Նոր հեռուստանախագիծ՝ «Նոր ալիքի» եթերում
«Անհաջողակները». այսպես են անվանել «Նոր ալիքով» օրերս մեկնարկած իրենց հեղինակային-հումորային հեռուստանախագիծը Երևանի պետական կամերային թատրոնի դերասաններ, գովազդային հոլովակներում հաճախ նկարահանվող Անդոն (Անդրանիկ Հարությունյան) և Ռաֆոն (Ռաֆիկ Երանոսյան): Արդեն խոսակցություններ կան, որ «Անհաջողակները» 1-2 ամիս անց կտեղափոխվի Հ1-ի եթեր: «Անհաջողակներ» անունը ոչ մի կապ չունի ֆրանսիական համանուն հանրահայտ ֆիլմի հետ, իր ձևաչափով այն ավելի շուտ ռուսական «Մասկի շոուի» հայկական տարբերակն է: Ասել է թե՝ համր կինոյի օրենքներով նկարահանված սերիալներ են հանձնվելու առանց տարիքային սահմանափակումների հեռուստադիտողի դատին: Շաբաթը մեկ անգամ, 15-20 րոպեների ընթացքում «անհաջողակներ» Անդոն ու Ռաֆոն կփորձեն առանց խոսքի, դերասանական վարպետության և դիմախաղի օգնությամբ ներկայացնել ձախողված ելքով ու ծիծաղաշարժ տեսարաններով անհավանական արկածներ: Անդրանիկ Հարությունյանը չի խուսափում այն մտքից, որ հեռուստանախագիծը «Մասկի շոուի» նմանօրինակն է, սակայն խոստանում է, որ այն աչքի կընկնի հայկական կոլորիտով ու հայերին առանձնահատուկ անհաջողությունների շարքով: Նաև նշում է, որ «Վերվարածների» նման հեռուստանախագիծը հաստատ չի դառնա ընդմիշտ շարունակական, ինչպիսին նաև «Սանտա Բարբարան» էր: «Ուզում ենք, որ համը մնա հեռուստադիտողի բերանում»,- նկատում է Ռաֆոն:
«Գյուղացի անհաջողակ Ռաֆոն ցանկանում է դառնալ օդաչու, Անդոն` օլիգարխ: «Անհաջողակները» երկու երիտասարդների մասին է, որոնց մոտ ոչինչ չի ստացվում: Նրանք ինչ անում են, հակառակ արդյունքն է լինում: Մի խոսքով, նրանք այդպես էլ իրենց երազանքին չեն հասնում»,- պատմում են մտահղացման հեղինակները և մեջբերում դրվագ «Անհաջողակներից». «Երկու գյուղացի տղաները երբ քաղաքում մտնում են հագուստի սրահ, վաճառողները նրանց գարշահոտությունից ուշագնաց են լինում: Հուսով ենք, որ մոտ 15 րոպե մարդիկ կկտրվեն առօրյա հոգսերից և կվայելեն կապույտ հեռուստաէկրանից տրվող հումորը»: Իսկ այն հարցին, թե չամուսնացած տղաները մտավախություն չունե՞ն, որ իրենց վրա պիտակ կմնա «անհաջողակ» անունը, տղաները պատասխանեցին. «Ոչ»: Ռաֆոն էլ անկեղծանալով պատմեց, որ իրականում «անհաջողակներ» որակումը նախապատմություն ունի, քանի որ, երբ սկսել են հեռուստաասպարեզում համագործակցել միմյանց հետ, ցանկացած նախաձեռնություն տապալվել է, այդ իսկ պատճառով գանգատվելով սեփական անհաջողություններից, իրենց անվանել են` անհաջողակ երիտասարդներ: Նույնիսկ մի պահ որոշել են, որ հաղորդումը պիտի կոչվի «Անդոյի ու Ռաֆոյի անհավանական արկածները Հայաստանում», հետո մտածել են, որ հաղորդման համար ամենակարճ ու տիպիկ անունն «Անհաջողակներն» է: Առաջին երեք սերիաները Ռաֆոյի մասին են լինելու, ով առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի մոլի սիրահարն է և մանկուց երազել է դառնալ օդաչու, դրա համար ձեռքն ընկած ամենահարմար առարկաներից փորձում է ինքնաթիռ պատրաստել, որպեսզի սավառնի երկնքում: Իսկ երրորդ սերիայից հետո անհաջողակները գյուղից (նկարահանումները կատարվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում) գալիս են քաղաք ու իրենց գյուղական հանդերձանքով հայտնվում վաղուց երազած ստրիպտիզ ակումբում: Թե ինչ զարգացումներ կունենա նրանց «վայրէջքը» քաղաքային միջավայրում, կպարզվի «Անհաջողակների» հետագա սերիաներում: «Այսօր բոլորի կյանքում անհաջողություններն անպակաս են, և հեռուստադիտողների մոտ պատահած զավեշտալի պատմությունները նույնպես կարող են բեմադրվել «Անհաջողակների» ստեղծագործական խմբի կողմից»,- խոստանում են իրենց մասնագիտական ասպարեզում լուրջ հաջողությունների ձգտող Անդոն (նա հեռուստադիտողներին հայտնի է նաև «Կարգին հաղորդումից») և Ռաֆոն:
Նաիրա Մարտիրոսյան
«3 Միլիոն»