Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց իսպանական «Սելտայի» հետ, իսկ ֆրանսիական «Լիոնը» հաղթեց հոլանդական «Այաքսին»:
«Կարմիր սատանաներին» Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար բավարարեց «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում «Սելտայի» հետ ոչ-ոքին:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 77-րդ րոպեին:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա»` 1:1 (առաջին հանդիպումը` 1:0)
Գոլերը` Ֆելաինի (17) – Ռոնկալյա (85)
Հեռացումներ` Բայի (87) – Ռոնկալիա (87)
«Լիոնը» «Ստադ դե Լյումյեր» ստադիոնում կարողացավ ռևանշի հասնել «Այաքսի» նկատմամբ, սակայն երկու խաղերի արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից` եզրափակիչ ուղեգիրը թողնելով հոլանդական ակումբին:
«Լիոն»-«Այաքս»` 3:1 (առաջին հանդիպումը` 1:4)
Գոլերը` Լակազետ (45, 11 մետրանոց, 45+1), Գեզալ (81) – Դոլբերգ (27)
Հեռացում` Վիրգևեր (84)
Այսպիսով, Եվրոպա լիգայի եզրափակչում միմյանց կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Այաքսը»: Հավելենք, որ եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում:
armsport.am