս քաշեցի դեմքիս, մնացի:
Կեսօրն անցել էր, ժամը 1:30: Մարտը դադարեց: Այս ու այնտեղ դեռևս կրակոցներ էին հնչում, բայց դա արդեն մարտ չէր: Իջանք քաղաք:
Հաջորդ օրը եկա, որ բարձրանամ Շուշի, չկարողացա: Տանկի կողքից չկարողացա քայլ անել: Այդպես մի շաբաթ շարունակ, գալիս էի, մնում տանկիս մոտ շվար-կանգնած:
Մեր տղաները Աշոտի հուղարկավորությանն էին մասնակցում, Ստեփանակերտում էր, իսկ ես գնացի Շահենի թաղմանը` Խաչմաչ գյուղ:
Եկեք չփորձեմ նկարագրել իմ ապրումները, միևնույն է, չեմ կարողանա: Աշխարհի ոչ մի լեզվում չկան համապատասխան բառեր: Միայն գիտեմ, որ փակվել էի տանը, ոչ մեկին չէի ուզում տեսնել: Նույնիսկ Շուշիի ազատագրման բերկրանքը չկարողացա վայելել: Մինչև հիմա ականջիս հնչում է Ուրալի ձայնը, որ տագնապով բոլորիս մարտի էր կոչում: Առանց իմ տղաների ահավոր դժվար էր նորից մտնել պատերազմի հորձանուտ: Բայց, դե, ինչ պիտի անեի, ինչ կարող էի…
Նորից պատերազմ մտա, նոր անձնակազմով ու նոր տանկով: Երբ հետ եմ նայում, աչքերիս առջև հառնում է զինվորականի մի ողջ կյանք` լի հաղթանակներով ու դառնություններով: Անսփոփ կարոտ ու չսպիացող վերք կա իմ անցյալում։ Բայց, գիտեք, զարմանալին այն է, որ այնտեղ նաև ուրախության պատառիկներ կան: Կան անմոռանալի, երջանիկ պահեր, որոնք ապրեցնում են մեզ: Երբ նստում ենք սեղանի շուրջն ու հիշում պատերազմը, կողմնակի մեկը կարող է մեզ խելագարի տեղ դնել, ասել, թե մենք ինչպես ենք կարողանում ծիծաղով հիշել պատերազմը: Բայց, դե, ինչ անենք, լացե՞նք:
Օտարը չի հասկանա մեզ: Մեր ժողովուրդն ուրիշ է: Հիմա, երբ աշխարհի որևէ կետում մի փոքր պատերազմ է լինում, մեկ էլ տեսար` մարդիկ հավաքված գնում են: Թե ու՞ր են գնում, ինչի՞ են գնում, չես հասկանում: Իսկ մեզ մո՞տ: Ամիսներով ռմբակոծում էին քաղաքը: Մարդիկ ամաչում էին գնալ նկուղում քնել: Ցերեկը գնում էին, բայց գիշերը բարձրանում էին իրենց տեղաշորում պառկում-քնում: Էս ժողովուրդը ո՞նց կարա պարտվի:
Չէ, մենք պետք է ապրենք, պետք է ուրախ ու հպարտ ապրենք, հային վայել կյանքով ապրենք:
Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ